Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի հետ օդային և ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների համար սահմանի բացումը փոքր դրական քայլ է հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, բայց առկա է նաև իմիտացիոն շերտ․ թուրքագետներ

Թուրքիայի հետ օդային և ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների համար սահմանի բացումը փոքր դրական քայլ է հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, բայց առկա է նաև իմիտացիոն շերտ․ թուրքագետներ
Քաղաքականություն / Հայաստան / Տարածաշրջան
21:00, 08 декабрь 2022
Հայաստանի ու  Թուրքիայի միջև ուղիղ չվերթների վերսկսումից հետո այժմ աշխատանքներ են իրականացվում օդային բեռնափոխադրումներ սկսելու ուղղությամբ: Այս մասին գրել է թուրքական իշխանամերձ «Hurrriyet»-ը:

 Կայքը հավելել է, որ բացի դրանից, մասնագետները հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջան  անցակետը բացելու համար տեխնիկական  աշխատանքներ  են իրականացնում: 

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ օդային բեռնափոխադրումներ սկսելու համար իրականացվող աշխատանքներն արդեն ավարտին են մոտեցել, և երկու երկրների միջև օդային բեռնափոխադրումները կսկսվեն մինչև 2022թ-ի ավարտը: 

Հայ-թուրքական կարգավորման գործընթացի մյուսի կարևոր հարցերից է երրորդ երկրների քաղաքացիների  համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու թույլտվության տրամադրումը:

 Սակայն, ըստ աղբյուրի, այդ հարցում կան խնդիրներ: Մասնավորապես՝ հայ-թուրքական սահմանին գտնվող 128 մետր երկարություն ունեցող կամուրջը կարիք ունի վերանորոգման:  

 Թուրքագետ Նելլի Մինասյանը նշեց, որ չնայած հայկական կողմից այս տեղեկության վերաբերյալ որևէ բան չի նշվում, բայց գործընթացը երկկողմ է ընթանում, և սահմանը բացվելու է ոչ միայն օդային բեռնափոխադրումներ իրականացնելու համար, այլ նաև՝ ցամաքային։ Թուրքագետը նշեց, որ սա պետք է դիտարկել տարվա սկզբին մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։
 
Հիշեցնենք, որ հատուկ բանագնացներ Ռուբինյանի և Քըլըչի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, նաև՝ դիվանագիտական անձնագրեր ունեցողների։

Նելլի Մինասյանը հիշեցրեց, որ հենց Ալիջանի սահմանն էր գործում 1991 թվականից հետո, որը գործեց մինչև 1993 թվականը, երբ Թուրքիան Հայաստանի կողմից Քարվաճառը ազատագրելուց հետո այն միակողմանիորեն փակեց։

Բեռնափոխադրումների համար սահմանի բացումը փոքրիկ դրական քայլ համարեց Մինասյանը՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, նշեց նաև, որ առկա է իմիտացիոն շերտ։ «Թուրքական կողմը ճիշտ է ինչ-որ քայլեր է կատարում, կարող ենք ինչ-որ փոքր քայլ համարել, բայց մեծ հաշվով, երբ նայում ենք թուրքական ղեկավարության հռետորաբանությանը՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» հետ, հասկանում ենք, որ այս քայլերը ինչ-որ տեղ իմիտացիոն են՝ հասկացնելու համար Հայաստանին, որ իրենք կարող են ավելի լայն քայլեր անել, եթե Հայաստանն էլ ինչ-որ հարցերի շուրջ, ինչպես իրենք են ասում, ընդառաջ գնա», - ասաց Նելլի Մինասյանը։

 Թուրքագետը հիշեցրեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար թուրքական կողմը, ըստ էության, նախապայման է առաջ քաշում, այն կապելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ։
 
«Կարծում եմ՝ սա իրենց հիմնական պահանջն է, և այնտեղ խոսք չի գնում միայն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին։ Այնտեղ լուրջ խնդիրներ կան, օրինակ, «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը, որոնք Հայաստանի շահերից չեն բխում։ Այս տեսանկյունից, կարծում եմ, որ Թուրքիան, այս պահին չի գնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, համենայն դեպս՝ Թուրքիայի այս իշխանությունը, եթե, իհարկե, ինչ-որ աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի չունենան։ Եթե նույնիսկ հատուկ ռեժիմով մի անցակետ գործի կամ օդային բեռնափոխադրումներ իրականացվեն, դա դեռ դիվանագիտական հարաբերությունների հաստատում չէ։ Դա կարող է տասնամյակներ տևել, բայց այդպես էլ գործը դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը չհասնի կամ կարող է մեկ օրում նորից փակվել», - ասաց Մինասյանը։
 
Թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ նշում է, որ երրորդ երկրի պատճառով Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի փակումը ակնհայտ թշնամական քայլ է, բացի այդ՝  միջազգային նորմերի կոպիտ խախտում։
 
Ըստ Չաքրյանի, սահմանները առաջնահերթ պետք է բացվեն երկու երկրների քաղաքացիների համար, այլ ոչ երրորդ երկրների։ «Եթե իրենք իսկապես անկեղծ են Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հարցում, պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, որից հետո դեսպաններ կնշանակվեն, սահմաններն էլ ինքնըստինքյան կբացվեն», - ասաց Չաքրյանը։
 
Սակայն դրա իրականացումը Չաքրյանը հնարավոր չհամարեց։ Ըստ թուրքագետի, Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ միշտ եղել է թշնամական, այդպես էլ մնացել է։ Որպես օրինակ Չաքրյանը բերեց Թուրքիայի՝ Ղարաբաղի երկրորդ պատերազմում ներգրավվածությունը․ «Ճիշտ է, այդ հնարավորությունը Թուրքիային Պուտինն է տվել, բայց Թուրքիան էլ մասնակցել է չէ՞»։

Այնուամենայնիվ, Չաքրյանը չժխտեց, որ սա որոշակի տեղաշարժ է, բայց լուծումն այն կլինի, որ Թուրքիան հրաժարվի նախապայմաններից, դիվանագիտական հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ և մնացած հարցերը ինքնաբերաբար կլուծվեն։

Թուրքիայում եկող տարվա հունիսին տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Նելլի Մինասյանը դժվարացավ ասել, թե ինչ հնարավորություններ ունի Էրդողանը, չնայած, այս պահի դրությամբ, նրա վարկանիշը համեմատաբար իջել է։

 «Իմ կարծիքով՝ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի պահի իշխանությունն իր ձեռքում  և ինչ-որ սցենարներ է պատրաստում, այդ թվում՝ արտաքին քաղաքական՝ կոնկրետ Սիրիայի հետ կապված, քրդերի հետ կապված։ Չնայած այս պահին Էրդողանի վարկանիշը մի փոքր ընկել է, բայց, կարծում եմ, մի փոքր վաղ է ասել, թե ինչ կլինի։ Մի շատ կարևոր հանգամանք եմ ուզում նշել՝ Միացիալ Նահանգների գործոնը․ երբ Էրդողանի ուժը Ստամբուլում կայացած վերջին ահաբեկչությունը փորձեց բարդել Միացյալ Նահանգների վրա, հակաամերիկյան տրամադրություններ բարձրացան, այն դեպքում, երբ ընդդիմությունը ավելի արևմտամետ է,  և Արևմուտքը ինքն էլ, բնականաբար, ուզում է փոխել Էրդողանին հենց ընտրությունների միջոցով», - ասաց Մինասյանը։

 Ինչպես նշեց թուրքագետը, ընտրություններում հաղթելու համար պայքարում է երեք հիմնական բլոկ՝ Էրդողանի կուսակցությունը, 6 կուսակցությունների դաշինքը՝ քեմալականների գլխավորությամբ, որի մեջ ներառվում է նաև «Լավ կուսակցությունը», նախկին երկու արտգործնախարարներ Դավութօղլուի և Բաբաջանի կուսակցությունները, դեմոկրատական կուսակցությունը։ Սրանք, ի դեպ, համեմատաբար ավելի արևմտամետ կողմնորոշում ունեցող ուժերն են, նաև երրորդ բլոկը՝ ձախերը, քրդական ուժերը, ժողովրդական կուսակցությունը։ 

 Մինասյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Էրդողանը մեսիջներ է հղում, որ ընտրություններում հաղթելու դեպքում որակապես նոր քաղաքականություն է վարելու, որը ենթադրում է, որ հարևան երկրների հետ հարաբերությունները պետք է կարգավորեն՝ Սիրիայի, Եգիպտոսի, Իրաքի, Իսրայելի, Հայաստանի հետ։ «Սա նման է իրենց նախկին «Զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությանը, բայց մի փոքր դժվար է պատկերացնել, որ իրենք կգնան հարաբերությունների կարգավորման։ Կրկին այստեղ պետք է նշեմ, որ  աշխարհաքաղաքական զարգացումները մեծ դեր կունենան։ Մասնավորապես կկարևորեի Ռուսաստան-Արևմուտք առճակատումը։ Իմ կարծիքով՝ ուկրաինական ճգնաժամից շատ մեծ բան կախված կլինի, այդ թվում՝ մեր տարածաշրջանում», - ասաց Նելլի Մինասյանը։
 
Վովա Հակոբյան