Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի որոշ պատգամավորներ գուցե տեռորիստական խմբերի անդամներ են դարձել․ Գագիկ Բաղունցը՝ Մետաքսե Հակոբյանի մասին

Արցախի որոշ պատգամավորներ գուցե տեռորիստական խմբերի անդամներ են դարձել․ Գագիկ Բաղունցը՝ Մետաքսե Հակոբյանի մասին
Քաղաքականություն
18:51, 30 апрель 2021
Արցախի ԱԺ պատգամավոր, «Արդարություն» կուսակցությունից Մետաքսե Հակոբյանը երեկ «Հայելի ակումբում» հարցազրույցի ժամանակ արցախցիների անունից ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտարարություններ արեց՝ մասնավորապես նշելով․ «Փաշինյանը, եթե կյանքի հետ խնդիր ունի, թող գա Արցախ, սիրով սպասում ենք»։ Նա նաև հավելեց, որ «Փաշինյանը Արցախից ֆիզիկապես հետ չի գա»։ 

Civic.am-ը կապ հաստատեց Արցախի ԱԺ փոխնախագահ, «Միասնական հայրենիք» կուսակցության անդամ Գագիկ Բաղունցի հետ՝ ճշտելու ինչպե՞ս են գնահատում իրենց պատգամավորի նմանօրինակ արտահայտությունները, արդյո՞ք Արցախի ԱԺ-ի կողմից դա չի դիտարկվի որպես էթիկայի խախտում։

«Վերջերս մեր որոշ հայրենակիցներ սիրում են ազգի անունից խոսել։ Որոշ  քաղաքացիներ, որոշ պատգամավորներ գուցե տեռորիստական խմբերի անդամներ են դարձել, բայց կասեի՝ համապատասխան անհանդուրժողականություն տիրում է Ղարաբաղում՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ, բայց մենք փորձում ենք ռեալիստորեն մոտենալ»,-արձագանքեց Գագիկ Բաղունցը։ 

Ինչ վերաբերում է էթիկայի հարցին, ըստ Արցախի ԱԺ փոխնախագահի՝ դա պետք է թողնել Մետքասե Հակոբյանի խղճին․ «Եթե նա ճիշտ է համարում նման դիրքորոշումը՝ դա իր իրավունքն է։ Բայց ես քաղաքականության տեսանկյունից չեմ ողջունում նման «ուլտրա» հայրենասիրական խոսակցությունները»։  

Գագիկ Բաղունցից հետաքրքրվեցինք՝ իր նշած անհանդուրժողականությունը միայն որոշ պատգամավորների մոտ է նկատելի, թե՞ նաև Արցախի բնակչության շրջանում։ Ի պատասխան մեր հարցի՝ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ այլ տրամադրություն դժվար է պատկերացնել մի փոքր երկրամասում, որտեղ հազարավոր զոհ ենք ունեցել, և հայրենիքի մեծ մասն ենք կորցրել․ «Դժվար է սպասել բարեհամբույր տրամադրվածություն այն մարդկանց, կամ այն ուժերի նկատմամբ, ովքեր ինչ-որ չափով մեղադրվում են պատերազմի պարտության համար։ Բայց մենք չպետք է տարվենք նման տրամադրություններով, եթե հստակ անհրաժեշտություն կա՝ մի կողմ քաշենք այն ուժերին, որոնք չեն նպաստում այս ազգի ճգնաժամից դուրս գալուն և փորձենք դա անել առողջ ուժերով»։

Նրա խոսքով՝ Արցախի ԱԺ-ում հետևում են ՀՀ-ում իրավիճակի զարգացումներին, թե ինչպես կհանգուցալուծվեն ընտրությունները, քանի որ ըստ նրա՝ Արցախը կախված է ՀՀ-ի ընտրություններից։

Հարցին՝ ի՞նչ սպասելիքներ ունեն Հայաստանի ընտրություններից՝ Բաղունցը ասաց․ «Մենք կսպասենք, որ ՀՀ-ում իշխանության ղեկին լինեն այն ուժերը, որոնք ցանկացած գնով կպահպանեն մեր երկու երկրների պետականությունը, կվերականգնեն այն ինչ ունեինք, այլ ոչ թե զիջումների ճանապարհով կգնան՝ փորձելով ցանկացած գնով պահել իշխանությունը»։

ՀՀ գլխավոր դատախազությունից մեր հարցին, թե ուսումնասիրություն կատարվո՞ւմ է Մետաքսե Հակոբյանի հայտարարությունների առթիվ, խոստացան պատասխանել երկուշաբթի։ 

Նարա Մարտիրոսյան