Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի շտաբի աշխատակիցները ցուցակագրում են պոտենցիալ ընտրողներին՝ խոստումներ տալով․ ինչ է հրահանգել Քոչարյանը

Քոչարյանի շտաբի աշխատակիցները ցուցակագրում են պոտենցիալ ընտրողներին՝ խոստումներ տալով․ ինչ է հրահանգել Քոչարյանը
Քաղաքականություն
20:30, 24 май 2021
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին օրերին բավական ակտիվ նախընտրական հանդիպումների մեջ է։ Մեզ հասած տեղեկություններով՝
Քոչարյանը հրահանգել է ակտիվացնել հատկապես մարզային գրասենյակները, նոր գրասենյակներ բացել, ավելացնել պաստառները, որոնք, հատկապես մարզերում, քաղաքացիները,  փակցվելուց անմիջապես հետո պատռում են, «արյունով» են ներկում։
 
Բացի դա, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածն ավելի կարճ է, քարոզարշավը տևելու է
ընդամենը 12 օր Քոչարյանը հրահանգել է սկսել ցուցակագրման, ձայներ հավաքելու գործընթացը, որի շուրջ այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում հատկապես Երևանում և Գյումրիում։ Քոչարյանի շտաբի աշխատակիցները ցուցակագրում են իրենց
պոտենցիալ ընտրողներին, հանդիպում նրանց հետ, լրացուցիչ երաշխիքներ են ստանում։ Մեզ հասած և մամուլում շրջանառվող տեղեկությունների
համաձայն Քոչարյանի շտաբը յուրաքանչյուր ձայնի համար մինչև 50 հազար դրամ գումար է առաջարկում, որը ընտրողները կարող են վերցնել միայն ընտրությունից հետո։
 
 Ի դեպ, մեր տեղեկություններով Քոչարյանի Գյումրիի մարզային շտաբի աշխատանքները համակարգում է Շիրակի նախկին մարզպետ, Ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանը, որը մշտապես լավ հարաբերությունների մեջ է եղել Ռոբերտ Քոչարյանի հետ։
 
 
 Կոնկրետ Գյումրի քաղաքի պատասխանատուն Հովհաննես Ասոյանն է, որը նախկին ԲՀԿ-ական է, նախորդ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ՕՐՕ դաշինքի Գյումրիի պատասխանատուն էր։
 
 Ռոբերտ Քոչարյանի համար Գյումրիում ձայներ ապահովել խոստացել է նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Վերջինս, սակայն, այս օրերին շատ պասիվ է։ Չի այցելում այս պահին Քոչարյանի համար Գյումրիում բացված երկու շտաբերից և ոչ մեկը։
 
 Ղուկասյանն այսօր մեզ հետ զրույցում չհերքեց, որ Քոչարյանի կողմնակից է, բայց շտաբային աշխատանքներում ներգրավված լինելու տեղեկությունները հեքիաթներ որակեց՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։
 
 Վարդան Ղուկասյանի պասիվությունը, թերևս, իր բացատրությունն ունի։ Նրա ու Աշոտ Գիզիրյանի հարաբերությունները վաղուց են լարված։ Դեռևս 2012-ին, երբ Գիզիրյանին նշանակեցին Շիրակի մարզպետ, խոսվում էր, որ նա հատուկ է մարզ գործուղվել Վարդան Ղուկասյանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելու համար։ Եվ այդպես էլ եղավ՝ Գիզիրյանի մարզպետ նշանակվելուց հետո Գյումրիի քաղաքապետի ընտրություններում Գյումրին 13 տարի ղեկավարծ Ղուկասյանն այլևս չառաջադրվեց , և ՀՀԿ-ն սատարեց Սամվել Բալասանյանին։
 
 Աշոտ Գիզիրյանն այսօր մեր հարցերին չպատասխանեց։ Նրա օգնականն ասաց, որ Գիզիրյանը «պրոցեդուրաների է»։ Մինչև երեկո Գիզիրյանն այդպես էլ չավարտեց իր «պրոցեդուրաները»։ Երեկոյան, մեր հերթական զանգից հետո, կրկին նույն պատասխանը ստացանք։
 
Արփի Հարությունյան