Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանյան ձեզ հայտնի ընդդիմադիր շրջանակները տարածել են ադրբեջանցիների տարածած տեսանյութերը, իսկ մեր զինվորների մասնակցությամբ տեսանյութերը բոյկոտել են․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

«Հաշվի առնելով, թե սահմանային վերջին օրերի սրացումները  ինչպես և ինչ կոնտեքստով են անընդհատ շահարկվում հայկական մեդիա տիրույթում, հատկապես ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից, հաշվի առնելով, թե ինչպես են որոշ տեսանյութեր, որոնցում մեր զինվորները ոչ այնքան շահեկան վիճակում են գտնվում, փորձում օգտագործվել որպես ինչ-որ քաղաքական ուժի գովազդի մաս։ Մի շատ կոնկրետ հարց եմ ուզում տալ Ձեզ, պարոն վարչապետ, արդյոք, Դուք տեսնո՞ւմ եք հավանականություն, որ վերջին օրերի սահմանային սրացումները Ադրբեջանի Հանրապետությունը խաղարկում է հայաստանյան ընդդիմադիր որոշ շերտերի հետ»,- այդ մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնակատարին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս իրադարձությունները, երբ որ ծագեցին, ինքը Անվտանգության խորհրդի նիստում և կառավարության նիստում հայտարարություն արեց, ասելով որ ժամանակակից աշխարհում հակամարտությունները և ռազմական բնույթի հակադրություններն ունեն պարտադիր կոմպոնենտ, դա տեղեկատվական պայքարն է։

Նա նշեց, որ ինքն ասել է, որ չի վախենա ձևակերպումից, որ այո՛, Ադրբեջանը Հայաստանում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ։ 

«Ես իհարկե չգիտեի, որ այդ տեղեկանքի բովանդակությունը պիտի հրապարակեմ, հույս ունեմ որ տեղեկանքը ճշգրիտ է արտահայտում իրականությունը։ Բովանդակությունը հետևյալն էր, որ հայաստանյան ձեզ հայտնի ընդդիմադիր շրջանակները, այդ շրջանակներին պատկանող օգտատերերը լայնորեն տարածել են սահմանային միջադեպերի այն տեսանյութերը, որոնք տարածել են ադրբեջանական շրջանակների կողմից և եղել են նաև տեսանյութեր, որտեղ նույն կերպ Հայաստանի ԶՈւ ներկայացուցիչներն են ոչ հրազենային գործադրմամբ, ձեռնամարտով հետ մղել ադրբեջանցի զինծառայողներին և այդ նույն շրջանակները այդ տեսանյութերը չեն տարածել։ Այսինքն՝ բոյկոտել են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև նա ասաց, որ հետո այդ մարդիկ հայտնի իրադարձությունների ժամանակ ասում էին՝ մենք բանակի կողքին ենք։ 

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հարց է բարձրացնում, թե այդ ո՞նց է որ, մեր բանակը թվացյալ վարկաբեկող տեսանյութը մեծ հաճույքով տարածում են, իսկ որ մենք ունենք զինվորներ, սպաներ, կամավորներ, որոնք ժայռի նման կանգնած են սահմանին, նրանց վերաբերվող, նրանց հերոսական ծառայությունը լուսաբանոող տեսանյութերը չեն տարածում։

«Սա նշանակում է, որ Հայաստանում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։