Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽԽՎ պատվիրակության անդամները Փոլ Գավանին խնդրել են Բաքվում տեսակցել հայ գերիներին

ԵԽԽՎ պատվիրակության անդամները Փոլ Գավանին խնդրել են Բաքվում տեսակցել հայ գերիներին
Քաղաքականություն
17:48, 30 июнь 2021
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամները խնդրել են ԵԽԽՎ հատուկ զեկուցող Փոլ Գավանին Բաքվում տեսակցել հայ գերիներին: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

«Քանի որ առաջիկայում նախատեսվում է Փոլ Գավանի այցը Բաքու, մենք մեր հանդիպումների ժամանակ խնդրել ենք անպայման գնալ, այցելել է մեր գերիներին։ Նա նաև Հայաստանում հանդիպում է ունեցել գերիների հարազատների հետ, և նրանք տեղեկատվության են սպասում»,- նշեց Հայրապետյանը։

Պատգամավորի խոսքով` այդ կապը փորձում են մաքսիմալ պահել` անկախ նրանից, որ հաջորդ գումարման Ազգային ժողովում չեն լինի:

«Մեր խնդիրն է, որպեսզի Գավանն այցելի գերիներին և տեղեկացնի՝ ինչ է կատարվում, այդ ինչ շինծու դատավարություններ են, ինչպես են այնտեղ մեր գերիները և նաև այդ տեղեկությունը փոխանցենք հարազատներին»,- եզրափակեց Հայրապետյանը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հատուկ զեկուցող Փոլ Գավանը մայիսի 19-22-ը Հայաստան էր ժամանել։ Այցելության նպատակը «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցի նախապատրաստումն էր, որի շրջանակներում Գավանը նույն առաքելությամբ առաջիկայում կայցելի նաև Ադրբեջան։