Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես դիմել է ՍԴ

«Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես դիմել է ՍԴ
Քաղաքականություն
19:02, 02 июль 2021
«Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես դիմել է Սահմանադրական դատարան՝ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը: 

«Պատիվ ունեմ» դաշինքի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ ՍԴ դիմելու հիմքերի մասին ավելի մանրամասն կխոսեն դատաքննության փուլի ընթացքում: 

«Այլ մանրամասներ ՍԴ-ին ուղղված դիմումի մասին այս պահին չեմ կարող հայտնել»,- ասաց խոսնակը:

Նշենք, որ այսօր ընտրությունները վիճարկելու համար ՍԴ դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետն էր: Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ-ն այսօր դիմումներ է ստացել չորս քաղաքական ուժերից՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից, ինչպես նաև «Հայոց հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունների կողմից: 

Սահմանադրական դատարանը Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին որոշումը կարող է կայացնել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։