Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չարչյանին քաղբանտարկյալ համարելը ծիծաղելի է. Եգորյանի բացահայտումից հետո քոչարյանամերձ շրջապատը պետք է լռի․ 1in.am

Չարչյանին քաղբանտարկյալ համարելը ծիծաղելի է. Եգորյանի բացահայտումից հետո քոչարյանամերձ շրջապատը պետք է լռի․ 1in.am
Քաղաքականություն
13:19, 06 июль 2021
«Արմեն Չարչյանին քաղբանտարկյալ համարելը ծիծաղելի է։ Ես ինքս էլ դեմ էի, որ նրան կալանավորեն, բայց փաստաբան Տիգրան Եգորյանի բացահայտումից հետո ես խորը հիասթափություն եմ ապրել։ Դրանից հետո Չարչյանին քաղբանտարկյալ համարելը պարզապես ծիծաղելի է ։ Այդ պնդումները անողները պետք է լռեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատողներին Քոչարյանին ընտրել պարտադրող Չարչյանի պաշտպանները, համակիրները նրա կալանավորվելուց հետո օր ու գիշեր թմբկահարում են, են, թե նա հրաշալի մարդ է, հրաշալի բժիշկ, բազմաթիվ կյանքեր է փրկել ու անթույլատրելի էր նրա կալանավորումը։

Այս կոնտեքստում նախօրեին Տիգրան Եգորյանը, ով նախկինում Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի պաշտպանն էր, հետաքրքիր գրառում էր կատարել՝ հիշեցնելով, որ Չարչյանը եղել է այն հանձնաժողովի կազմում, որը եզրակացություն է տվել, որ Հաց բերողի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ։ Ինչից հետո էլ, ըստ էության, Արթուր Սարգսյանը մահացավ։

«Մի բան հստակ է, Չարչյանը այն բժիշկներից է, որը կարողացել է ապահովել բժշկության ոլորտում իր գիտելիքների, հմտությունների և կապերի կիրառմամբ արդյունավետ բիզնես գործունեություն՝ ի տարբերություն շատ այլոց։ Բայց կյանքում գալիս են պահեր, երբ քննության են դրվում քո թե մասնագիտական, թե բարոյական, ու մարդկային որակները։ Եվ այդ ժամանակ է որոշվում թե ինչ արժի և ինչ արժի քո այս կամ այն սրան կամ նրան մատուցված ծառայությունը, գթությունը, մարդկությունը։ Արդյոք այդ բարդ իրավիճակում պատրաստ ես լինել արդար, հավատարիմ մասնագիտական էթիկային, թեկուզ ի վնաս քո անձնական շահի, թե ․․․Ի թիվս այլոց, Չարչյանի համար այսպիսի մի փորձություն էր Արթուր Սարգսյանի (Հաց բերողի) վերաբերյալ փորձաքննությունը։ Ինչպես հիշում եք, Արթուրը մեծ դժվարություններով 2016 թ․ դեկտեմբերի 30-ին կալանքից ազատվեց միջգերատեսչական կոնսիլիումի եզրակացության հիման վրա, որով արձանագրվել էր, որ նրա առողջական վիճակը համատեղելի չէ կալանքի կրման հետ։ Այնուհետև նշանակված հանձնաժողովային փորձագիտական եզրակացությամբ 23.01.2017թ․ հաստատվեց որ Արթուրը չի կարող կալանքի տակ գտնվել՝ իր առողջական վիճակով պայմանավորված։ Այս փորձաքննությունը տևեց մոտ մեկ ամիս, իրականացվեց նաև Արթուրի մանրամասն զննությունը։ Հիշյալ եզրակացությունը ստանալուն պես, մեկ օրվա ընթացքում 31.01.2017թ․ քննիչը նշանակեց կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն։

Այս փորձագիտական հանձնաժողովի կազմում էր նաև և պարոն Արմեն Չաչյանը։ Այս հանձնաժողովը Արթուրի փորձաքննությունն իրականացրեց ընդամենը 6 օրում, քանի որ շատ էին շտապում նույնիսկ չեն հետազոտել/զննել Արթուրին և տրամադրել էին եզրակացություն այն մասին, որ Արթուրի առողջական վիճակը այդքան էլ վատ չէ, նա նույնիսկ ստացիոնար բուժման կարիք չունի և կարող է հանգիստ կրել կալանքը։ Այս եզրակացությունը տրամադրվել էր 08.02.2017թ․ , ինչից անմիջապես հետո Արթուրին նորից կալանավորեցին։ Հետագայում արդեն Արթուրի մահվանից հետո իրականացվեց մեկ այլ փորձաքննություն, որի հանձնաժողղովի նախագահը ևս բարձր որակներին համապատասխան Մարդ էր (Երվանդ Սահակյանը)։ Եզրակացությամբ հաստատվեց, որ ոչ միայն սխալ էր պարոն Չարչյանի մասնակցությամբ փորձաքննության եզրակացությունը, այլ նաև այդ հանձնաժողովն իրավունք չուներ առանց Արթուրին զննելու այդ տեսակի փորձաքննություն իրականացնել։

Հիմա Չարչյանի մասով․ նա լավ բժիշկ էր, թե վատ, լավ էր ուսումնասիրել, խորացել և հասկացել Արթուրի իրական առողջական խնդիրները և վիճակը, թե դրան վերաբերվել էր իր բիզնես բժշկությունից ավելորդ ժամանակ խլող մի խանգարող խնդիր, որից ազատվելու համար պետք է ընդամենը ստորագրեր մի թուղթ՝ առանց խորանալու դրա հետևանքների մասին։ Թե միգուցե այլ պատճառներ ուներ Չարչյանը։ Արդյոք բարձր անձնական և մասնագիտական որակներ էր դրսևորել Չարչյանը այս հարցում։ Չարչյանը չի կարող պաշտպանվել՝ ասելով, թե իբր ինքը մեկ ձայն էր այդ հանձնաժողովում, քանի որ հենց այդ մեկ ձայնի մասին եմ խոսում ես, որը կարող էր լինել ճշմարտության և արդարության ձայն, մասնագիտական նախանձախնդրության և ըմբոստության ձայն, սակայն Չարչյանն Արթուրի հարցը չէր դիտարկել ոչ իր մասնագիտական որակների և ոչ էլ իր անձնական որակների դրսևորման հնարավորություն։ Ինձ համար Արթուրի հարցը բավարար է «լավ բժիշկ և լավ մարդ» Չարչյանի վերաբերյալ գնահատականի ձևավորման համար»,-գրել էր Եգորյանը։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ այսքանից հետո նրա պաշտպանները, քոչարյանամերձ համակիրներն այլևս իրավունք չունեն պնդելու, թե Չարչյանը լավ մարդ է, առավել ևս՝ լավ բժիշկ.«Այս ամբողջ ընթացքում նրանց բերած փաստարկներն այն են, որ նա լավ բժիշկ է, ու լավ մարդ է, բայց Տիգրան Եգորյանի հրապարակումը, որից պարզ դարձավ, որ Չարչյանը մասնակից է եղել Հաց բերողի կեղծ եղրակացությանը, ցրեց այդ համոզմունքը։ Ես ինքս էլ կողմ չէի նրա կալանավորմանը, բայց Եգորյանի գրառումից հետո շատ մեծ հիասթափություն եմ ապրել։ Փաստորեն նա սիրում է կեղծիքների մասնակից լինել։ Նա Հաց բերողի կեղծ եզրակացությանը մասնակից է դարձել իր տերերին հաճոյանալու համար։ Նա իր մասնագիտությունից ու մարդ լինելուց առավել է դասում իր տերերին հաճոյանալը»,-ասաց Ալեքսանյանը՝ հավելելով. «Եգորյանի բացահայտումից հետո պետք է պարզապես լռեն Չարչյանի՝ որպես բժիշկ և մարդ լինելու մասին բարձրաձայնողները։ Նրանք այլևս ասելիք չպետք է ունենան։ Ես պարզապես ցավում եմ այդ մարդու համար, որ նա կարող էր իր հեղինակությունը ստորադասեր իր տերերին ծառայելուն։ Այդ մարդու մասին այևս ոչինչ հնարավոր չէ ասել։ Սա է Ռոբերտ Քոչարյանի միջավայրը, շրջապատը»։

Իրավապաշտպանի խոսքով՝ եթե Քոչարյանը, կամ նրա շրջապատը այդքան մտածում էին Չարչյանի հեղինակության մասին, ապա նրան չէին դրդի նման հանցագործության, չէին պարտադրի ձայներ հավաքել։ «Եթե դուք հարգում էիք այդ մարդուն, ապա թույլ չտայիք, որ նա գնա այդ քայլին։ Իսկ եթե պարտադրել են գնալ այդ քայլին, ապա դա նշանակում է, որ իրենք Չարչյանին չեն հարգել, չեն գնահատել որպես մարդ, որպես բժիշկ»,-եզրափակեց Ժաննա Ալեքսանյանը։

Փաստաբան Արայիկ Պապիկյանի պնդմամբ նույնպես Չարչյանի դեպքում որևէ քաղբանտարկյալ լինելու մասին խոսք չի կարող գնալ.«Խոսք է գնում շարքային հանցագործության մասին։ Անմեղության կանխավարկածը հարգելով պետք է ասեմ, որ եթե կհաստատվի նրան մեղսագրվող արարքը, ուրեմն ինքը շարքային հանցագործ է։ Իսկ եթե կապացուցվի անմեղությունը, ապա պետությունը հատուցում կտա իր կրած զրկանքների համար։ Բայց նա քաղբանտարկյալ չէ։ Պարզապես դա նախընտրական տեխնոլոգիա է՝ շահարկել, օգտագործել, զոհի կարգավիճակ տալ հանցագործություն կատարած անձին»,-մեզ հետ զրույցում ասաց Պապիկյանը։

Մեր զրուցակցի խոսքով շահարկում է նաև անձին լավ մարդ, կամ լավ բժիշկ որակումները տալը ու դրանով փորձ անել ստվերել նրա կատարած հանցագործությունը.«Ի սեր Աստծո, լավ մարդը, լավ բժիշկը լրիվ ուրիշ կատեգորիա է։ Ես կարող եմ մի քանի տասնյակ դատաբժշկական փորձաքննություններ մատնանշել, թե ինչպես են կոծկել, կեղծ եզրակացություն գրել տվել, պատվիրված եզրակացություն գրել։ Այնպիսի աղաղակող բաներ են արել դատաբժիշկները տարբեր քրեական գործերով, քաղաքական իշխանության պատվերով եզրակացություն են տվել։ Այնպես որ լավ բժիշկ լինելը դեռ երկրի համար պիտանի քաղաքացի լինել չէ։ Հաց բերողի դեպքը միակը չէ։ Թող դատաբժշկական փորձագետները հետ նայեն, թե ինչպես են երկու-երեք տասնամյակ պատվերներով եզրակացություններ տվել այս կամ այն անձին կալանքի տակ պահելու համար։ Իսկ հիմա իրենք ազատ են։ Տալիս են եզրակացություն իրենց ուզած մարդու համար։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի համար, որ նա իր ընտրած քաղաքացիական բուժհաստատությունում «կալանք կրի»։ Այնպես որ մնացած ամեն ինչ շահարկումների տիրույթից է»,-եզրափակեց փաստաբանը։