Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիս - Կապան մայրուղու ադրբեջանցիների կողմից վերահսկվող հատվածով հայկական մեքենաներն անցում են մեր սահմանապահների ուղեկցությամբ. azatutyun.am

Գորիս - Կապան մայրուղու ադրբեջանցիների կողմից վերահսկվող հատվածով հայկական մեքենաներն անցում են մեր սահմանապահների ուղեկցությամբ. azatutyun.am
Հայաստան
17:26, 20 сентябрь 2021
Գորիս - Կապան մայրուղու ադրբեջանական դարձած հատվածով հայկական մեքենաներն անցնում են հայ սահմանապահների ուղեկցությամբ. այս մասին տեղեկացանք ՝ զանգահարելով Ազգային անվտանգության ծառայության թեժ գծի հեռախոսահամարով։

«Գորիս – Կապան ճանապարհը անվտանգ ա։ Ուղեկցողներ կան, էս պահի դրությամբ ուղեկցում են, նենց որ խնդիրներ չի առաջանում էդ չորս կիլոմետր ճանապարհահատվածը։ Ոչ մի խնդիր չի առաջանում, - վստահեցրեց հեռախոսազանգն ընդունած աշխատակիցը։

Հայաստանիցները Որոտանի հատվածը սահմանապահների ուղեկցությամբ հաղթահարում են կիրակի առավոտից։ Նախորդ օրը նույն հատվածից անհետացել էին քասախցի երկու տղամարդիկ՝ Հակոբ Հակոբյանն ու Արամ Սարգսյանը։ Նրանք իրենց ընկերոջը տեսակցելու համար էին Սյունիք գնացել։

Հակոբի եղբայրը՝ Արբակ Հակոբյանը պատմեց, որ եղբոր հետ կինը կապ է հաստատել հենց այն պահին, երբ նրանց կանգնեցրել են ադրբեջանցիները Որոտանի հսկիչ կետում. - «Կինը զանգել ա, որ գա էրեխեքին տանի լողի։ Ուզում էր իմանար երբ ա գալու, ինչ անի, ոնց անի։ Էդ պահին, ասում ա, այլազգիները կանգնացրել են, դոկումենտ են հարցնում, թուղթ են լրացնում։ Կինն ասել ա՝ այլազգիները ո՞վ, ադրբեջանցի՞ք։ Ասել ա՝ հա։ Ասել ա՝ կատակ ե՞ս անում, ասել ա՝ չէ... ու անջատել ա հեռախոսը»։

Քիչ անց ազգականներից մեկն է անհանգստացած զանգել Հակոբին։ Արբակը պատմում է. - «Հորքուրիս տղան ա խոսացել, բայց ինքը էնքան արխային ա եղել, որ հեսա ստուգելու են, բաց թողեն։ Էդ վերջին զանգը էղել ա վեցին տաս պակաս։ Մենք հետո զանգում ենք, անհասանելի ա տալի, որ դրանից հետո լուր չենք ունենում»։

Երեկ կեսգիշերին մոտ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ ադրբեջանական կողմը Հայաստանի երկու քաղաքացիներին վերադարձրել է՝ հայ և ռուս սահմանապահների կողմից իրականացված աշխատաքնների արդյունքնում։ Հակոբը և Արամը դեռևս Քասախ չեն վերադարձել, նրանք առայժմ Գորիսում են։

Աղբյուր՝ azatutyun.am