Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2018 թվականից ի վեր, համայնքներում սուբվենցիաներով և ուղիղ ներդրումներով, շուրջ 400 միլիոն դոլարի ներդրում ենք արել․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն առաջարկեց  համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2021 թվականին հավանության արժանացած, իրականացվող կամ ավարտված չորս մարզերի չորս համայնքների թվով չորս ծրագրերի համար պետական բյուջեից հատկացնել 462 միլիոն 256 հազար դրամ։

Նա նշեց, որ համայնքներն իրենց մասնաբաժինը կատարել են և հիմա պետական մասնաբաժնի իրականացման հերթն է։ 

«Արագածոտնի մարզում մեկ ծրագիրը 5 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզում մեկ ծրագիր 7 միլիոն դրամ, Լոռու մարզում մեկ ծրագիր 5,2 միլիոն դրամ և Շիրակի մարզում մեկ ծրագիր 441 միլիոն դրամ։ Կուզեմ այս ծրագրի վրա կանգ առնել։ Սա Գյումրի քաղաքին է վերաբերում և ծրագիրն ընդհանուր առմամբ 887 միլիոն արժողություն ունի։ Գյումրի քաղաքում ձեռք է բերվում 63 միկրոավտոբուս, որպեսզի ներքաղաքային ամբողջ տրանսպորտային պարկը թարմացնենք։ Միկրոավտոբուսների մի մասը նաև հարմարեցված են հաշմանդամություն ունեցող հայրենակիցների համար՝ համապատասխան հարմարություններով։ Եվ մրցույթի արդյունքում 882 միլիոն դրամ է կազմել, որի 50 տոկոսը վճարում է Գյումրու համայնքապետարանը, 50 տոկոսը՝ 441 միլիոն դրամ, պետությունը»,- ասաց Գնել Սանոսյանը։ Քննարկումից հետո որոշումն ընդունվեց միաձայն։

Սակայն մինչ այդ վարչապետը նշեց, որ վերջին շրջանում շատ են քննարկում սուբվենցիոն ծրագրերը և հիշեցրեց, որ 2021 թվականին շուրջ 47 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր են իրականացնում՝ համայնքների հետ համատեղ, իսկ 2018 թվականից ի վեր շուրջ 80 միլիարդ դրամի սուբվենիցոն ծրագրեր են իրականացրել, բայց բացի համայնքների հետ համատեղ, կառավարությունը նաև ուղիղ ներդրումներ է արել համայնքներում, համայնքային ծրագրեր է իրականցրել։

«2018 թվականից ի վեր միայն ուղիղ ծրագրերով համայնքներին տրվել է շուրջ 86 միլիարդ դրամ։ Հիմա շատ քաղաքներում վերակառուցվում են, նորոգվում են դպրոցներ, բայց սուբվենցիոն ծրագրերից դուրս։ Սա շատ կարևոր է և ստացվում է, որ 2018 թվականից ի վեր մենք համայնքներում սուբվենցիաներով և ուղիղ ներդրումներով, շուրջ 400 միլիոն դոլարի ներդրում ենք արել»,-ասաց վարչապետը։           
    
Մանրամասները՝ տեսանյութում։