Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ հանձնաժողով են ստեղծելու Երևանը, Մոսկվան ու Բաքուն․ 1in.am

Ինչ հանձնաժողով են ստեղծելու Երևանը, Մոսկվան ու Բաքուն․ 1in.am
Հայաստան
16:16, 24 ноябрь 2021
Փաստորեն, նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունենալիք Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը մեծ հավանականությամբ կստորագրվի սահմանազատման և սահմանագծման հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին հայտարարություն կամ համաձայնագիր, գրեթե հունվարի 11-ի օրինակով, երբ ստեղծվեց հաղորդուղիների ապաշրջափակման հարցերով զբաղվող աշխատանքային խումբ երեք երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ: Գրում է 1in.am-ը։

Դատելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, թերևս դա է եղել Ռուսաստանի այն առաջարկը, որ վերաբերել է գործընթացի նախապատրաստական փուլին: Այդ առաջարկի վերաբերյալ հանրային քննարկումներում գրեթե միշտ բաց էր մնում «նախապատրաստական» բառը: Այսինքն, օրեր առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ազդարարել էր ոչ թե սահմանազատման և սահմանագծման գործընթացի բովանդակությանը վերաբերող ռուսական առաջարկների մասին, այլ «նախապատրաստական փուլի»: Ի՞նչ մակարդակով է ձևավորվելու այդ հանձնաժողովը: Եթե հաղորդուղիների ապաշրջափակման գերատեսչական խումբը ձևավորվեց փոխվարչապետերի մակարդակով, ապա սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ հանձնաժողովն արդյո՞ք լինելու է պաշտպանական գերատեսչությունների մակարդակով, կամ պաշտպանական և սահմանապահ ծառայությունների: Այս հանգամանքը կարող է ունենալ որոշակի հետաքրքրություն մեկ այլ ասպեկտի բերումով:

Օրերս հայտնի դարձավ Եվրոպայի Խորհրդի ղեկավար Շարլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու, ինչպես նաև երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ուղիղ օպերատիվ կապ ձևավորելու պայմանավորվածության մասին, որն ըստ Հայաստանի վարչապետի արդեն իսկ հաստատված է: Իհարկե, այդ օպերատիվ կապի մասին հայտարարությունից հետո եղավ փոխհրաձգությունը Գեղարքունիքի նորաբակ գյուղի սահմանային դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմում զոհվեց ժամկետային զինծառայող: Այդ միջադեպը ինքնին հարց է առաջացնում պաշտպանության նախարարների օպերատիվ կապի այսպես ասած արդյունավետության վերաբերյալ: Միևնույն ժամանակ, եթե Ռուսաստանի հովանու ներքո ձևավորվի սահմանագծման և սահմանազատման հարցերի հանձնաժողով և այն լինի պաշտպանական գերատեսչությունների մակարդակով, ապա ԵԽ նախագահի միջնորդությամբ ձևավորված պաշտպանության նախարարների օպերատիվ կապը այդ հանձնաժողովին զուգահեռ կարող է ստանալ ուշագրավ իմաստ կամ նշանակություն, իհարկե դե ֆակտո, ոչ թե դե յուրե: Համենայնդեպս հարց է առաջանում, թե ԵԽ նախագահի միջնորդությամբ ստեղծված կապը կարո՞ղ է լինել նաև ոչ ֆորմալ միջոց սահմանագծման և սահմանազատման գործընթացին Եվրոպայի Խորհրդի այսպես ասած «հեռավար», անուղղակի ներգրավվածության համար: