Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրակոցները Վերին Շորժայում լսվել են գրեթե ողջ գիշեր. Արտյոմ Երանոսյան․ azatutyun.am

Կրակոցները Վերին Շորժայում լսվել են գրեթե ողջ գիշեր. Արտյոմ Երանոսյան․ azatutyun.am
Հայաստան
16:42, 09 декабрь 2021
Կրակոցներ Վերին Շորժայում լսվել են գրեթե ողջ գիշերը, «Ազատությանը» փոխանցեց Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

«Կրակոցներ այս գիշեր ժամը 1-ից մինչև առավոտվա 4:30-5-ի մոտակայքում եղել են», - ասաց համայնքի ղեկավարը:

Արտյոմ Երանոսյանի փոխանցմամբ՝ այսօր կրակոցներ չեն լսվել։

Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպումից հետո Երևանն ու Բաքուն երեկ առաջին անգամ հաղորդեցին սահմանային կրակոցների մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը երեկ տարբեր ուղղություններով կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, Երևանը տուժածների մասին չի հայտնում, Բաքուն հաղորդում է, որ գիշերվա կրակոցների հետևանքով մեկ ադրբեջանցի զինծառայող է զոհվել։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը երեկ նախ հայտնեց՝ ադրբեջանական ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ։ Այսօր էլ տեղեկացրին՝ ուշ երեկոյան ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է արդեն սահմանի արևելյան ուղղությամբ։

Երևանը Ադրբեջանի ՊՆ-ին կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից։ Բաքուն էլ իր հերթին Հայաստանին է մեղադրում իրադրությունը սրելու համար՝ նշելով, որ սահմանային հերթական լարվածության ամբողջ պատասխանատվությունը հայկական կողմի վրա է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանն ու Բաքուն համաձայնել են ուղիղ հաղորդակցության գիծ հաստատել` պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ: