Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օնիկ Գասպարյանը կարող է գնալ աշխատանքի․ Գասպարյանի փաստաբան

Օնիկ Գասպարյանը կարող է գնալ աշխատանքի․ Գասպարյանի փաստաբան
Հայաստան
11:51, 18 март 2021
Վարչական դատարանը երեկ՝ մարտի 17-ին վարույթ է ընդունել ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանի ներկայացրած՝ իրավահարաբերության բացակայության ճանաչման հայցը և կիրառել է հայցի ապահովման միջոց։  

Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ դատարանի այս որոշումը նշանակում է, որ նման իրավահարաբերություն գոյություն չունի, որ վարչապետը կարող է առաջարկել, իսկ նախագահն էլ ազատել ԳՇ պետին, կամ էլ իրավունքի ուժով ԳՇ պետը համարավեր պաշտոնից ազատված․ «Դատարանն ասում է, որ նման իրավահարաբերություն չկա ու ժամանակավորապես բավարարում է մեր հայցը, և եթե չկա նման իրավահարաբերություն նշանակում է Օնիկ Գասպարյանին ուղղակի չեն ազատել և նա շարունակում է մնալ ԳՇ պետ և կարող է գնալ աշխատանքի»։ 

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ եթե հիմա դատարանը հայցը բավարարել է և Օնիկ Գասպարյանը կարող է շարունակել աշխատանքը, սակայն դատաքննությունից հետո դատարանը որոշում կայացնի, որ ԶՈՒ ԳՇ պետն օրինական ճանապարհով է ազատվել աշխատանքից՝ սա հակասահմանադրական իրավիճակ չի՞ ստեղծի, Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց․

«Վարչական դատավարության օրենսգիրքը հատուկ դեպքերում ասում է, կարող ես հայցի ապահովում կիրառել՝ օրինակ հայցը ժամանակավոր բավարարես կամ որոշակի անձին չթույլատրես ինչ-որ գործողություններ անի, եթե գտնում ես, որ դա կդժվարացնի կամ անհնարին կդարձնի դատական ակտի կատարումը։ Դատարանն ասում է, եթե Գասպարյանն ունի 5 տարվա պաշտոնավարման ժամկետ և գտնում է, որ իրեն ազատելով իրավունքը խախտվել է, ես (դատարանը) եթե նույնիսկ վաղը իր հայցը բավարարեմ, բայց իր տեղն արդեն ուրիշին նշանակած լինեն՝ մենք իր խախտած իրավունքը չենք կարող վերականգնել։ Այդ պատճառով հիմա ժամանակավորապես բավարարում եմ իր հայցը մինչև վերջնականապես գործը քննելուց հետո կորոշենք իրեն կարող էին հանել, թե ոչ»։ 
Փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ նախքան այս հայցը, ևս երկու հայցեր են ներկայացվել վարչական դատարան, որոնք դատարանը հետ է վերադարձրել։

«Մի հատ վիճարկման հայց էինք ներկայացրել ակտը անվավեր ճանաչելու համար, մի հատ ճանաչման հայց էինք ներկայացրել՝ ակտն առ ոչինչ ճանաչելու համար։ Այս երկու հայցերը վերադարձրել էր դատարանը՝ ասել էր, որ այստեղ ակտ չկա, ֆիկցիա է, իրավունքի ուժով փաստ է հաստատվել։ Այդ պատճառով ներկայացրեցինք նաև երրորդ հայցը՝ իրավահարաբերության բացակայության ճանաչման հայցը, որը վարույթ ընդունեց դատարանը և կիրառեց հայցի ապահովման միջոցը, որը մենք միջնորդել էինք։ Դատարանի որոշումը դեռ թղթով չենք ստացել բայց դատալեքսում հասանելի է»,-ասաց Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։

Օնիկ Գասպարյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատման վերաբերյալ այսօր պարզաբանում է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ մասնավորապես նշելով՝ «ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն համապատասխան ակտը, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով: Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։ Հետևաբար, Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է»։
 
Նշենք, որ Վարչական դատարանը որոշել էր՝ «Ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին միջնորդությունը` հայցի ապահովման վերաբերյալ, բավարարել: Ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է` մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»։
 
 
Նարա Մարտիրոսյան