Քաղաքացիակենտրոն
լրատվություն

13.3 մլրդ դրամ կհատկացվի երեք խոշոր բլոկներով ծրագրերի իրականացման համար. Գնել Սանոսյան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 13.3 միլիարդ դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` երեք խոշոր ծրագրերի իրականացման համար:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ծրագրերից մեկը վերաբերվում է ջրամբարաշինությանը` Կապսի ջրամբարին: «Հիմա փաստաթղթերն ուսումնասիրության փուլում են և, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անհրաժեշտություն կառաջանա 3.5 միլիարդ դրամ լրացուցիչ գումարհատկացնել շինարարին»,-ասաց նա: Նախարարը տեղեկացրել է, որ  Երևանում իրականացվող երկու ծրագրերով` Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ուղղություններով իրականացվում են աշխատանքներ, և դրանք ավարտական տեսքի բերելու համար կհատկացվի 4.1 միլիարդ դրամ: «Միջին նորոգման աշխատանքներն անընդհատ ուսումնասիրության փուլում են: Տասը ճանապարհահատվածներ ունենք` 135 կմ երկարությամբ, որոնց նորոգմանհամար 5.7  միլիարդ դրամ պետք է հատկացնենք»,-ասել է Գնել Սանոսյանը:

Մասնավորապես, որոշմամբ նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհի Էջմիածին, Արմավիր 26.874կմ, Մ-12 միջպետական նշանակությանավտոճանապարհի Գորիս, Քարաշեն, Տեղ 16,850կմ, Հ-32 հանրապետական  նշանակության ավտոճանապարհի Գյումրի, Վահրամաբերդ 10,684կմ և այլ հատվածների համար: