Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանվել Փարամազյանը՝ Քաջարանի համայնքապետի թեկնածու․ «Դեմոկրատական այլընտրանք»-ն ու «Արդարություն»-ը ՏԻՄ ընտրություններին ընդառաջ դաշինք են կազմել

Մանվել Փարամազյանը՝ Քաջարանի համայնքապետի թեկնածու․ «Դեմոկրատական այլընտրանք»-ն  ու «Արդարություն»-ը ՏԻՄ ընտրություններին ընդառաջ դաշինք են կազմել
Հայաստան
16:49, 05 август 2022
Մի շարք համայնքներում աշնանը սպասվելիք  ՏԻՄ ընտրություններին ընդառաջ աշխուժություն է նկատվում կուսակցությունների շրջանում։ «Դեմոկրատական այլընտրանք» եւ «Արդարություն» կուսակցություններն այսօր հուշագիր են ստորագրել «Դեպի միասնություն» նախընտրական դաշինք ձևավորելու մասին, որը մասնակցելու է Քաջարանի ավագանու սեպտեմբերի 25-ին սպասվելիք  ընտրություններին: Հաստատվել է դաշինքի միասնական նախընտրական՝ 43 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակը։ Նորաստեղծ  դաշինքի՝ Քաջարան համայնքի ղեկավարի թեկնածուն Քաջարանի գործող համայնքապետ Մանվել Փարամազյանն է:

Վերջինս ԱԺ վերջին ընտրություններում՝ Վահե Հակոբյանի գլխավորած՝ «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ էր։ Փարամազյանը, սակայն, ամիսներ առաջ դուրս է եկել ՎՀԿ-ից։ Նշենք, որ Վ․ Հակոբյանը վերջերս կայքերից մեկի հետ զրույցում հայտարարել էր. «Մանվել Փարամազյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չի հանդիսանում, նրա՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը կայացվել է դեռ մայիսի սկզբին»:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Ս․ Սուրենյանցը Civic.am-ի հետ զրույցում հարցին, թե ինչու են որոշել Փարամայանին առաջադրել՝ ասաց․ «Մանվել Փարամազյանն անկախ մարդ է եւ համայնքային զարգացման իր ծրագրերով մոտ է երկու կուսակցությունների ծրագրերին։  Վստահ եմ, որ հենց ինքն է այն թեկնածուն, որն  ընտրվելու պարագայում կարող է նպաստել քաղաքի զարգացմանը»։  

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ «Հայաստան» դաշինքի անդամներն ու համակիրները  անողոք քննադատության ենթարկեցին Փարամազյանին՝ համայնք այցելած ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին ծաղկեփնջով դիմավորելու համար։ «Դեմոկրատական այլըընտրանք»-ը, նշենք, հայտարարել է նաեւ Ճամբարակում տեղղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում իր մասնակցության մասին։ Այս համայնքում կուսակցությունն առանց դաշինքի՝ միանյակ է մասնակցելու։ Համայնքի ղեկավարի թեկնածուն Վազգեն Ադամյանն է՝ համայնքի գործող ղեկավարը։