Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է Լաչինի միջանցքի մասին, որը կյանքի ճանապարհ է Ղարաբաղի բնակիչների համար․ Միրզոյանի պատասխանը Չավուշօղլուին

Եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է Լաչինի միջանցքի մասին, որը կյանքի ճանապարհ է Ղարաբաղի բնակիչների համար․ Միրզոյանի պատասխանը Չավուշօղլուին
Հայաստան
18:08, 18 октябрь 2022
Այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանել Նորվեգիայի թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը։ Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարարների առանձնազրույցը, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցավ նախարարների մամուլի ասուլիսը։ 

Պատասխանելով Թուրքիայի ԱԳ նախարարի  հայտարարության մասին հարցին, որում Չավուշօղլուն նշել էր, թե «Զանգեզուրի և Լաչինի միջանցքը պետք է ունենա նույն կարգավիճակը», Արարատ Միրզոյանը նախ՝ ասաց, որ ձևակերպման մեջ չափազանցություն կա, այդպիսի բան չի ասել, ապա նկատեց, որ լավ կլիներ՝ Չավուշօղլուն պատասխաներ, թե ինչ նկատի ունի, որովհետև Թուրքիայի եղբայրական դաշնակից Ադրբեջանի գործընկերները բանակցային գործընթացում չեն պնդում, որ Լաչինի և Զանգեզուրի միջանցքները պետք է ունենան նույն կարգավիճակը։ Միրզոյանը մատնանշեց, որ այս մասին են նաև երկու երկրների պաշտոնական դիրքորոշումները։ 

«Երկու երկրների պաշտոնական կայքերում էլ տարածված է հայտարարություն, որտեղ հստակ նշված է Լաչինի միջանցքի մասին, որը, ինչպես գիտենք, կյանքի ճանապարհ է Ղարաբաղի բնակիչների համար, և հաջորդիվ կա ճանապարհների և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին թեման, ապա նաև անդրադարձ է կատարվել Նախիջևանին կապող նոր ճանապարհին, որի առնչությամբ մենք ասել են մեր անփոփոխ դիրքորոշումը, այն է՝ ճանապարհները պետք է գործեն այն երկրի վերահսկողության, սուվերենության և օրենսդրության հիման վրա, որով անցնում են։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ճանապարհների ապաշրջափակման հարցում որոշակի առաջընթաց կա։ Ես լավատես եմ, որ այս ուղղությամբ բանակցությունները առաջիկայում կարող են համաձայնությամբ ավարտվել»,- նշեց նախարարը։ 

Իսկ թե ինչ ակնկալիք ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից և ինչպես է վերաբերվում Թուրքիայի ԱԳ նախարարի՝ երկու երկրներից մեկում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպելու ցանկությանը, Արարատ Միրզոյանն ասաց, որ Թուրքիայի հետ երկխոսության մասով մեր դիրքորոշումները ևս բաց են։ «Մենք շահագրգռված ենք այդ երկխոսության հաջող արդյունքով։ Մենք երբեք դեմ չենք եղել հանդիպումներին, ուրիշ հարց է, որ կողմերը պետք է անկեղծ և լուրջ պատրաստակամություն ունենան՝ քայլեր իրականացնելու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման ուղղությամբ։ Ես պատրաստ եմ այդպիսի հանդիպման ու հուսով եմ՝ ի վերջո այն շոշափելի արդյունքներ կգրանցի տեղի ունենալու դեպքում»,- նշեց Միրզոյանը։