Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն հայտարարությամբ արձանագրվում է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց՝ անկախ նրանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից․ Նիկոլ Փաշինյան

ԵՄ-ն հայտարարությամբ արձանագրվում է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց՝  անկախ նրանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից․ Նիկոլ Փաշինյան
Հայաստան
10:56, 29 апрель 2021
«Մեզ բոլորիս համար ամենացավոտ խնդիրը՝ մեր գերեվարված հայրենակիցների խնդիրն է և ըստ էության, Ադրբեջանը՝ իր ստանձնած պարտավորությունները գերեվարված ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու, չի կատարում։ Եվ կարող ենք արձանագրել, որ այս փաստն արդեն դառնում է միջազգային  օրակարգի հարց»,-այսօր կառավարության նիստի հիմնական օրակարգն սկսելուց առաջ, ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նաև ընդգծեց, որ երեկ ուշ երեկոյան ԵՄ-ն շատ կարևոր հայտարարություն է տարածել, որում արձանագրվում է շատ  կոնկրետ և շատ հասցեական, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից։

Վարչապետի պաշտոնակատարը կարևոր է համարում նաև, որ այս  հայտարարության մեջ հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցող գործընթացներին, ինչը քաղաքական հայտարարությանն ավելացնում է նաև  իրավական կոմպոնենտ, որը  տվյալ պարագայում չափազանց կարևոր է։

«Եվ այս իմաստով ուզում եմ ընդգծել, որ վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝  կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարևոր է և մեծացնում է  լավատեսությունը, որ մենք այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ։ Մեզ հարկավոր է լինել  առավելագույնս համախմբված, համբերատար և հետևողական և այս հարցը միանշանակորեն դրական  լուծում պիտի ստանա»,- հավելեց Փաշինյանը։