Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022 թվականին ընդհանուր առմամբ վերականգնվել է շուրջ 720 կմ ճանապարհ. ՏԿԵՆ պարզաբանումը` Փաստերի ստուգման հարթակին

2022 թվականին ընդհանուր առմամբ վերականգնվել է շուրջ 720 կմ ճանապարհ. ՏԿԵՆ պարզաբանումը` Փաստերի ստուգման հարթակին
Հայաստան
11:50, 18 февраль 2023
Փաստերի ստուգման հարթակում հրապարակված «Տարեկան 500 կմ ճանապարհ․ իշխանությունը չի կատարում տված խոստումը, չնայած հայտարարել էր գերակատարման մասին» վերտառությամբ հոդվածում տեղ են գտել մի շարք անճշտություններ, տարամեկնաբանություններ, որոնք թյուրիմացության մեջ են գցում ընթերցողին. տեղեկացնում են ՏԿԵՆ-ից։

Հարկ է նշել, որ թեև մեծածավալ շինարարական աշխատանքները սկսվել են դեռևս 2018թ-ից և տարեցտարի ընդլայնվել են՝ ոլորտում ներուժի և ֆինանսավորման աճին զուգահեռ, այդուհանդերձ մշակվել և ՀՀ կառավարության 18 նոյեմբերի 2021 թվականի N 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրով որդեգրվել է ճանապարհային ցանցի ամբողջական վերականգնման հստակ ռազմավարություն՝ կազմված միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհների հիմնանորոգման, միջին նորոգման, նոր ճանապարհների կառուցման, ճանապարհային անվտանգության բարելավման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրագործման միջոցառումներից, որոնց շրջանակներում նախանշվել է տարեկան շուրջ 500 կմ ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը:

Այդուհանդերձ, անդրադառնալով 2020-2021-2022 թթ. կատարված փաստացի աշխատանքների ծավալներին, կարող ենք արձանագրել, որ․

2020թ-ին իրականացված ճանապարհաշինական աշխատանքների շրջանակներում իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ՝ 249,99 կմ, միջին նորոգման աշխատանքներ՝ 103,5  կմ, իսկ վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում՝ 35,92 կմ։

2021թ-ին իրականացված ճանապարհաշինական աշխատանքների շրջանակներում իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ՝ 218,5 կմ, միջին նորոգման աշխատանքներ՝ 77,42 կմ, իսկ վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում՝ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի ներքո իրականացվել են 28,71 կմ, Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ներքո՝ 55,84 կմ և Ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի ներքո  5,1 կմ աշխատանքներ, հիմնանորոգվել է նաև Գառնի-Լանջազատ ճանապարհահատվածը՝ 18 կմ: Միաժամանակ իրականացվել են նաև այլ նշանակության ճանապարհների կառուցման աշխատանքներ (շուրջ 95,4 կմ)։ 

Անդրադառնալով 2022թ. իրականացված ճանապարհաշինական աշխատանքներին՝ պետք է նշել, որ հիմնանորոգվել է 301.5կմ ճանապարհահատված, միջին նորոգման ծրագրի շրջանակում նորոգվել է 153,75 կմ, Կենսական նշանակության ավտոճանապարհային ցանցի բարելավման ծրագրով վերականգնվել է 12․9 կմ, Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրով հիմնանորոգվել է 9․8 կմ ճանապարհ։ Ճանապարհային անվտանգության բարելավման աշխատանքներ են տարվել տարբեր վթարավտանգ ճանապարհահատվածներում՝ 2,3 կմ։ 2022թ. ընթացքում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում վերակառուցվել է նաև շուրջ 50 կմ ճանապարհ, որից Թալին – Լանջիկ 37.4 կմ երկարությամբ (երթևեկելի 2 ուղղություններով՝ 18.7x2) ճանապարհահատվածի  վերակառուցումն    ավարտված է, իսկ Լանջիկ – Գյումրի հատվածում ասֆալտապատվել է 12.6 կմ ճանապարհահատված: Արդյունքում, 2022 թվականին հիմնանորոգվել, նորոգվել, կառուցվել և վերակառուցվել են ավելի քան 530.25 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ։ (ցանկը կցված է https://bit.ly/418wIDk)

Ընդ որում՝ ներկայացված աշխատանքները չեն ներառում սուբվենցիոն ծրագրերով իրականացված ճանապարհաշինական աշխատանքները (մոտ 162 կմ, 23 կմ սալարկում)։ 

Տեղեկացնենք նաև, որ բացի վերը նշվածից, ճանապարհաշինական ծրագրեր են իրականացվում նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ ՀՀ կառավարության և համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող տեղական տնտեսության զարգացման ծրագրի շրջանակում։ Մասնավորապես 2022թ. նշված ծրագրի շրջանակներում աշխատանքներ են կատարվել Գյումրիում, Գորիսում և այլ համայնքներում։ 

Ինչ վերաբերում է երկու տարի անընդմեջ նույն ճանապարհահատվածը հիմնանորոգման ցանկերում ընդգրկելուն, ապա հարկ է ընդգծել, որ առանձին ճանապարհահատվածներում աշխատանքները կազմակերպվել և իրականացվել են փուլային եղանակով, և նույն ճանապարհահատվածի աշխատանքները տարբեր ծավալներով ընդգրկվել են ինչպես 2021թ., այնպես էլ 2022թ. ծրագրերում: Իրականացման այս մոտեցմամբ 2021-2022թթ. ծրագրերում ներառված են եղել 5 օբյեկտներ, ինչը չի կարող մեկնաբանվել կամ դիտարկվել որպես «երկու տարի անընդմեջ նույն ճանապարհի հիմնանորոգում» այն համատեքստում, որն ակնկարկվում է հոդվածում: Ընդ որում բոլոր 5 օբյեկտները գտնվում են Երևանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապող ռազմավարական նշանակության Մ-2 միջպետական ճանապարհին:
  
Ավելացնենք նաև, որ Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) - Բարձրավան 8.7կմ ավտոճանապարհի և Տանձավեր - Շուռնուխ 12.9 կմ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սկզբին և նախատեսված աշխատանքները ավարտվել են 2022 թվականի վերջին: Ընդ որում ցանկում ներառված ասֆալտապատման աշխատանքները փաստացի կատարված են ավելի մեծ ծավալներով՝ ինչպես օրինակ Լծեն - Տաթև 19.9 կմ վերակառուցվող ճանապարհից 2022 թվականին ասֆալտապատվել է շուրջ 19,2 կմ, իսկ այն տեղամասը, որը ասֆալտապատված չէ, տեղադրված է ճանապարհային պատվածքի կոպճավազային հիմք, որը ապահովում է երթևեկությունը:

Ամփոփելով նշենք՝ 2022 թվականին ընդհանուր առմամբ վերականգնվել է շուրջ 720 կմ ճանապարհ։