Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Խաժակյանը պարզաբանում է Սուրեն Պապիկյանի բնակարանի հետ կապված մանիպուլյատիվ ինֆորմացիան

Դավիթ Խաժակյանը պարզաբանում է Սուրեն Պապիկյանի բնակարանի հետ կապված մանիպուլյատիվ ինֆորմացիան
Հայաստան
00:27, 01 март 2023
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել է.   

««Սուրեն Պապիկյանը 168․000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե» վերնագրով նյութը աչքիցս չվրիպեց, քանի որ վերջին շրջանում շատ եմ հետաքրքրվել Երևանում անշարժ գույքի շուկայով և գնագոյացմամբ։ Պետք է ասեմ, որ թվային տվյալները ճշգրիտ էին, բայց կարծում եմ հարգելի լրագրողը գույները բավականին խտացրել է, երբ ձևակերպել է «ինչպե՞ս է իրեն հաջողվել այդ բնակարանը գնել շուրջ 100 միլիոն դրամ էժան» հարցադրումը։

Հայտնի փաստ է, որ կառուցապատման փուլում գտնվող շենքում բնակարանը անհամեմատ էժան է, քան երբ ավարտվում է շինարարությունը։ Մեկ այլ փաստ է, որ որքան մեծ է բնակարանի մակերեսը, այնքան քառակուսի մետրի արժեքը ավելի ցածր է, նաև այն պարզ պատճառով, որ մեծ մակերեսով բնակարանները դժվար են վաճառվում։ Ուստի այն, որ նախորդ տարիների ընթացքում գնված բնակարանը կարող է կրկնակի ավել լինել, շատ օրինաչափ է։ Անգամ 2022 թվականի սկզբի և վերջի գները համադրելի չեն այդ իմաստով։

Բայց մեր անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում մեկ այլ անոմալիա. շուկան այնքան ակտիվ է, որ կամ չես գտնում նախընտրածդ տարբերակը, կամ այն աստղաբաշխական արժեք ունի համեմատած նախորդ տարիների։ Այս դեպքում, երբ հոդվածագիրը գրում է, թե այժմ այդ բնակարանը 412.000 դոլար արժե, ես մի կողմից կարծում եմ, որ այդ թիվը խիստ ուռճացված է, մյուս կողմից շուկան այնքան ակտիվ է, որ ո՞վ գիտի, գուցե և ստացվի գնորդ գտնել... համենայն դեպս 2018-ին գնածս բնակարանը դոլարային արտահայտության մեջ այժմ առնվազն կրկնակի արժե, թեպետ գտնվում է Զեյթուն վ/շ-ում։

Մի դիտարկում ևս վարկավորման մասին։ Մի կողմ դնելով թե որ բանկի միջոցով է գնումը իրականացվել, հաշվարկը շատ պարզ է՝ վարկի ամսեկան մարումը կազմում է մոտ 650.000 դրամի կարգի գումար։ Այդ գումարը կրկնակիից ավել պակաս է, քան նախարարի ամսեկան եկամուտը, որը ակնհայտ երևում է Պապիկյանի հայտարարագրից։ Ուստի այստեղ համաչափության մասին հարց առհասարակ չպետք է առաջանա։

Այդուհանդերձ միանշանակ է, որ պետական պաշտոնյաները միշտ պետք է մանրադիտակի տակ գտնվեն և հանրությունը իմանա, թե ի՞նչ միջոցներով և ի՞նչ արժեքի գույք է ձեռք բերել պաշտոնյան իր պաշտոնավարման ընթացքում՝ Հյուսիսային պողոտայից մինչև Վահագնի թաղամաս,  Ավանի բազմաբնակարան շենքից մինչև Շենգավիթ»։