Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գագիկ Ջհանգիրյանի դեմ հայցադիմում ներկայացրած դատավոր Կարինե Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Գագիկ Ջհանգիրյանի դեմ հայցադիմում ներկայացրած դատավոր Կարինե Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Հայաստան
16:15, 12 май 2021
Դատավոր Կարինե Պետրոսյանը տեղեկացրել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին, որը դատավորի լիազորությունների դադարման հիմք է․ «Ամիսներ շարունակ տևած գործընթացները իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի և քրեական գործի շրջանակներում վերհանեցին դատական իշխանության կրողի առջև ծառացած այն խնդիրը, որ դատավորը միայնակ է դիմակայում ճնշումներին ու մարտահրավերներին,որովհետև մեկ ձայնի ստորագրությամբ, մեկ «անձ»-ի քվեարկությամբ ԲԴԽ-ն դատավորների անկախությունը երաշխավորող մարմնից վերածվել է օրենսդիր մարմնի արդեն նախկին իշխող ուժի տեղական նշանակության օղակի, դատավորներին պատժող ու զսպող կառույցի, որի «ղեկը» տրվել է սահմանադրական օրենքի պահանջների խախտմամբ ընտրված, տարիքը լրանալու հիմքով լիազորությունները վաղուց դադարած անձի»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Կարինե Պետրոսյանն այս տարվա փետրվարի 24-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով՝ հիմքում դնելով 2020թ․-ին Գագիկ Ջհանգիրյանի 65 տարին լրանալու փաստը։

Նշենք,որ 2021թ․ հունվարի 22-ին Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ անդամ ընտրվելուց օրեր անց՝ հունվարի 27-ին Արդարադատության նախարարի որոշմամբ կարգապահական վարույթ հարուցվեց Կարինե Պետրոսյանի նկատմամբ։ Դատավորը գտնում էր, որ ԲԴԽ գործող կազմի պարագայում կխախտվի  իր դեմ հարուցված կարգապահական գործի արդար քննությունը։ 

Կարինե Պետրոսյանը պահանջում էր դատարանից՝ պարտավորեցնել ԲԴԽ նախագահ (ներկայումս լիազորությունները ժամանակավորապես կասեցված) Ռուբեն Վարդազարյանին՝ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ հայտարարություն։