Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիները քանդել են Իշխանասարի ուղղությամբ գիշերը տեղադրած վրանները

Ադրբեջանցիները քանդել են Իշխանասարի ուղղությամբ գիշերը տեղադրած վրանները
Հայաստան
17:03, 12 май 2021
Այսօր՝ մայիսի 12-ի կեսօրից հետո մամուլում տեղեկություն տարածվեց, որ Սյունիքում՝ Իշխանասարում, մարտեր են ընթանում։ Որոշ աղբյուրեն խոսում էին նաև վիրավորների մասին և նշում, որ ընթանում է վիրավորներին դուրս բերելու գործողություններ։ 

Այնուհետ տարբեր լրատվականներ տեղեկություններ սկսեցին տարածել մեր զորքերի տեղաշարժերի հետ կապված։

ՀՀ ՊՆ-ն մասնակիորեն հերքեց տեղեկատվությունը, նշելով՝ «Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»։

Civic.am
-ի տեղեկություններով ՀՀ ՊՆ-ն մեծաքանակ ուժեր է կենտրոնացրել,որպեսզի անհրաժեշտության դեպքում դիմի կոշտ գործողությունների։ Չնայած դրան՝ այս պահին իրավիճակը կայուն է,և բախման որևէ վտանգ առկա չէ։ 

Ադրբեջանցիները անակնկալի են եկել, թե ինչ արագությամբ է հայկական զինուժը մեծ քանակությամբ զորք կուտակել սահմանային հատվածում և իրենք են բանակցություններ սկսել` անվնաս հեռանալու համար:

Ըստ տեղեկությունների, ադրբեջանցիները քանդել են Իշխանասարի ուղղությամբ գիշերը տեղադրած վրաններն ու մինչև օրվա վերջ հետ կքաշվեն նախնական դիրքեր։

Civic.am-ը կապ էր հաստատել նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշել էր, որ տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մարզպետից հետաքրքրվել էինք՝ հայկական հենակետի շրջափակման մեջ մնալու մասին տեղեկությունները համապատասխանու՞մ են իրականությանը, թե՞ ոչ, որը տարածել էր Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, Պողոսյանը կրկնեց նույն պատասխանը, որ դրանք սուտ տեղեկություններ են և հորդորեց հետևել բացառապես Պաշտպանության նախարարության հաղորդագրություններին։

Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը լուրեր էր տարածել, թե գիշերը ադրբեջանցիները մեծ զորքով եկել են Իշխանասար, մեր տղաների հենակետը ընկել է շրջափակման մեջ։