Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ է Ռուսաստանը համառորեն պնդում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, առանց Ադրբեջանի խախտումը գրանցելու

Ինչո՞ւ է Ռուսաստանը համառորեն պնդում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, առանց Ադրբեջանի խախտումը գրանցելու
Միջազգային
18:45, 08 апрель 2021
Երեկ Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ի թիվս այլ հարցերի՝ մեծապես կարևորեց տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորությունը։ «Իհարկե, ամենակարևոր բաղադրիչը տարածաշրջանում առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորությունն է, որպեսզի Հայաստանը զարգացման համար նոր հնարավորություններ ստանա: Իմ կարծիքով, սա չափազանց կարևոր է»,- ընդգծել էր ՌԴ նախագահը։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Civic.am-ի հետ զրույցում նկատեց, որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կարևոր խնդիր է, այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց դրա համար այս պահին կան լրջագույն խոչընդոտներ։

«Ցանկացած կառավարություն Հայաստանում, որը որ փորձի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը  և մասնավորապես  Մեղրիով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի ազատ օգտագործումը հավանական դարձնել առանց Խծաբերդի հարցի պարզաբանման, առանց ռազմագերիների հարցի վերջնական լուծման, բնականաբար ինքն իր համար գերեզման է փորելու։ Հանրության կողմից նման կեցվածքը կընկալվի թույլ և անպիտան քաղաքականության»,- ընդգծեց Ղուկասյանը։ 

Քաղաքագետի խոսքով՝ տնտեսական կապերի զարգացման և ապաշրջափակման համար հանդիսանում է եռակողմ հայտարարության դրույթների խախտումը, որը որ տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից և մնացել է անարձագանք Հայաստանի և Ռուսաստանի կողմից։ «Կրկնում եմ՝ խոսքը գնում է Խծաբերդի դեպքերի մասին, երբ 60-ից ավելի հայ զինվորականներ գերի դարձան, և հիմա Ադրբեջանը նրանց համարում է  ահաբեկիչներ։ Հիմա շատ կարևոր հանգամանք է, որ բացակայում է  Ռուսաստանի և Հայաստանի արձագանքը Խծաբերդի իրադարձությունների վերաբերյալ։ Սա մտահոգիչ է։ Եթե Խծաբերդը գտնվում է Լեռնային Ղարաբաղում և հրադադարը հաստատելու պահին հայկական հսկողության տակ էր, ապա ըստ եռակողմ հայտարարության այդ տարածքը պետք է գտնվի հայկական հսկողության տակ։ Եթե  Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարությունը, ապա այդ խախտումը պետք է գրանցվի, արձանագրվի ու դրա վերաբերյալ կողմերը համապատասխան միջոցներ ձեռնարկվեն։ Հակառակ դեպում, որեւէ պայամանավորվածություն այդ  ձևաչափով որեւէ վստահություն չի ներշնչի որեւէ մեկին»,- ասաց Ղուկասյանը։ 
 
 Երկրորդ կարևոր հանգամանքը, ըստ Ղուկասյանի, Ադրբեջանում պահվող  մոտ 200 գերիներն են, ռազմագերները, որը ևս վկայում է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերը չեն կատարվել։ Իսկ այդ հայտարարությամբ սահմանվում էր բոլորը բոլորի դիմաց փոխանակում։ 

«Այդ խնդիրը նույնպես խոչընդոտ է, վստահությունը նվազում է և հասկանալի չէ, թե ինչպես կարելի էր շարժվել առաջ, եթե այն պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել մինչ այդ, չի կատարվում, կամ կատարվում է մասամբ և թերություններով։ Իմ կարծիքով՝ այս խնդիրները մնացին առանց բավարար լուսաբանման  և առանց բավարար արձագանքի պաշտոնական Երևանի և Մոսկվայի կողմից, որը լուրջ բարդություն է համաձայնագրի մնացած  կետերի կատարման համար»,-եզրափակեց Ղուկասյանը։
 
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյան էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով մոսկովյան հանդիպմանը և հանդիպման ժամանակ կատարված շեշտադրումներին, նկատեց, որ Ռուսաստանը համառորեն առաջ է տանում, պնդում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը, քանի որ ռուս-թուրքական մեծ համաձայնությունը, որին կուլ գնաց նաև Արցախը, իր մեջ ներառում է տրանսպորտային հաղորդակցությունների բացումը և Հայաստանի նկատմամբ լուրջ ճնշում է գործադրվում այդ հարցը լուծելու համար։ 

«Բնականաբար, Հայաստանն էլ պետք է փորձի իր շահերը առաջ տանել, համաձայնագրի մյուս կետերի իրականացում պահանջել՝ ռազմագերիների ամբողջական վերադարձ, Արցախի կարգավիճակի հարցի քննարկում և այլն։ Կախված նրանից, թե մեր դիվանագիտությունը ինչպես կաշխատի և ինչպիսի ներքաղաքական կայունություն կունենանք, կարելի կլինի գնահատել, թե ինչքանով արդյունավետ կլինի հայկական շահերի իրացումը այս մթնոլորտում։ Այն, որ Ռուսաստանը և այլ քաղաքակրթական կենտրոնները մեզ ստիպելու են, որ իրենց արտաքին շահերը իրացվեն, դա միանշանակ է»,-ընդգծեց Ղևոնդյանը՝ ավելացնելով, որ անկախ ամեն ինչից Հայաստանը համաձայնագրի բոլոր կետերը պետք է պայմանավորի միմյանցով և փորձի առաջին հերթին համաձայնագրի երաշխավոր Ռուսաստանից պահանջել, որպեսզի համաձայնագրի բոլոր կետերը կատարվեն։ 

Արփի Հարությունյան