Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատգամավորը դիմել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին՝ հայ ռազմագերիների ազատ արձակմանն աջակցելու հարցով

Պատգամավորը դիմել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին՝ հայ ռազմագերիների ազատ արձակմանն աջակցելու հարցով
Միջազգային
23:02, 11 апрель 2021
Լյուքսեմբուրգի խորհրդարանի «Այլընտրանքային ժողովրդավարական ռեֆորմ» խմբի անդամ Ֆերնան Կարտեյզերը այդ երկրի խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենին հարցեր է ուղղել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել նրանց գերությունից ազատելու ուղղությամբ։

Այս մասին հայտնում է Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվո հյուպատոսությունը։

«Հայ ռազմագերիներին տանջելու մասին տեսանյութերը սոցիալական ցանցերում շրջանառվում էին դեռևս նոյեմբերի 9-ի հրադարարից առաջ։ Հրադադարից հետո Հայաստանը ռազմագերիների փոխանակման շրջանակում Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի ռազմագերիներին։ Ենթադրվում է, որ Ադրբեջանն առ այսօր գերության մեջ է պահում մոտ 200 մարդու, այդ թվում՝ խաղաղ բնակիչների։

Այդ համատեքստում ես կցանկանայի արտաքին գործերի նախարարին տալ հետևյալ հարցերը՝
Տիրապետո՞ւմ է կառավարությունն արդյոք տեղեկատվության՝ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ, որոնք հրադադարի հաստատումից 5 ամիս անց, առայսօր գերության մեջ են Ադրբեջանում։

Տիրապետո՞ւմ է արդյոք կառավարությունը ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ և այլազգի մարդկանց տանջելու մասին տեղեկատվությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Ֆերնան Կարտեյզերը Լյուքսեմբուրգի կառավարությանը հարցադրում է ուղղել առ այն, թե ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում կառավարությունը, որպեսզի՝ Ադրբեջանը հրապարակի գերիների ամբողջական ցուցակը, իրականացնի հրադադարի հաստատմամբ իր ստանձնած մարդասիրական պարտավորությունները, հարգի միջազգային մարդասիրական իրավունքն ընդհանրապես և չչարաշահի ու տանջանքի ենթարկի անձանց։

Պատգամավորի հարցադրումները նաև վերաբերել են խաղաղ բնակչությանն օգնելու գործում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին աջակցությանը, Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող այն տարածքներ միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցիչների մուտքի թույլտվություն ստանալու աջակցությունը, որտեղ հրադադարից հետո անձինք են գերեվարվել։

Պատգամավորը կառավարությունից հետաքրքրվել է նաև վերոնշյալ խնդիրների վերաբերյալ Մինսկի խմբի անդամների տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու, մարդասիրական վերոհիշյալ խնդիրները միջազգային կառույցներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպական Միությունում, Եվրոպայի խորհրդում բարձրաձայնելու և այդ կառույցներից ռազմագերիների ազատումը պահանջելու, ինչպես նաև Բաքվի կողմից խոչընդոտումը շարունակելու դեպքում Ադրբեջանի դեմ հասցեական պատժամիջոցների կիրառման հարցերով։