Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի պատերազմում 41 հայ է զոհվել, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են. Ուկրաինայի ու Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչները՝ ռուս-ուկրաինական պատերազմի ու հանրաքվեի մասին

Ուկրաինայի պատերազմում 41 հայ է զոհվել, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են. Ուկրաինայի ու Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչները՝ ռուս-ուկրաինական պատերազմի ու հանրաքվեի մասին
Միջազգային
15:48, 30 сентябрь 2022
Սեպտեմբերի 23-27-ը հանրաքվեներ են անցկացվել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը ՌԴ կազմի մեջ ընդգրկելու վերաբերյալ։ 

Ըստ ՌԴ-ի՝ հանրաքվեների արդյունքները հօգուտ Ռուսաստանի են եղել՝ նշված մարզերում հանրաքվեի մասնակիցների ավելի քան 90 տոկոսը կողմ է եղել ՌԴ կազմի մեջ մտնելուն։ Իսկ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Կրեմլում կկայանա Ռուսաստանի կազմի մեջ նշված տարածքների ընդգրկման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը, որի ժամանակ նաև ելույթով հանդես կգա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

Civic.am-ը Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի հայ համայնքը ՌԴ կազմի մեջ մտնելու հարցում, ինչին ի պատասխան մեր զրուցակիցն արձագանքեց. «Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք փետրվարի 24-ին, մենք ճանաչում ենք Ուկրաինան ամբողջական՝ իր 1991թ. սահմաններով՝ ՄԱԿ-ով ճանաչված պետություն։ Մենք չենք փոխում մեր դիրքորոշումը։ Այդ դիրքորոշումը նաև արտահայտել ենք 2014թ. Ղրիմի կեղծ հանրաքվեի ժամանակ»։

Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահն ընդգծեց, որ ավելի քան 7 ամիս ձգվող ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինային հաջողվել է ազատագրել մի շարք տարածքներ, այդ թվում՝ Խարկովի մարզը. «Ռուսաստանին ամբողջ Ուկրաինան է պետք, բայց հույս ունենք, որ Արևմուտքի օգնությամբ մնացած մարզերն էլ կազատագրենք, հիմա Ուկրաինան Խարկովն է ազատագրել և Խերսոնի մարզի հյուսիսային հատվածը»։

Մեր զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանը հանրաքվեն անցկացրել է Խերսոնի մոտ 75 տարածքներում, որտեղ վերահսկողություն ունի, Զապորոժիեի մարզի 60 տոկոս հատվածներում, Լուգանսկի՝ 90 տոկոս, իսկ Դոնեցկի՝ ավելի քիչ, քան 50 տոկոս տարածքներում: «Լուգանսկի մարզը միակ մարզն է, որտեղ ռուսական կողմը 7 ամսվա մեջ ունեցավ լուրջ արդյունք։ Այս գիշեր Դոնեցկի մարզի Լիման քաղաքում Ուկրաինայի բանակը ռուսական զորքին շրջափակման մեջ է գցել»,- ասաց նա։

Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ հայերը, որոնք ստիպված են եղել պատերազմի սկզբում լքել Ուկրաինան, իրենք հիմնականում բազմազավակ հայրեր են եղել, հաշմանդամներ կամ էլ կանայք՝ իրենց անչափահաս երեխաների հետ. «Մնացած հայությունն իրենց տներում է, օկուպացված մարզերում, որտեղ կեղծ հանրաքվեներ են անցկացվել՝ շատ հայեր կան։ Հանրաքվեի թվերին ես ծանոթ եմ, օրինակ՝ 99 տոկոս ՌԴ-ի օգտին քվեարկածներ են եղել, բայց ինչպես են հաշվել այդ տոկոսը, եթե  Դոնեցկում, օրինակ, ապրում է 3 մլն մարդ, համարենք 0,5 մլն-ը դուրս է եկել մարզից՝ մնում է 2,5 մլն մարդ։ Հիմա 2,5 մլն-ն էլ կիսում ենք 50 տոկոս, որովհետև մարզի 50 տոկոսն իրենցն է, 50-ը իրենցը չէ, և մնում է 1,5 մլն մարդ, և այդքան մարդուց 99 տոկոսը չի կարող քվեարկել, որովհետև կան նաև երեխաներ, հետևաբար մնաց 1 մլն մարդ, ու ես չեմ հավատում, որ այդ 1 մլն-ն էլ քվեարկել է ՌԴ կազմի մեջ մտնելու օգտին։»։ 

Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցչի խոսքով՝ ինքը կապի մեջ է այն մարզերի հայ բնակիչների հետ, որոնք ՌԴ-ի տիրապետության տակ են. «Կան հայեր, որոնք չեն մասնակցել քվեարկությանը, նաև պատմել են, որ ավտոմատներով գալիս էին ու ստիպում գրանցվել հանրաքվեին ու քվեարկել»։

Դավիթ Մկրտչյանը պատմեց, որ Զապորոժիեի մարզի Վասիլյևկա քաղաքում անցման կետ էր ստեղծվել՝ միջանցք, և  ՌԴ-ի տիրապետության տակ գտնվող մարզերից ժողովուրդը գալիս էր Զապորոժիե կամ Դնեպր քաղաքներ՝ առևտրի կամ բարեկամներին տեսակցության, ու այսօր ռուսական կողմից շատ ուժեղ հրթիռակոծություն է եղել. «Մինչև հիմա պաշտոնական աղբյուրները չեն կարողանում ասել զոհերի թիվը, բայց ըստ տարբեր աղբյուրների՝ 80-ից ավելի խաղաղ բնակչություն է զոհվել։ Ես 30 տարի է՝ ապրում եմ Ուկրաինայում՝ անկախ պետությունում, կայացել եմ այստեղ ու չեմ ուզում, որ Ուկրաինան որևէ այլ երկրի կազմի մեջ լինի, դա միայն Ռուսաստանին չի վերաբերում, ես չեմ ուզում, որ Լեհաստանը գա, Գերմանիան զավթի և այլն»։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ապրում է Ուկրաինայում ու հենց այս պահին Կիևում է։ Մեր զրույցի ժամանակ տագնապի ազդանշանը միացավ, որը պարզ լսելի էր հեռախոսով։ Ազդանշանի դեպքում բնակիչները պետք է ապաստարաններ մտնեն։ Դավիթ Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ եթե Կիևի դեմ չկա հարձակում, ինչո՞ւ է միանում ազդանշանը, որին ի պատասխան նա արձագանքեց. «Կիևում լինում է այնպես, որ օրը տասն անգամ միանում է ազդանշանը, հրթիռակոծություններ կան՝ ՀՕՊ-ն է աշխատում, Կիև չի հասնում»։ 

Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ իր տվյալներով, Արևմուտքը միայն զինամթերք է ուղարկում Ուկրաինա, այլ ոչ թե զորք՝ Ռուսաստանի դեմ պատերազմելու համար։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ հայազգի զոհերի թիվը 41-ն է, որից 25-ը քաղաքացիական անձինք են։ 

Civic.am-ը կապ հաստատեց նաև Լուգանսկի մարզի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդան Հայրապետյանի հետ։ Նրա խոսքով՝ ժողովուրդն իր կամքով պարտաճանաչ ընտրության է գնացել։

Հարցին՝ հնարավո՞ր է ժողովուրդը վախի մթնոլորտում ընտրած լինի Ռուսաստանին միանալու տարբերակը , Վարդան Հայրապետյանն արձագանքեց. «Տենց բան չկա, ժողովուրդն արդեն 8 տարի է՝ հոգնել է այս վիճակից, լարված վիճակ է 2014թ.-ից»  

Հարցին՝ Լուգանսկում մեծամասնությո՞ւն են կազմում ռուսները, Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչը պատասխանեց. «Ուկրաինացիներ էլ կան, բայց այստեղ մեծամասնությունը ռուսներ են»։

Վարդան Հայրապետյանը պատմեց, որ ուկրաինական բանակը Լուգանսկի խաղաղ բնակավայրերի վրա է կրակում, որոնք գտնվում են Ռուսաստանի տիրապետության տակ. «Երեկ Կուպյանսկից տեղահանվածների հետ էի խոսում՝ տեղափոխվելուց 14 հոգի զոհվել են, որից 10-ը երեխաներ են եղել, տեղի բնակիչներն ասացին՝ Ուկրաինայի կողմից խփեցին, դա երեք օր առաջ էր»։

Հարցին՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքը բազմաթիվ պատժամիջոցներ է կիրառել, հույս ունե՞ք, որ կհաղթի այս պատերազմում, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ռուսաստանն այսօր կռվում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի դեմ։ Մենք այստեղի ապրող ենք, ամեն ինչ էլ տեսնում ենք։ Այսօրվա Ուկրաինայի ղեկավարությունն է ծախել Ուկրաինան ԱՄՆ-ին՝ ուզում են Ուկրաինայով թուլացնել Ռուսաստանին։ Մեր՝ Լուգանսկի ժողովուրդը չի կռվել ուկրաինացիների դեմ՝ ազգի դեմ չի կռվել, այլ ղեկավարության դեմ։ Հիմա Ուկրաինայի կողմից ավելի շատ վարձկաններ են կռվում՝ ՆԱՏՕ-ի զորքն է, գերի են ընկել, մարդիկ տեսել են, սևամորթից սկսած՝ ինչ ազգ ասես տեսել են»։   

Հարցին՝ ինչու են ուզում ՌԴ-ի կազմ մտել, Վարդան Հայրապետյանն արձագանքեց. «Ուկրաինան 8 տարի էր՝ սահմանը փակել էր, կրակում էր, տրաքացնում էր, տնտեսական բլոկադա էին հայտարարել։ Եթե Լուգանսկը Ուկրաինայի տարածքն է, ինչի՞ եք կրակում, տրաքացնում, սահման փակում։ Իսկ Ուկրաինայի ղեկավարությանը թելադրում են ԱՄՆ-ից։ Ուկրաինայի նախկին նախագահը՝ Պորոշենկոն, ասում էր՝ մեր երեխեքը պետք է Ուկրաինայի դպրոց գնան, իսկ իրենց (Լուգանսկի, Դոնեցկի) երեխեքը պետք է պադվալում նստեն»։ 
 
Հիշեցնենք, որ ըստ ռուսական մամուլի՝ ԼԺՀ-ում 98,42%-ը կողմ է քվեարկել Ռուսաստանին միանալուն,ԴԺՀ-ում 99,23%-ն է կողմ եղել Ռուսաստանին միանալուն, Խերսոնի մարզում՝ 87,05%-ը, Զապորոժիեի մարզում՝ 93,11%-ը։ 

Ըստ ՄԱԿ-ի սեպտեմբերի 12-ի տվյալների՝ փետրվարի 24-ից ընթացող ռուս-ուկրաինական պատերազմում զոհվել է ավելի քան 5000 քաղաքացիական անձ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչել էր դեռևս փետրվար ամսին՝ նախքան պատերազմը, իսկ այսօր Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Ուկրաինայի՝ Խերսոն ու Զապորոժիե մարզերի անկախությունը։

Նարա Մարտիրոսյան