Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիահույս եմ, որ միջազգային գործընկերները կարձագանքնեն մարդասիրական կոչին՝ մեղմելու 44-օրյա պատերազմի հետևանքները․ ՀՀ ԱԳ նախարարը՝ Լիտվայի գործընկերոջը

Լիահույս եմ, որ միջազգային  գործընկերները կարձագանքնեն մարդասիրական կոչին՝ մեղմելու 44-օրյա պատերազմի հետևանքները․ ՀՀ ԱԳ նախարարը՝ Լիտվայի գործընկերոջը
Միջազգային
14:23, 26 апрель 2021
«Հատկանշանական է, որ պարոն Լանդսբերգիսի այցը Հայաստան տեղի է  ունենում մեր երկու երկրների միջև դիվանագիտական  հարաբերությունների հաստատման  30-ամյակին ընդառաջ»,-այդ մասին այսօր Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
Նա նշեց, որ Լիտվան առաջին երկիրն է, որի հետ նորանկախ ՀՀ-ն հաստատել է  դիվանագիտական  հարաբերութուններ։ 
«Մենք մեծապես կարևորում ենք մեր ժողովուրդների միջև հարգանքի, փոխըմբռնման և ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված հարաբերությունները՝ բարեկամ Լիտվայի հետ։ Այսօր անցկացրած քննարկումների ժամանակ, որոնք նաև շարունակվելու են օրվա ընթացքում՝ տարբեր ձևաչափերով, համընդգրկուն անդրադարձ կատարեցինք հայ-լիտվական հարաբերությունների երկկողմ և բազմակողմ օրակարգին, տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի։ Հայաստանը պատրաստակամ է ձեռնարկելու գործնական քայլեր փոխադարձ հետաքրքրության ոլորտներում հայ-լիտվական երկկողմ համագործակցության առավել ամրապնդման և խթանման համար, և կարծում  եմ՝ այդ առումով առկա է բավարար ներուժ։ Այս գործընթացում մեծ դերակատարում է վերապահված մեր կողմից ղեկավարվող գերատեսչություններին։ Եվ այդ առումով առանձնահատուկ կարևորվում է ԱԳՆ-ների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, որպես երկկողմ, բազմոլորոտ համագործակցության խորացման կարևոր մեխանիզմ»,-ասաց Արա Այվազյանը։
Խոսելով նաև Հայաստան-ԵՄ գործընկերության մասին՝ նախարարը նշեց, որ Լիտվան, Եվրոպան մեր կարևոր գործընկերներից են և մենք բարձր ենք գնահատում Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում մեր երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցութունը և այն առավել  խորացնելու ուղղությամբ Լիտվայի հանձնառությունը։ 
Նախարարի խոսքով՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը, որը Լիտվան առաջիններից մեկն է վավերացրել, նոր հնարավորություն է ընձեռնում ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության հետագա խորացման  համար։ 
Նախարարը գոհունակությամբ ընդգծեց նաև մեր երկու երկրների միջև միջազգային կազմակերպությունների շրջանակներում հաստատված սերտ համագործակցությունը, որը  մտադիր են ապագայում էլ ավելի խորացնել։

Դիմելով Գաբրիելյուս Լանդսբերգիսին՝ Արա Այվազյանն ասաց․
«Պարոն Լանդսբերգիս, հայ ժողովրդի համար հատկանշական այս օրերին Ձեր՝ որպես Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած պետության արտաքին գործերի նախարարի այցը հիրավի խորհրդանշական է։ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր է գնահատում ցեղասպանության հանցագործության կանխարգելման օրակարգում Լիտվայի ունեցած կարևոր ներդրումը։ Ցանկանում եմ նաև գոհունակությամբ նշել, որ Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալը հատուկ ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։  Ցավոք,  պետք է արձանագրենք, որ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին զուգահեռ մենք այսօր կրկին բախվում ենք ծայրահեղականության, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավուքի նորմերի կոպիտ  խախտումների․ մարդկային կյանքի և արժանապատվության ոտնահարման արհավիրքին, ինչի ծայրահեղ դրսևորումը դարձան 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ այս անգամ Արցախի հայության դեմ սանձազերծած ադրբեջանական ռազմական ագրեսիան, իրականացված պատերազմական հանցագործություններն ու վայրագությունները և դրանց հետևանով առաջացած հումանիտար ճգնաժամային իրավիճակը։ Մինչ օրս լիարժեք լուծում չեն ստացել ԼՂ հակամարտության համատեքստում հրատապ հասցեգրում պահանջող հարցեր և առաջին հերթին ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը։ Հայաստանն, անշուշտ, Արցախի մեր քույրերի և եղբայրների կողքին է։ Արցախում առաջացած հումանիտար աղետի հասցեագրման հարցում, սակայն այստեղ մենք նաև միջազգային հանրության աջակցության կարիքն ունենք։ Լիահույս եմ, որ մեր միջազագային  գործընկերները կարձագանքնեն մարդասիրական կոչին, ինչը նաև կարևոր ներդրում կլինի մեղմելու 44-օրյա պատերազմի հետևանքները»,-ասաց Արա Այվազյանը։ 
Ամփոփելով խոսքը՝ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ ընդգծեց հայ-լիտվական հարաբերությունների կարևոր ներուժը և այն լիարժեք կյանքի կոչելու պատրաստակամությունը