Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դա կունենա շատ վատ քաղաքական հետևանքներ». Իրանի խորհրդարանը դատապարտել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը

«Դա կունենա շատ վատ քաղաքական հետևանքներ». Իրանի խորհրդարանը դատապարտել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը
Միջազգային
15:58, 05 апрель 2023
Իրանի խորհրդարանի 210 պատգամավորներ այսօր՝ ապրիլի 5-ին, Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը դատապարտող հայտարարություն են ընդունել։ Նրանք Իրանի ԱԳՆ-ին կոչ են արել դիվանագիտական միջոցներ ձեռնարկել այդ կապակցությամբ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի կառավարությունը գործում է «Իսլամական աշխարհի շահերին հակառակ՝ դեսպանատուն բացելով սիոնիստական ռեժիմի կենտրոնում, ներկայացնելով իր դեսպանին կեղծ ռեժիմին»։

Ադրբեջանի կառավարության այդ քայլը «կունենա բազմաթիվ բացասական քաղաքական հետևանքներ, և աշխարհի մուսուլմանները նրանց կդիտարկեն որպես սիոնիստական ռեժիմի հանցակիցներ, որոնք սպանում և կեղեքում են պաղեստինցիներին»: 

Իրանի խորհրդարանը դիմել է արաբական և իսլամական երկրների կառավարություններին, Իսլամական համագործակցության կազմակերպությանը՝ դատապարտելու Ադրբեջանի այս քայլը։

Իրանի ԱԳՆ-ին առաջարկվել է համապատասխան դիմումն ուղարկել իսլամական բոլոր երկրներին։