Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագծով արտագնա մեկնողների եկամուտը 12 մլն դրամը չգերազանցելու դեպքում, նրանք ՀՀ-ում չեն հարկվի․ Ղազարյան

«Ցանկացած բարեկացիկ միջավայրի ստեղծում, բանակի վերազինում, թոշակների բարձրացում և այլն, այդ ամենը կախված է հարկ վճարողներից։ Ինչ վերաբերվում է, որ ընդդիմադիրները վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ընկալել են, որպես արհամարհական վերաբերմունք քաղաքացիների հանդեպ, ես հակառակը կասեմ, որ արհամարհական վերևաբերմունք միշտ եղել է ընդդիմության կողմից, որոնք ժամանակին եղել են իշխանություն և բոլորս էլ գիտենք, որ թալանվել է երկիրը, բանակը, թոշակների բարձրացում գրեթե չէր լինում»։ Այս մասին նշում է Ագային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝  անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին՝ հարկ չվճարողների վերաբերյալ և այդ առիթով ընդդիմադիրների քննադատությանը։

Ինչ վերաբերվում է արտագնա աշխատանքի մեկնող մարդկանց բողոքներին, որ ՀՀ-ից իրենք չեն ցանկանում հարկվել, Ղազարյանը նշեց․ «Արտագնա աշխատանքի մեկնողների ակցիայի վերաբերյալ եղան հայտարարություններ, ես ինքս չէի հիշում, որ իմ պատգամավոր եղած ժամանակ ընդունած լինեինք օրենք, ըստ որի պետք է արտագնա աշխատանքի մեկնողները կրկնակի հարկվեն։ Այդ օրենքը եղել է վաղուց, բայց քանի որ մենք համաձայնագիր ենք ստորագրել  2020թ․-ին, սկսել ենք տեղեկատվությամբ փոխանակվել, որի արդյունքում նախատեսվում էր, որ հարկի այն մասը, որը տվյալ երկրում եկամտահարկ չի գանձվել, ապա պետք է գանձվի ՀՀ-ում։ Բայց արդեն նոր նախագիծ է շրջանառվում, ըստ որի ՀՀ-ում այլևս հարկ չեն վճարի արտագնա մեկնող այն քաղաքացիները, որոնց եկամուտ տարեկան 12 մլն դրամից քիչ է լինում»։

Ինչ վերաբերվում է Վարդենիսում անձնագրային բաժանմունքի ու դատարանի փակմանը, Ղազարյանն ասաց․ «Օպտիմալացման շրջանակներում ՀՀ-ում 51 դատական նստավայրերից 9-ը փակվում են ու տեղափոխվում են, քանի որ քաղաքացիական դատավարությունը այսուհետ էլեկտրոնային եղանակով է իրականացվում ու նույնն էլ անձնագրային որոշ գործառույթներ անցնում են էլեկտրոնյաին ձևով իրականացման ու դա թեթևացնում է նաև քաղաքացիների բեռը, քանի որ ամեն անգամ կադաստրային կոմիտե կամ անձնագրային բաժանմունք գնալու փոխարեն, այդ գործառույթները կարող են իրականացվել էլեկտրոնային եղանակով»։

Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան