Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում չկան այնպիսի ուժեր, որոնք կարող են իշխանափոխություն անել՝ նույնիսկ Մոսկվայի «դաբրոյով»

«Ես չեմ կարծում, թե ինչ-որ լուրջ բան կփոխվի այդ դեպքում, որովհետև Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև հարաբերություն գրեթե չկա, և նույնիսկ Հայաստանի ու Ռուսաստանի միջև, որպես ՀԱՊԿ-ի անդամներ, հարաբերություն չկա։ Մենք տեսնում ենք, որ խնդիրները կան։ Եթե ՀՀ-ն դե յուրե դուրս գա ՀԱՊԿ-ից, կարծում եմ՝ շատ բան չի փոխվի, Ռուսաստանի հռետորիկան կփոխվի, բայց լուրջ պատճառ չեմ տեսնում, թե ինչու դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչ է տալու դա մեզ»: Այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի, եթե ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից։ 

Հարցին, թե ինչ վտանգներ կարող են առաջանալ, եթե ՀՀ-ն թույլ չտա ռուս սահմանապահներին շարունակել ծառայություն իրականացնել օդանավակայանում, Իսկանդարյանը ասաց. «ՌԴ-ն մեծ երկիր է և հազար ու մի բանով կապված է Հայաստանի հետ։  Վտանգներ կան, ու շատ բան կարող է անել, եթե Մոսկվան բորբոքվի։ Մոսկվան կարող է անվտանգային ոլորտից բացի, այլ ձևով պատասխանել՝ տնտեսական, քաղաքական։ Բայց սպասել շատ լուրջ քայլերի՝ չեմ կարծում, որ կլինեն։ Նույն Հռոմի ստատուտի հետ կապված էլ հարց կար, որ եթե ընդունենք՝ ինչ վտանգներ կարող են լինել, ընդունեցինք, ու ոչինչ էլ չեղավ։ Այսինքն՝ նորից տիկին Զախարովան ելույթ կունենա, ինչ-որ բան կասի պարոն Լավրովը, ինչ-որ թոք շոուներում էմոցիոնալ կխոսի տիկին Սիմոնյանը, կամ «Ջերմուկ» հանքային ջրում «ուքսուս» կգտնեն, կապրենք՝ կտեսնենք, բայց ինձ թվում է, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առկա խնդիրները շատ ավելի լուրջ են, քան «Զվարթնոց»-ի սահմանապահները»։   

Հարցին, թե արդյոք ռուսական իշխանությունները ցանկանում են ՀՀ-ում իշխանափոխություն կամ հեղաշրջո՞ւմ իրականացնել ներքին ռուսամետ ուժերի միջոցով՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա խնդիրները, Իսկանդարյանը պատասխանեց. «Եթե Հայաստանում կան ուժեր, որոնք ցանկանում են փոխել իշխանությունը, և նրանց չի հերիքում Մոսկվայի «դաբրոն», իսկ մնացած ամեն ինչը նրանք ունեն, ապա թող ինձ ցույց տան, թե որտեղ են նրանք և ինչու մինչև հիմա իշխանափոխություն չեն արել։ Երբ երկրում տեղի է ունենում հեղաշրջում, դա նախապես տեսանելի է լինում։ Ես հիմա ՀՀ-ի ներքին ուժերում չեմ տեսնում այնպիսի ուժեր, որոնք կարող են իշխանափոխություն անել։ Եթե նրանց ՌԴ-ից տան աջակցություն և փող, ինձ դժվար կլինի պատկերացնել, որ նրանք ինչ-որ բան կարող են փոխել»։

Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը լուրջ քաղաքական ուժեր չե՞ն, որ կարող են իշխանափոխություն անել, Իսկանդարյանը արձագանքեց. «Ինձ ընդհանրապես թվում է , որ ՀՀ-ում չկան լուրջ քաղաքական ուժեր, ես նկատի ունեմ թե՛ ընդդիմությանը և թե՛ իշխանությանը»։

Իսկանդարյանի խոսքով՝ այն, ինչ չենք կարողանում ստանալ ՌԴ-ից, ստիպված ենք փնտրել այլ երկրներում. «Հայաստանի իշխանությունները փորձում են տարբերակներ գտնել նոր անվտանգային մեխանիզմի համար այլ ռեգիոններում, այլ պետությունների հետ համագործակցելով, օրինակ՝ Հնդկաստանի, կառուցել սեփական անվտանգությունը այնպես, որ կայուն իրավիճակ լինի։ Այնպես չէ, որ սա ազատ ընտրություն էր Հայաստանի կողմից, այլ տարբերակ չկար, և կշարունակվի այս ամենը, իսկ ՌԴ-ում կբորբոքվեն այս ամենից, որովհետև նրանք Արևմուտքի հետ հակառակորդ են։ Պետք է կարողանալ բալանսավորել այս ամենը»։

Մանրամասները՝ տեսանյութում։