Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չպետք է թողնել արհավիրքը գա մեր դուռը. ԱՄՆ-ն կարող է ազդել Ալիևի հնարավոր գործողությունների վրա

«Ակնկալվում է, որ ապրիլի 5-ի հանդիպմանն ավելի առարկայական գործիքակազմ կմշակվի ընդդեմ Ադրբեջանի։ Չպետք է թողնել արհավիրքը գա  մեր դուռը, և ԱՄՆ-ն կարող է ազդել Ալիևի հնարավոր գործողությունների վրա»: Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով  Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լյայեն հանդիպմանը։

Դիտարկմանը, որ Հայաստան-Արևմուտք հարաբերությունները ՌԴ-ի կողմից թշնամական են համարվում, Բագրատյանը ասաց. «Մեր քայլերը ՌԴ-ի դեմ թշնամական չեն, պահպանում ենք մեր պետական շահը։ Եթե մենք 2020 թվականի պատերազմից հետո տեսնում ենք, որ մեր ռազմավարական դաշնակիցը ի վիճակի չէ կամ չի կարողանում ապահովել անվտանգությունը տարածաշրջանում, ապա մենք չենք կարող մեր ժողովրդի ճակատագիրը թողնել բախտի քմահաճույքին ու պարտավոր ենք լրացուցիչ անվտանգային համակարգեր օգտագործել»։

Անդրադառնալով Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին և Թուրքիայի դերին ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մեջ՝ Բագրատյանը ասաց. «Թուրքիան միշտ հայտարարել է, որ եթե պատերազմական գործողություններ լինեն, ապա ինքը Ադրբեջանի կողքին է, բայց խոսքը վերաբերում է այն պատերազմին, որտեղ արդարացիություն կա, ու Ադրբեջանը իր տարածքն է, օրինակ, հետ բերում։ Բայց եթե Ադրբեջանը ագրեսիայի է դիմում, դա այլ իրավիճակ է, ու Թուրքիան այդտեղ շատ ավելի զգուշավոր ու դիվանագիտական քայլեր է անում»։


Դավիթ Լևոնյան
Մանրամասները՝ տեսանյութում։