Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կուզենամ, որ Անկախության օրն ավելին լինի, քան Նոր տարին. այս օրը մեր պետության ծննդյան օրն է. Արմեն Մարտիրոսյան

Կուզենամ, որ Անկախության օրն ավելին լինի, քան Նոր տարին. այս օրը մեր պետության ծննդյան օրն է. Արմեն Մարտիրոսյան
Հարցազրույց
18:44, 21 сентябрь 2021
Civic.am-ի զրուցակիցն է «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

- Պարոն Մարտիրոսյան, Անկախության 30-ամյակի տոնին չմասնակցելու կոչերը շարունակվում են որոշ շրջանակների կողմից: Պե՞տք էր այս պայմաններում նշել Անկախության տոնը: 

- Ցավոք, Հայաստանի Անկախության օրը միշտ նսեմացված է եղել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, որովհետև անկախ պետության քաղաքացին իր բնույթով է դառնում անկախ, իշխանությունից անկախ: Ինչի՞ Նոր տարվա հետ կապված նման բաներ չէին ասում, Նոր տարին էլ ինչ-որ ձևով նշում էինք, չէ՞, կորուստ ունեցող ընտանիքն էլ էր նշում, իրար շնորհավորում էին, չէ՞, կամ հաջորդ օրը գերեզմանում էին նշում, և ես կուզենամ, որ Անկախության օրն ավելին լինի, քան Նոր տարին: Ճիշտ է, մենք ունենք տխրություն՝ կապված պարտության, մարդկային կյանքերի կորստի հետ, բայց այս օրը մեր պետության ծննդյան օրն է: Մարդիկ անգամ տխրության մեջ են միմյանց ծնունդը շնորհավորում: Ո՞վ է ասում՝ հատուկ խնջույքներ անեն, բայց պարտադիր պետք է նշվի Անկախության օրը, բայց համեստ նշվի: Գերեզմաններին էլ են լույսեր միացնում, երգում, ճառեր ասում: Մեր պետականությունը ևս մեկ տարի մեծացավ, մենք առաջին հերթին պետք է մեր ներսում նշենք մեր պետության ծննդյան օրը, հասկանանք՝ ինչքանով ենք մենք արժանի, ինչքանով է այդ օրը մեզ՝ որպես քաղաքացիների, արժանի: Հիմա այս օրը մեզ իմաստո՞ւն դարձրեց, թե՞ ավելի հիմարացրեց՝ դրանք երրորդական, չորրորդական հարցեր են:    

- Դուք նշեցիք` ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք նսեմացվել է Անկախության օրը, ինչպե՞ս է արտահայտվել դա: 
 
- Չնշելով, անտեսվելով: Միշտ Նոր տարին ավելի է ճոխացվել, քան Անկախության օրը: Ես կուզենայի, որ մեր շատ, ավելի շատ քաղաքացիների և պաշտոնյա քաղաքացիների համար այս օրը իսկապես լիներ կարևոր օր: Այն ժամանակներում չի կարևորվել՝ անկախության շատ ձեռքբերումներ փչացվել են: Օրինակ՝ մեր անկախ պետականությունը որոշել էր, որ իշխանության կողմից բաժանվող կոչումներ պետք է չլինեն՝ ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ, վաստակավոր դերասան և այլն: Այսինքն՝ պետությունը չպետք է կաշկանդի իր մտավորականին, իսկ Ռոբերտ Քոչարյանը եկավ՝ դա վերացրեց: Օրինակ՝ Մարտի 8-ը, մենք մայրության ու գեղեցկության օր էինք սահմանել Ապրիլի 7-ը, բայց Ռոբերտ Քոչարյանը եկավ ու Մարտի 8-ը վերականգնեց, քիչ էր մնում Փետրվարի 23-ը վերականգնի: Այսինքն՝ Իմպերիայի ծոցում ծնված-մեծացած մարդիկ չէին հասկանում՝ ինչ է նշանակում պետություն, անկախություն:  

- Այս ծանր պատերազմից ու թողած հետևանքներից հետո տեսնո՞ւմ եք վտանգ մեր պետականությունը կորցնելու:


- Որ վտանգներ կան՝ տեսնում եմ, բայց եթե այս պահից սկսած հեռատես լինենք, միայն ձեռքբերումներ կլինեն: 

- Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն հանդիպման առաջարկ է արել Վրաստանի վարչապետի միջոցով: 

- Դաստիարակված մարդը որ առավոտը դուրս է գալիս, նույնիսկ իր չսիրած հարևանին ասում է՝ «Բարի լույս»: Հարաբերություններ ստեղծել չի նշանակում իրար ծոց քնել, կամ երկու իրար չսիրող հարևան կարող են մուտքի խնդիրները լուծել՝ իրար հետ գումար դնելով: Մենք մեր հարևանների հետ ունենք լիքը խնդիրներ, օրինակ՝ ընդհանուր օգտագործման ջրամբարների,  գետի հոսքերի խնդիրներ, ճանապարհների, էկոլոգիայի, հազար ու մի խնդիր ունենք: Եվ մենք պետք է խոսենք հարևանների հետ:   

- Թուրքայի նախագահի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը նույնիսկ այս առաջարկվող հանդիպման շրջանակում իր համար կարևոր նախապայման է:

- Եթե հիշում եք, Թուրքիան Ռուսաստանի հետ կապված էլ էր նախապայմաններ առաջ բերում 5 տարի առաջ: Հենց Ռուսաստանը Թուրքիայի լոլիկները արգելեց մտնի Ռուսաստան, Թուրքիան հետևի թաթիկների վրա սիրուն հետ գնաց Ռուսաստան: Այսինքն՝ Էրդողանը շատ նորմալ քաղաքական գործիչ է: Երբ իր պետության շահերին ինչ-որ բան է վտանգում, ինքը սկսում է նահանջել, եթե տեսնում է, որ ձեռքբերումներ կունենա, առաջ է գնում՝ շարիկ ա գլորում, հիմա կարող է կուտը ուտենք, եթե չենք ուտի՝ ուրիշ բան կառաջարկենք:  
Ցանկացած խաղ՝ դիվանագիտական, թե շախմատ, ուժերի չափում է, սկզբնական դիրքը՝ սկզբնական պայմանը, ու վերջնական դիրքը՝ վերջնական պայմանը, իրարից էապես տարբերվում են: Փաշինյանը ինչի՞ պետք է համաձայնի Էրդողանի առաջարկին, թող ինքն էլ իր առաջարկներն անի, բայց չխոսելը հակամարդկային է: Աստված մեզ լեզուն տվել է, որ խոսենք՝ հարևանի, բարեկամի, թշնամու հետ, երբ որ չես խոսում, չես հասկանում թշնամու տրամադրությունը, երբ չես խոսում, չես հասկանում՝ հարևանդ տակդ փորո՞ւմ է, թե՞ մի լավ բան է անում: Եվ այն բոլոր ուժերը, որոնք դեմ են այս մարդկայինին, բոլոր նրանք, ովքեր ասում են՝ մենք պետք է չխոսենք հարևանների հետ, ուրեմն իրենք հակամարդկային են:
 
- Դուք օրինակ բերեցիք՝ երբ չես խոսում, չես հասկանում՝ հարևանդ տակդ փորո՞ւմ է , թե՞ լավություն է ուզում անել: Իսկ Թուրքիայից սպասելի՞ է լավություն:   
 
- Մեզ հետ իրենք 20 տարի չեն խոսել, մենք չգիտենք՝ իրենք այդ  «Բարի լույսը» լա՞վ են ասում, թե՞ վատ են ասում: Էրդողանն ասաց՝ արժի կոմունիկացիաները բացել, դա նշանակում է, որ արդեն խոսում է, և մենք էլ կարող ենք պատասխանել, և ինքը պատրաստ է լսել մեր ասածը: Արդեն երկխոսություն է սկսվում, ու մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք այս ամենին: Մեր շահերը կապված են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ կրթական, լոգիստիկ, քաղաքակրթական, վերջապես գնանք մեր 110 տարի առաջվա մեռելների շիրիմներին կանգնենք, գնանք մեր հայրենիքը տեսնենք՝ ոչ թե Վրաստանով գնանք, այլ ուղիղ գնանք, Արաքսն անցնենք ու գնանք: Արժի՞ գնանք այնտեղի մեր եկեղեցիներում մոմ վառենք, արժի՞, թե՞ չէ, թե՞ մեզ դուր է գալիս բանտը: Այնպես է ստացվել, որ մեր սահմանների մեծ մասն այդ 2 պետություններին է բաժին ընկել: Հիմա արժի՞, որ մենք ավելի շատ շփվենք աշխարհի հետ, թե՞ ոչ, և սա միայն տնտեսական խնդիր չէ: Հիմա մենք ուզո՞ւմ ենք աշխարհի հետ համահունչ ապրել, թե՞ չէ: 

Նարա Մարտիրոսյան