Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բռնի գործողությունը, որ այսօր ընկել է իմ աչքով, դա Աննա Մկրտչյանի կողմից ոստիկանին բռնի կերպով գրկելն ու մեքենային սեղմելն է եղել. Վահագն Ալեքսանյան․ ուղիղ

Բռնի գործողությունը, որ այսօր ընկել է իմ աչքով, դա Աննա Մկրտչյանի կողմից ոստիկանին բռնի կերպով գրկելն ու մեքենային սեղմելն է եղել. Վահագն Ալեքսանյան․ ուղիղ
Հարցազրույց
17:06, 17 май 2022
«Ես կարծում եմ՝ պարոն Սաղաթելյանը պետք է սկսի արդեն ինչ-որ մի հատոր գրել այն մասին, թե ինչպես չպարալիզացված քաղաքն անվանել պարալիզացված, ինչպես չկանգնած երկիրն անվանել կանգնած, ու այդպես շարունակ։ Եթե Իշխան Սաղաթելյանն այս տեմպերով շարունակի, այն է՝ հերքելով բացարձակ ու ակնհայտ ճշմարտությունները՝ ինչ-որ օդից արտահայտություններ անի, շուտով նա կհայտարարի, որ իր հրամանով է, որ արևը երեկոյան մայր է մտնում, և միայն իր հրամանով է այն առավոտյան նորից ծագում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։       
Նրա խոսքով՝ իրականում այս ամենը շատ ծիծաղելի է, և իրեն հետաքրքրում է, թե չի՞ ամաչում արդյոք Իշխան Սաղաթելյանը, երբ ամեն օր կանգնելուվ նույն երկու-երեք հազար մարդու առաջ՝ հայտարարում է բաներ, որոնք իրականություն չեն։ 

Խոսելով այն մասին, որ ընդդիմությունը հայտարարում է, թե ոստիկանությունն իրենց  նկատմամբ անհամաչափ ուժ և բռնություն է  գործադրում, Վահագն Ալեքսանյանն ասաց, որ որքանով հետևել է այդ ակցիաներին, այնտեղ տեսել է խիստ ագրեսիվ, այլատյաց ցուցարարներ, որոնք հարվածել են մեքենաների դռներին, որոնք այսօր կոտրել են մի մեքենայի հայելի, այսօր կան կադրեր, որ Էդուարդ Շարմազանովի գլխավորած ինչ-որ մի խումբ հարձակվում է հերթական վարորդի վրա, շշով հարվածում նրան, տեսել է կադրեր, թե ինչպես են հարձակվում ճանաչված ու սիրված դերասան Սոս Ջանիբեկյանի վրա՝ ընդամենը փողոցում քայլելիս, և վերջիվերջո տեսել է, թե ինչպես են Գյումրիում ծեծում պապիկների։

«Ու երբ որ այս պապիկ ծեծողները ու նրանց հովանավորները խոսում են բռնությունից կամ ոստիկանության անհամաչափ գործողություններից, այստեղ պետք է ֆիքսել մի շատ կարևոր փաստ՝ այն ցույցերը, ակցիաները, բողոքի գործողությունները, որոնք իրենք անում են, ոչ մի կապ չունեն խաղաղ ցույց հասկացողության հետ. խաղաղ ցույցը միջազգային իրավական տերմին է, որն ունի իր հստակ բացատրությունը, երբ ակցիայի մասնակիցները խաղաղ են, չեն գործադրում բռնություն, բռնության կոչեր չեն անում, այլատյացություն չեն դրսևորում, չեն թիրախավորում այլ քաղաքացիների։ Սա դրա հետ ընդհանրապես կապ չունի։ Ու այսօրվա կադրերը ես տեսել եմ, ու ամենաբռնի գործողությունը, որ ընկել է իմ աչքով, դա Աննա Մկրտչյանի կողմից ոստիկանին բռնի կերպով գրկելն ու մեքենային սեղմելն է եղել»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան