Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ երկրիցդ փախչում են պաշտպանության նախկին նախարարները, ուրեմն ինչպես են կառավարել, որ հետո պետք է փախչեն. ավելին՝ փախչելուց հետո պարզվում է, որ իր հետ տանում է փողեր. Անդրանիկ Քոչարյան․ ուղիղ

Երբ երկրիցդ փախչում են պաշտպանության նախկին նախարարները, ուրեմն ինչպես են կառավարել, որ հետո պետք է փախչեն. ավելին՝ փախչելուց հետո պարզվում է, որ իր հետ տանում է փողեր. Անդրանիկ Քոչարյան․ ուղիղ
Հարցազրույց
15:37, 25 ноябрь 2022
«Ճանապարհը հստակ է՝ պետք է պահպանվեն բոլոր այն համաձայնությունները, որոնք արձանագրված են հրադադարի ռեժիմից սկսած»,- Անդրանիկ Քոչարյանն այսպես մեկնաբանեց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հնարավոր կնքման մասին հարցին։ Նաև նշեց, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից։

Իշխանական պատգամավորը արձանագրում է, որ վարչապետը չի ստորագրել այն փաստաթուղթը, որում ամբողջ ծավալով չէին ներառված հայկական կողմից դրված խնդիրները։ 

Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջներին կամ այդ կառույցին ՀՀ անդամակցության սառեցմանը՝ Քոչարյանն ասաց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում է, և ՀԱՊԿ-ը պետք է որոշի, թե նա որտեղ է, բայց լավ կլիներ, որ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները կատարեին իրենց վերապահված պարտականությունները։

Հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ-ը ներքաշվի Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին։ Անդրանիկ Քոչարյանը նման զարգացումներ ապագայում չի տեսնում։ 

ՀԱՊԿ նիստում Բելառուսի նախագահը կրկին բարձրացրեց անդամ պետություններում առկա արևմտյան կենսալաբորատորիաների հարցը՝ նշելով, որ դրանք անվտանգային խնդիրներ են առաջացնում։ Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանն  ասաց, որ գործընկեր երկրները ունեցել են հնարավորություն գնալու, տեսնելու, ծանոթանալու լաբորատորիաների գործունեությանը։ «Այ, եթե պարոն Լուկաշենկոյին շատ է անհանգստացնում, ինքը կարող է, որպես ՀԱՊԿ անդամ պետություն, խումբ կազմել և խմբով շրջագայել Հայաստանում գործող լաբորատորիաներով։ Մենք որևէ գաղտնի, վտանգավոր գործողություններ չենք անում, թաքցնելու խնդիր չենք ունեցել և չենք ունենա»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։  

Անդրադառնալով հայ-ադրբեջանական խնդիրների հարցում ՀԱՊԿ-ում հնարավոր կոնսենսուսին հայաստանյան ընդդիմության հնարավոր դրական արձագանքին՝ Քոչարյանն ասաց, որ ակնկալում էր, թե անվտանգային հարցերով պետք է կոնսենսուս ունենալ, որպեսզի չունենալու մասին հարց չառաջանար, սակայն իրենք չկային խորհրդարանում, երբ քննարկվում էին անվտանգային հարցեր։ Ընդդիմությունը, ըստ Քոչարյանի, չկար նաև հանձնաժողովներում, ներկա էին գտնվում միայն միջազգային գործուղումներում։ «Ոչ մի հստակություն չկա իրենց քաղաքական նպատակների, օրակարգի և մեր երկրի նկատմամբ իրենց պարտականությունների կատարման հարցում»,- ասաց Քոչարյանը։ 

Անդրադառնալով դատաիրավական թեմաներին, նշանակումներին՝ Անդրանիկ Քոչարյանը տարակուսեց, թե ինչպես է, օրինակ  Վիգեն Սարգսյանը մի օրում վաճառում Հյուսիսային պողոտայում գտնվող իր բնակարանը։ Եվ սրա հետ, օրինակ, Մնացական Մարտիրոսյանը կապ չունի։ «Մենք չենք եկել իշխանության սրա-նրա հարցերը լուծելու։ Իշխանության մեջ էլ կան՝ իրավապահ մարմիններում աշխատակիցներ, քննիչներ, դատախազներ, որ խնդիրներ են լուծում ուրիշների համար՝ քավոր, սանիկ, ախպեր, քույր։ Չէ, այսպես պետք է չլինի։ Պետական շահը պետք է բարձր լինի ամեն ինչից։ Որովհետև եթե էդ շահի սպասարկումը չկա, մեր երկիրը չես կարող համարել անվտանգ։ Երբ երկրիցդ փախչում են պաշտպանության նախկին նախարարները, ուրեմն ինչպես են կառավարել, որ հետո պետք է փախչեն։ Դա գիտե՞ք ինչ վատ բան է, որ  երկրի պաշտպանության պատասխանատուն փախչում է։ Ավելին՝ փախչելուց հետո պարզվում է, որ  ինքը իր հետ տանում է փողեր», -  ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Արտաքին հետախուզական նոր մարմնի ստեղծմանն անդրադառնալով՝ Քոչարյանն ասաց, որ ՌԴ աջակցություն նշանակում է, որ Ռուսաստանը պետք է չխանգարի այդ գործընթացին։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան