Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ճիշտ կգնահատեմ Հայաստանի կատարած օգնությունը, և չեմ ուզեր համեմատել Արցախի շրջափակումին հետ, մեկը մյուսեն զատ երևույթներ ըլլալով կգնահատեմ»․ Էստուկյան

«Ճիշտ կգնահատեմ Հայաստանի կատարած օգնությունը, և չեմ ուզեր համեմատել Արցախի շրջափակումին հետ, մեկը մյուսեն զատ երևույթներ ըլլալով կգնահատեմ»․ Էստուկյան
Հարցազրույց
16:07, 13 февраль 2023
Civic.am-ի զրուցակիցն է Թուրքիայում հրապարակվող «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։ 

- Պարոն Էստուկյան, շվեյցարական RTS հեռուստաընկերությունը հայտնել է, որ Թուրքիայում շվեյցարացի փրկարարները փլատակներից հանել են մի քանի ամսական Վարդանին և նրա մորը՝ Յասմինին։ Ունե՞ք տեղեկություն՝ փրկվածները ազգությամբ հա՞յ են։ 

- Եթե Վարդան է, մեծ հավանականությամբ հայ պետք է ըլլա, Յասմինի համար նույն միտքը կրնամ չսել, որովհետև Յասմին անունը օտարաշունչ անուն է, մեր Հասմիկն է Յասմինը, բայց կրնա պատահի, որ ան ալ հայ ըլլա։ Այ լուրսը ես չէի լսած, ապա չպիտի կրնամ ավելի շատ մեկնաբանություն ընել։ 

- Թուրքիայում երկրաշարժի հետևանքով քանի՞ հայ է զոհվել, և այդ ավերված 10 քաղաքներում հիմնականում ի՞նչ ազգեր էին ապրում։ 

- 10 կամ 11 հայ է զոհվել։ Այդ շրջանների մեջ սիրիացի փախստականներ ալ շատ կային, քրդաբնակ վայրեր շատ կան, հայեր, քրիստոնյա արաբներ կան՝ մանավանդ Հաթայի մեջ, ուղղափառ հույներ, շատ թուրքեր ալ կային անշուշտ։

- Արդեն 2 ամիս է՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փակ է, որի հետևանքով 120.000 հայեր բլոկադայի մեջ են հայտնվել, նույնիսկ այն բեռնատարները, որոնք սնունդ էին տեղափոխում Արցախ՝ իրենց մուտքն է արգելված։ Արցախցիների համար սնունդը հստակ չափաբաժիններով՝ կտրոններով է հասանելի։ Արդյոք Թուրքիան այս ամենում չունի՞ միջամտություն, և այս պարագայում ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի կողմից Թուրքիային օգնություն ուղարկելը։ 

- Այդտեղ, որ մարդկային ճգնաժամ կապրիք, դա ճիշտ է, բայց մեկը մյուսին փոխադարձող բաներ չեն, այստեղ բոլորովին տարբեր բնույթ մը կա, և ես ճիշտ կգնահատեմ Հայաստանի կատարած օգնությունը, և չեմ ուզել համեմատել Արցախի շրջափակումին հետ, մեկը մյուսեն զատ երևույթներ ըլլալով կգնահատեմ։ 

- Ինչո՞ւ չեք համեմատում, այսինքն՝ Թուրքիան Լաչինի միջանցքը փակելու հարցում որևէ առնչություն չունի՞, դա՞ նկատի ունեք։

- Անշուշտ, որ ունի։ Ինչպե՞ս պետք է ուրանանք, որ Թուրքիա ու Հայաստան հարկադրված պատերազմող երկրներ են։ Թուրքիան 44-օրյա պատերազմին ներգրավված էր, մենք թուրքական սպաներու պատրաստած ծրագիրով պատերազմեցանք, աս գաղտնիք մը չէ։ Բայց երևույթները իրար մե տարբեր են։

- Այսինքն՝ կապ չունի, որ Թուրքիան պատերազմել է Հայաստանի դեմ, միևնույն է՝ այս բնական աղետը մեղմելու համար Հայաստանը պետք է օգնության ձեռք մեկներ։ 

- Այո, ճիշտ դա է ըսածս։

- Երկրաշարժի հետևանքով անտուն մնացած մարդկանց Թուրքիայի կառավարությունն արդեն կացարան տրամադրե՞լ է, թե՞ բարեգործներն են լծված այդ քայլին։ 

- Կառավարությունը այդ մարդկային խնդիրի լուծման համար շատ սխալ եղանակներու կը դիմե, օրինակի համար՝ համալսարաններու ուսումը դադրեցուցին մինչև ամառ, և ամառը բնականաբար կդադարե համալսարանական ուսումը։ Հանրակացարանները պիտի տրամադրեն անօթևան մնացած ընտանիքներուն։ Մինչդեռ այստեղ այդ որոշումը շատ ծանր կքննադատվի՝ ըսելով, որ նախքան հանրակացարանները կարելի էր հյուրանոցները տրամադրել իրենց։ Այսինքն՝ պետությունը կըրնար հյուրանոցները փախստականներու բնակավայրի վերածեր ժամանակավոր կերպով, քանի որ հիմա տուրիզմի եղանակը չէ։ 

- Իսկ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ առաջնահերթությունը հյուրանոցներին չտրվեց։

- Կառավարության նախապատվությունն է։ Կառավարությունը միշտ գործատերներու կողքին է, այլ ոչ թե ժողովրդի։ Հատկապես Անթալիայի նման ծովափնյա քաղաքներում հյուրանոցները լեփ-լեցուն չեն։ Ստամբուլի հյուրանոցներում որոշ թվով զբոսաշրջիկներ կան, անոնք բոլորովին դատարկ չեն անշուշտ, բայց մանավանդ ծովափնյա շրջանները այս եղանակին դատարկ են։ 

- Ուսումը դադարեցվել է ընդհանրապե՞ս, թե՞ հեռավար ուսուցում է կազմակերպվելու։

- Այո, իրականացվելու է, արդեն կառավարությունը այդ է, որ կթելադրե՝ կըսե, որ հեռավար ուսուցման անցնինք, բայց մենք համավարակի օրերեն գիտենք, որ այդ եղանակն այդքան էլ արդյունավետ չէ եղած։

- Բավարա՞ր են այդ հանրակացարանները հազարավոր անօթևան մնացած մարդկանց տեղավորելու համար։ 

- Այո, որոշ չափով կըրնան բավարարել, 800.000-ից ավելի տեղ կըրնան ունենալ այդ հանրակացարանները։ 

- Այս պահի դրությամբ ինչքա՞ն է զոհերի և վիրավորների թիվը։ 

- Երկու օր է ի վեր զոհերու նույն թիվը կգրեն՝ 29.605, բայց ենթադրությունը ադոր կրկնապատիկն է։ Ազգությամբ հայ վիրավորները 3-4 հոգի են, ոչ ավելի, իսկ ընդհանուր վիրավորների թիվը 80.278 պաշտոնական հայտարարությունն է։

- Ի՞նչ տեմպերով են ընթանում փրկարարական աշխատանքները, դեռ ինչքա՞ն կշարունակվեն։  

- Ուշանալով սկսավ, հիմա տեմպերը որոշ չափով արագություն ստացած են, պիտի ըսեմ, որ անբավարար են փրկարարները, որովհետև փլած շենքերու թիվը շատ բարձր է. 11000 շենքի փլուզման մասին կխոսվի, բայց պաշտոնական հայտարարությունը 6700-ի շուրջ է, բայց իրողությունը ադոր կրկնապատիկի մոտ է։

- Դուք նշեցիք, ուշացած սկսեցին փրկարարական գործողությունները, այսինքն՝ Թուրքիայի կառավարությունը ո՞ւշ կազմակերպեց, թե՞ համապատասխան ռեսուրսներ չուներ։ Ի՞նչն էր պատճառը։

- Առաջին պահին անկազմակերպությունը շատ զգալի դարձավ և մինչև այսօր ալ ի զորու է՝ անկազմակերպության հետևանքները շատ ծանր կըտանինք։ Ազգային օգնություններ եղան, որոնք տեղ չհասան՝ այդ առումով բավական թերացումներ եղան։ Օրինակ՝ հայ համայնքը առաջին հերթին ուզեց, որ հայոց օգնություն փութացնել, և զանազան հայրենակցական միություններ ուզեցին իրենց համաքաղաքացիներուն օգնություն փութացնեն, բայց չհաջողեցան՝ խոչընդոտներ եղան։  Վերջին հաշվով մենք հայերս հաջողեցանք հայերուն օգնության հասնելու, բայց նույնը բոլորի համար ըսել կարելի չէ։ Պետությունը ուզեց, որ բոլոր այդ գործընթացը իր հսկողության տակ ընթանա՝ անոր համար էլ միջամտեց օգնություններուն՝ չարտոնեց, որ մարդիկ իրենց միջոցներով օգնություն մատակարարեն։  

- Այսինքն՝ դուք օգնությունը պետք է հանձնեիք համապատասխան պետական կառույցի, և նրանք բաշխեին դա։

- Ճիշտ այդպես, իրենց ցանկությունը միշտ այդ եղավ։ Մենք որոշ չափով կարողացանք օգնել հայերուն, բայց ուշացած։ Իսկ միջազգային օգնությունը համեմատաբար ավելի կազմակերպված եղավ, որովհետև անոր մեկ ուղղություն ունեցան։ 

Նարա Մարտիրոսյան