Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքական այդ կարգի բառամթերքը մարդկային բարոյականության տեսակետից անընդունելի է․ Նավասարդյանը՝ Սերժ Սարգսյանի հայհոյանքի մասին

Քաղաքական այդ կարգի բառամթերքը մարդկային բարոյականության տեսակետից անընդունելի է․ Նավասարդյանը՝ Սերժ Սարգսյանի հայհոյանքի մասին
Հարցազրույց
17:29, 11 июнь 2021
Հունիսի 10-ին Կապանում, քարոզարշավի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հետևյալ արտահայտությունն է թույլ տվել․ «Ճակատին նայեն և ասեն ողջույն բ․․ի տղա, դրանից ավելի մեծ կոմպրոմանտ ինչ պետի անեն»։ Սերժ Սարգսյանի խոսքի այս հատվածը առանձնացվել և տարածվել է մասնավորապես ընդդիմադիր լրատվամիջոցներով։

Civic.am-ը քարոզարշավի ժամանակ թեկնածուների հասցեին հնչող վիրավորանքների ու հայհոյանքների մասին, ինչպես նաև լրատվամիջոցներով տարածվող վիրավորական կոնտենտների վերաբերյալ զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ։ 

-Պարոն Նավասարդյան, Սերժ Սարգսյանի խոսքի հենց այդ մի քանի վայրկյան տևողությամբ հատվածը տարածվել է մասնավորապես ընդդիմադիր լրատվամիջոցներով։ Որքանո՞վ է սա տեղավորվում խոսքի ազատություն ասվածի շրջանակում, արդյո՞ք էթիկայի խախտում չէ։

-Ցավոք պետք է ընդունենք, որ խոսքի ազատության սահմանները այդքան հստակ գծված չեն, և շատ դեպքերում կապված են ընդհանրապես հանրային քաղաքականության մշակույթին։ Մեզ մոտ հանրային քաղաքականության մշակույթն իջել է շատ ցածր մակարդակի և ակնկալել, որ քաղաքական գործիչները՝ այդ թվում նաև առաջատար քաղաքական գործիչներն օգտագործում են ինչ-որ բառամթերք և դա չի տարածվելու լրատվամիջոցներով, երևի բոլորիս կողմից միամտություն կլիներ։ Խնդիրը ոչ թե լրատվամիջոցներից է, այլ այն մթնոլորտից, որը ձևավորվել է քաղաքական դաշտում՝ այն ընդամենն արտացոլվում է լրատվամիջոցներով։ Իսկ այն, որ քաղաքական այդ կարգի բառամթերքը և այդ կարգի մրցակցությունն անընդունելի է մարդկային բարոյականության տեսակետից՝ դրա մասին խոսելը նույնիսկ ավելորդ է։

-Դուք նշեցիք, որ ցածր մակարդակի կոնտենտի տարածման խնդիրը ոչ թե  լրատվամիջոցներից է, այլ քաղաքական դաշտում ձևավորված մթնոլորտից։ Արդյո՞ք այդ լրատվամիջոցները չեն պատկանում կոնկրետ քաղաքական շրջանակների, անաչա՞ռ են գործում։  

-Ես դժվարությամբ եմ պատկերացնում, որ Հայաստանում կարող են լինել 100 տոկոսով անաչառ լրատվամիջոցներ, բոլորն ունեն այս կամ այն քաղաքական համակրանքները և դա իրենց իրավունքն է։ Կա նաև մրցակցություն՝ հրապարակել այն, ինչն առաջին հերթին հետաքրքրում է հասարակությանը, իսկ հասարակությունն այսօր առաջին հերթին հետաքրքրվում է, թե իրենցից ինչ են ներկայացնում տարբեր քաղաքական գործիչները, ինչպիսին են նրանց ուղերձները հասարակությանը, քանի որ առանց դրա շատ դժվար է կողմնորոշվել ինչպիսի ընտրություն կատարել։ Եվ եթե որևէ լրատվամիջոց այդ կոմունիկացիայից դուրս է գալիս, բնականաբար այն ուղղակի պարտվում է այլ լրատվամիջոցների հետ մրցակցությունում։ 

-Նման կոնտենտի տարածումը լրատվամիջոցի կողմից էթիկայի խախտում չէ՞։

-Էթիկայի խախտում է առաջին հերթին լրատվական գործիչների կողմից։ Մենք լրատվական կազմակերպություններով բազմիցս ասել ենք, որ պետք է արձագանքել քաղաքական գործիչների կողմից  խորհրդարանական, կամ ընդհանրապես քաղաքական էթիկայի խախտումներին և այդ արձագանքը չի եղել երկար ամիսների ընթացքում։ Այն բառամթերքը, որն օգտագործվում է խորհրդարանում, այն հարաբերությունները, որ կան խորհրդարանականների և լրատվամիջոցների միջև, այդ ամեն ինչն է մեզ բերել այն վիճակի, որում մենք հայտնվել ենք։ Եվ մեղքը բարդել լրատվամիջոցների վրա, որոնք ընդամենը հայելին են հանրային քաղաքականության մշակույթի՝ դա անարդար է։

-Սերժ Սարգսյանի այդ դիտարկումը նման արտահայտությամբ ընտրարշավի ընթացքում իր հակառակորդ թեկնածուին ուղղված՝ կարո՞ղ ենք համարել չեզոք։

-Ոչ դա չեզոք չէ, մենք ունենք շատ դաժան քաղաքական պայքար, որում հակառակորդները որևէ խտրականություն չեն դրսևորում։ Ասել, որ մեկ հոգի է խախտում էթիկայի կանոնները, կնշանակի իրողությունները ոչ համարժեք ներկայացնել։ Մեծամասնության կողմից ընդունված խաղի կանոններ են, նրանք խաղում են այդ կանոններով և մեկը մյուսից չպետք է նեղանա։ 

-Մարդու իրավունքների պաշտպանը այս պարագայում պե՞տք է արձագանքի։

-Հաշվի առնելով, որ Մարդու իրավունքների պաշտպանն ամեն ինչին արձագանքում է մեր հանրային կյանքում, իմաստ կունենար, որ ինքն արձագանքեր այս երևույթին, որը կա նախընտրական պայքարում։ Թեպետ ինքը որպես պաշտոնյա պետք է իր քննադատությունը հնչեցնի և գնահատի իշխանությունների գործողությունները, բայց քանի որ այսօր մենք գտնվում ենք նախընտրական փուլում, կարծում եմ բոլոր քաղաքական գործիչներին կոչ անել զսպվածություն ցուցաբերել՝ դա օգտակար կլիներ, հատկապես հաշվի առնելով, որ ՄԻՊ-ը ըստ տարբեր սոցիալական հարցումների բարձր վարկանիշ ունի հասարակության մեջ։  

-Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ որքանո՞վ է առնչվում այս երևույթը։ 

-Եթե խոսքը գնում է լրատվամիջոցների բովանդակությանը՝ ապա հիմնական դերակատարություն ունի ՀՌՀ-ն, որը կարգավորում է հեռարձակող լրատվամիջոցների գործունեությունը, և լրացուցիչ կարգավորումներ կան նաև նախընտրական փուլի համար։ Բայց ԿԸՀ-ն այն անձանց նկատմամբ, որոնք գրանցված են, որպես թեկնածու կարծում եմ նույնպես կարող է որոշակի ազդեցության միջոցներ կիրառել, իսկ ինչպիսի միջոցներ են դրանք հենց իրենք ուսումնասիրեով և ևս մեկ անգամ խորանալով մեր օրենքների մեջ պետք է գտնեն։ 


Նարա Մարտիրոսյան