Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք թույլ չենք տալու քաղաքացիների ճանապարհին թակարդներ դնել և նրանց փողը կոպեկ-կոպեկ ձեռքերից տանել. Նիկոլ Փաշինյանը՝ խաղատների մասին

Մենք թույլ չենք տալու քաղաքացիների ճանապարհին թակարդներ դնել և նրանց փողը կոպեկ-կոպեկ ձեռքերից տանել. Նիկոլ Փաշինյանը՝ խաղատների մասին
Հասարակություն
12:51, 29 июль 2021
Այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստում էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում 2080 հեկտար տարածքի վրա «Մայլեր» ներդրումային ընկերությունը նպատակ ունի կառուցելու լեռնադահուկային համալիր, որի համար կատարվելու է 30 մլրդ դրամի ներդրում:

Արձագանքելով ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի դիտարկմանը համալիրում խաղատան կառուցման մասին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք չենք կարող և չենք էլ ուզում արգելել, որ մարդը գնա խաղատուն, բայց մենք ուզում ենք նրա ճանապարհին դնել որոշակի արգելակներ: Մենք չենք ուզում, որ հավելյալ միջոցներ լինեն, որոնք մարդուն կգայթակղեն դեպի խաղատուն»:

Նա հիշեցրեց Կապանում կանանց դժգոհությունը, որ բակերում եղել են խաղատներ, և նրանց ամուսինները իրենց աշխատավարձի մի մասը այնտեղ ծախսելու սովորություն էին ձեռք բերել. «Ես գիտեմ, որ այս հարցում կան մեր հասցեին ուղղված քննադատություններ, շահարկումներ, բայց մենք թույլ չենք տալու քաղաքացիների ճանապարհին թակարդներ դնել և նրանց փողը կոպեկ-կոպեկ ձեռքերից տանել:

Մենք ասելու ենք՝ շատ լավ, կա խաղատուն Հայաստանում զբոսաշրջիկների, այն մարդկանց համար, ովքեր որոշակի հոգեբանական արգելքներ հաղթահարելով՝ կարող են գնալ»: