Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օղակաձև զբոսայգում կտեղադրվի հուշակոթող՝ նվիրված Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին վնասազերծած հայ վրիժառուներին

Օղակաձև զբոսայգում կտեղադրվի հուշակոթող՝ նվիրված Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին վնասազերծած հայ վրիժառուներին
Հասարակություն
16:37, 14 сентябрь 2021
Այսօր՝ Երևանի ավագանու նիստում քննարկվեց Երևան քաղաքում աղբյուր հուշակոթող տեղադրելու վերաբերյալ նախագիծը։ 

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան ետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր հուշակոթող տեղադրելու համար անհրաժեշտ է ավագանու համաձայնությունը․ «Երևանի քաղաքապետին են դիմել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին իբրև արդարադատության հատուցում վնասազերծումն իրականացրած մեր վրիժառուների ժառանգների ներկայացուցիչները՝ խնդրելով, որ Երևան քաղաքում տեղադրվի նրանց հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթող»։ 

Նա հավելեց նաև, որ նախաձեռնությունը դրական է ընդունվել Երևանի քաղաքապետարանի ավագանու բոլոր խմբակցությունների կողմից, ինչպես նաև ԳԱԱ-ում կայացել է հանրային քննարկում՝ հարցը քննարկելով պատմական բարոյական տեսնակյունից և հավանության է արժանացել։ Նա նշեց, որ դրական կարծիք է հայտնել նաև Արտաքին գործերի նախարարությունը։

 «Իմ քայլը» խմբակցությունից Լևոն Զաքարյանը հարց ուղղեց քաղաքապետի խորհրդականին․ «Ձեր այս առաջարկը երկար տարիներ է ինչ կա, ինչ խոչընդոտ է եղել, որ նախորդ ավագանու ժամանակ այս հարցը չի եկել օրակարգ»։

Կամո Արեյանն արձագանքելով ավագանու անդամին՝ շեշտեց, որ 2009թ․ ինչ ձևավորվել է Երևանի ավագանին այսպիսի հարց երբեք չի մտել օրակարգ, բայց առաջարկ միշտ եղել, թե ինչու չի մտել օրակարգ՝ տեղյակ չի։

Ավագանու անդամ Տիգրան Գալստյանն էլ հետաքրքրվեց, թե ինչու արձանի տեղանքի ընտրության վայրը չի ընտրվել Ծիծեռնակաբերդին հարող որևէ տարածք և ընտրվել է շախմատի տան հարակից տարածքը։

Կամո Արեյանն ի պատասխան այս հարցի նշեց, որ Ծիծեռնակաբերդն ի սկզբանե նախագծված է եղել միայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցվող հուշահամալիր․ «Հիմա տարբեր հուշաքարեր են տեղադրված, բայց դա անզգուշության հետևանք է և վաղ թե ուշ պետք է քաջություն ունենանք և իրենց տեղափոխենք Եռաբլուր»։ Նրա խոսքով Օղակաձև զբոսայգին է ընտրվել, որպեսզի այս հուշակոթողը հաճախակի հաղորդակցվեր մարդկանց հետ և այդ իմաստով՝ ընտրված վայրը ամենաբանուկ մասն է։ 

Ավագանին համաձայնություն տվեց արձանի տեղադրմանը։