Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մարդիկ մտքում են հայհոյելու, այլաբանորեն են հայհոյելու, պետք է ուղղակի օրինակ ծառայել՝ չհայհոյելով»․ Ա․Վարդանյանը հակասահմանադրական է համարում հայոհոյանքը քրեականացնելը

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նախագիծ ներկայացրեց, որով առաջարկեց ապաքրեականացնել ծանր վիրավորանքը, որը քրեականացվել էր 2021 թվականի հունիսին։ Աղվան Վարդանյանը նշեց, որ  այդ օրենքով սահմանափակվում է ազատ խոսքը, մամուլի ազատությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն Աղվան Վարդանյանին հարցրեց, թե օրենքը Սահմանադրության ո՞ր հոդվածներին է հակասում, քանի որ Աղվան Վարդանյանն իր խոսքում նշել էր, որ օրենքը հակասահմանադրական է։

Ջուլհակյանը հետաքրքրվեց նաև, թե ըստ Վարդանյանի, արդյո՞ք հայհոյանքը պաշտպանված է խոսքի ազատությամբ և ի՞նչ աղերս կա հայհոյանքի և քննադատության միջև։

Աղվան Վարդանյանը պատասխանելով հարցերին նշեց, որ ՄԻՊ-ն արդեն դիմել է ՍԴ՝ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հայցով և առաջարկեց կարդալ այդ հայցը, որտեղ նկարագրված են հակասությունները։ 

Անդրադառնալով հայհոյանքին, Վարդանյանն ասաց, որ հայհոյանքն անընդունելի է, բայց այս օրենքով խնդիրը չի լուծվելու։ Մարդիկ մտքում են հայհոյելու, այլաբանորեն են հայհոյելու և պետք է ուղղակի օրինակ ծառայել՝ չհայհոյելով։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հարցրեց Վարդանյանին, թե ինչու՞ Վարդանյանը չի սպասել, Սահմանադրական դատարանի որոշմանը։

«ՍԴ որոշումը չունենալով, Դուք նշում եք, որ օրենքը խնդիր ունի Սահմանադրության հետ, այսինքն մի գործընթաց, որը դեռ ավարտին չի հասել, արդեն որակում մեք տալիս։ Ուզում եմ հիշեցնել Ձեր գործընկերոջ միտքը, որ ասում էր ծանր վիրավորանքի, զրպարտության հետ կապված դուք դատվելու եք։ Էս ի՞նչ երկակի ստանդարտներ են։ Մի կողմից Դուք ուզում եք, որ հայհոյանքը որակվի հանցագործություն և մարդիկ դատվեն, մյուս կողմից ասում եք՝ սահմանադրության հետ խնդիր կա», - ասաց Վաղարշակ Հակոբյանը։

Պատասխանելով, Աղվան Վարդանյանն ասաց, որ Սահմանադրական դատարան հայցը ինքնին վկայում է այն մասին, որ սահմանադրականության հետ խնդիր կա։ «Ճիշտ եք, կարող էինք սպասել ՍԴ որոշմանը, բայց քանի որ օրենքը շատ ավելի շուտ էր դրվել շրջանառության մեջ և կար Կառավարության եզրակացությունը և պետաիրավական հանձնաժողովում քննարկվել էր  բնական մեծամասնության եզրակացությամբ։ Այս հարցի հնչեղությունը, կարծում եմ,  հանրային հնչեղությունը ևս կարևոր է։ Մեր քաղաքացիները պետք է իմանան, թե այս մեծամասնությունը ինչ օրենքներով է փորձում սահմանափակել մարդկանց․ Ռուբեն Հախվերդյանը կասեր՝ մարդկանց արտահայտվելու ազատությունը։ ՍԴ-ի վճիռը կլինի կտեսնենք, բայց կրկնում եմ՝ այս օրենքով որևէ հարց չի լուծվելու», - ասաց Աղվան Վարդանյանը։

Վաղարշակ Հակոբյանը զարմանք արտահայտեց ասելով․ «Ես զարմանում եմ՝ Դուք ծանր վիրավորանքը, հայհոյանքը, զրպարտությունը որակում եք ուղղակի արտահայտվելու միջոց», - ասաց Հակոբյանը։

Հակոբյանը նշեց նաև, որ կապ չունի, թե ում է ուղղված հայհոյանքը՝ իշխանության ներկայացուցչի, թե ընդդիմադիր գործչի, երկուսի պարագայում էլ դա անընդունելի է և ինքը՝ Հակոբյանը շատ վատ է նայում ընդդիմությանը հայհոյողներին և սա արատավոր երևույթ է։ «Եվ ես չեմ ուզի, որ այս օրենքի քննարկումը նաև որոշակի ազդեցություն ունենա Սահմանադրական դատարանի կայացվելիք որոշման վրա։ Այս օրենքը սահմանափակում է սանձարձակությունն ու լկտիությունը հանրային դաշտում ընդհանրապես», - ասաց Վաղարշակ Հակոբյանը։

Աղվան Վարդանյանը պատասխանելով հարցին ասաց, որ եթե այս օրենքը գործեր դեռ 3-4 տարի առաջ, ապա շատ հավանական է, որ նրանք, ովքեր հայհոյանքի ամբարները բացել էին մինչև վերջ այս օրենքով պատժված կլինեին և շատ բաներ տեղի չէր ունենա։ «Կա ընդհանուր մոտեցում՝ հայհոյել չի կարելի, բայց օրենքով պարտադրել, որ մարդիկ իրենց գնահատականը չտան հատկապես քաղաքական գործիչներին, սա խախտում է խոսքի, մամուլի հիմնարար ազատությունը», - ասաց Աղվան Վարդանյանը։


Գեղամ Ադյան