Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սողոմոն Թեհլերյանի արձանի ապամոնտաժման մասին խոսակցությունները անհիմն են, «կողքի զրույցներ». Անիի համայնքապետը արձագանքում է Նաիրա Զոհրաբյանի պնդումներին

Սողոմոն Թեհլերյանի արձանի ապամոնտաժման մասին խոսակցությունները անհիմն են, «կողքի զրույցներ». Անիի համայնքապետը արձագանքում է Նաիրա Զոհրաբյանի պնդումներին
Հասարակություն
17:17, 20 январь 2022
Աժ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը օրերս ասուլիսում հայտարարել էր, թե եվրոպացի իր գործընկերներից «ստույգ տեղեկատվություն» է ստացել եւ պնդում է, ընդհուպ՝ պատրաստ է ցանկացածի հետ գրազ գալ, որ առաջիկա ամիսներին Մարալիկում Սողոմոն Թեհլերյանի արձանն ապամոնտաժվելու է։ 

«Ես փորձեցի մտահոգություններս Ֆեյսբուքի միջոցով բարձրաձայնել, կես ժամ հետո ինձ եկավ նախազգուշացում, գրառումս փակվեց, կես ժամ հետո եկավ հաղորդագրություն, որ դուք հանրային կարծիք ձեւավորող անձ եք, եւ իրավունք չունեք, իրենց կարծիքով, նման «տոտալ» անձնավորության գովազդել»,-ասել էր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ իր էջը սահմանափակումների տակ են դրել:

Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը Civic.am-ի հետ զրույցում արձանի ապամոնտաժման մասին խոսակցությունները համարեց «կողքի զրույցներ», որոնք տարածում են որոշ շահագրգիռ ուժեր: «Ես, որպես համայնքի ղեկավար, պաշտոնապես հայտարարում եմ, որ նման կարգի հրահանգ կամ ցուցում, որպես համայնքի ղեկավար, չունեմ: Դրանք ընդամենը կողքից խոսակցություններ են: Մենք ապրում ենք ՀՀ-ում, որտեղ հարցերը լուծվում են ոչ թե կողքից լսվող խոսակցություններով, այլ օրենքների եւ պաշտոնական որոշումների հիման վրա: Էս պահի դրությամբ մենք որեւէ խնդիր, ահազանգ, քննարկում չենք ունեցել: Արձանի մասին խոսակցությունները, կրկնում եմ, կողքից եւ չգիտես որտեղից տարածվող խոսակցություններ են: Կասեմ ընդամենը մեկ բան՝ մենք ունենք Սողոմոն Թեհլերյան, որը մեր ազգի պարծանքն է, ով իր հետքը թողել է մեր պատմության մեջ եւ մենք հպարտ ենք նրանով: Հավելեմ նաեւ, որ ես, որպես համայնքի ղեկավար, կատարում եմ իմ լիազորությունները եւ պետության գործերի մեջ, որոնք իմ լիազորություններից դուրս են, չեմ մտնում»: 
 
Մամուլում լուրեր տարածվեցին, որ արձանի ապամոնտաժման  հարցը դրվելու է համայնքի ագավանու առաջիկա նիստի քննարկմանը:

Ավագանու առաջիկա նիստի օրակարգում, մինչդեռ, ըստ համայնքի ղեկավարի,  նման որեւէ հարց ընդգրկված չէ: «Նիստը տեղի կունենա առաջիկա օրերին: Եթե կլինեն այս հարցին վերաբերող առաջարկներ, կարծիքներ, խնդիրներ, ահազանգեր, մտահոգություններ, մենք էդ հարցերի վերաբերյալ կունենանք օրակարգից դուրս գործընկերային քննարկումներ»:  

Նշենք, որ հուշարձանը տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում, 2015 թվականի ապրիլի 22-ին, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի հրապարակում։

Սողոմոն Թեհլերյանին նվիրված հուշարձաններ կան նաև Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։ 

Թե ինչու են Նաիրա Զոհրաբյանի ականջին նրա եվրոպացի խորհրդավոր գործընկերները հենց Մարալիկում գտնվող արձանի ապամոնտաժման մասին շշնջացել, մնում է անհայտ:  

Հեղինե Մանուկյան