Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կալանավորված զինծառայող Արեն Արամյանը գերեվարվելուց վիրավոր է եղել, հիմա էլ հրատապ բուժում է անհրաժեշտ․ ահազանգում է պաշտպանը

Կալանավորված զինծառայող Արեն Արամյանը գերեվարվելուց վիրավոր է եղել, հիմա էլ հրատապ բուժում է անհրաժեշտ․ ահազանգում է պաշտպանը
Հասարակություն
11:51, 24 январь 2022
Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերի ժամանակ գերեվարված, այնուհետև հայրենադարձված ու օրեր անց կալանավորված պայմանագրային զինծառայող Արեն Արամյանի փաստաբան Արա Կարապետյանն ահազանգում է՝ պաշտպանյալն ունի առողջական խնդիր՝ հրատապ բուժում է անհրաժեշտ։  

Փաստաբանը հիշատակեց, որ Իշխանասարի հատվածից գերեվարված Արեն Արամյանը հայրենադարձվել է նոյեմբերի 26-ին, այդ ժամանակ Երևանի զինվորական հոսպիտալում բուժման կուրս է անցել՝ մոտ 10 օր, այնուհետև դուրս է գրվել ու անմիջապես ձերբակալվել։ 

«Մենք գրություններով հիմնավորել ենք, որ զինծառայողը ենթակա է բուժման և հունվարի 12-ին Արեն Արամյանը տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց, սակայն բուժում չի ստանում՝ դեռևս հետազոտություններ են ընթանում։ Արեն Արամյանը հետազոտվել է «ԱրտՄեդ» ԲԿ-ում։ Իրեն հետազոտած բժիշկները եզարահանգել են, որ զինծառայողին հրատապ բուժում է անհրաժեշտ՝ հակառակ դեպքում հնարավոր է ոտքն ամպուտացվի»,-ասաց փաստաբան Արա Կարապետյանն ու հավելեց, որ Արեն Արամյանը ծնկից վիրավորվել է նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ՝ Ադրբեջանի ԶՈւ-ի հրազենային կրակոցից, իսկ գերեվարումից հետո Ադրբեջանի զինծառայողները նրան տեղափոխել են հիվանդանոց՝ ըստ պաշտպանյալի խոսքի՝ իր ոտքը Բաքվում վիրահատել են։ 

«Դիրքի ավագ է եղել մեղադրանքը կապված է նահանջ հրաման արձակելու հետ, բայց ինքը չի նահանջել՝ մարտ է վարել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության իր հետ 24 հոգի են եղել երբ գերեվարվել են։ Ես մեղադրանքի մասին ավելի ուշ կխոսեմ, երբ թույլատրելի լինի»,-ասաց փաստաբանը։ 

Արա Կարապետյանի խոսքով՝ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է հունվարի 12-ին, բայց դատախազի որոշումը դեռևս չի ստացել․ «Միջնորդություն էինք ներկայացրել դատարան՝ կալանքը գրավով փոխարինելու, սակայն նիստի ժամանակ դատավորը բժշկական լրացուցիչ փաստաթղթեր է պահանջել, և այդ հիմքով հետաձգվել է կալանքի միջնորդության քննարկումը»։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից պաշտպան Արա Կարապետյանը իր պաշտպանյալի՝ Արեն Արամյանի առողջական վիճակի մասին փաստաթղթեր է վերցրել և սպասում է դատական նիստի օր նշանակելուն, որպեսզի միջնորդի վերացնել կալանքը որպես խափանման միջոց կամ այն փոխարինվի գրավով։

Պաշտպանն ընդգծեց, որ թեպետ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի գրավոր պատասխանում նշված է, որ Արեն Արամյանը ստանում է համապատասխան բուժում, սակայան ինքը վստահ է, որ դա չի համապատասխանում իրականությանը․ «Խնդիրը ոսկորի հետ է կապված, բայց այնտեղ չկա ոսկրային բաժանմունք»։ 

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և նշեցին, որ նախաքննությունը շարունակվում է։

Նարա Մարտիրոսյան