Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հրամանատարները տեղյակ են եղել, որ մինչև նոյեմբերի 16-ի Ադրբեջանի հարձակումը Արտյոմ Մանասյանն ու իր հետ եղած զինծառայողները շրջափակման մեջ են»․ կալանավորված գերու պաշտպան

«Հրամանատարները տեղյակ են եղել, որ մինչև նոյեմբերի 16-ի Ադրբեջանի հարձակումը Արտյոմ Մանասյանն ու իր հետ եղած զինծառայողները շրջափակման մեջ են»․ կալանավորված գերու պաշտպան
Հայաստան
19:06, 15 декабрь 2021
«Գերությունից վերադարձած Արտյոմ Մանասյանը ներկայումս Արմավիր ՔԿՀ-ում է գտնվում։ Ճիշտ է, ֆիզիկապես թույլ չէ, բայց քանի որ մինչև կալանքի միջնորդությունը բավարարվելը զինվորական հոսպիտալում բուժում էր ստանում թոքաբորբի դեմ, նա կամ պետք է մնար հոսպիտալում՝ շարունակեր բուժումը, կամ տեղափոխվեր Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների ժամանակ Իշխանասարի դիրքերից գերեվարված, այնուհետև դեկտեմբերի 4-ին հայրենադարձված ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող Արտյոմ Մանասյանի պաշտպան Ալեքսան Թումասյանը։

Պաշտպանը հավելեց նաև, որ խոստացել են Արտյոմ Մանասյանին տրամադրել համապատասխան  դեղորայք՝ բուժումը Արմավիր ՔԿՀ-ում շարունակելու համար։
 
Ալեքսան Թումասյանի խոսքով՝ մինչև նոյեմբերի 16-ի մարտական գործողությունները՝ այն դիրքը, որտեղ գտնվել է Արտյոմ Մանասյանը, մի քանի օր ամբողջությամբ շրջափակման մեջ է եղել. «Հրամանատարները տեղյակ են եղել, որ Արտյոմ Մանասյանն ու իր հետ եղած զինծառայողները շրջափակման մեջ են։ Նրանք՝ ավելի քան տասը հոգի, գերեվարվել են նոյեմբերի 16-ին՝ հակառակորդի մեծ թվով զինծառայողների կողմից»։

Պաշտպանն ընդգծեց նաև, որ իր պաշտպանյալին կալանավորելու մասին միջնորդությունը բավարարելու վերաբերյալ դատարանի կայացրած որոշումը դեռևս չի ստացել, սակայն ստանալուն պես կբողոքարկի։

Նշենք, որ Արտյոմ Մանասյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Հիշեցնենք, որ նույն մեղադրանքով կալանավորված են նաև գերությունից հայրենադարձված  զինծառայողներ՝ լեյտենանտ Սերժիկ Ամիրխանյանը, դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Ա. Ա.-ն, դիտորդ Ռ. Ն.-ն։ Իսկ մայոր Նարեկ Երինյանի կալանքի միջնորդությունը դատարանի կողմից չի բավարարվել։

Մայոր Նարեկ Երինյանի պաշտպան Կարմեն Պողոսյանի խոսքով՝ իր վստահորդը Ջերմուկի դիրքերից է գերեվարվել, որի հետ եղել են այլ զինծառայողներ։ Պաշտպանն ընդգծեց, որ այն մարտական դիրքը, որտեղ գտնվել է Նարեկ Երինյանը, շրջափակման մեջ չի գտնվել: «Իմ վստահորդը նման ցուցմունք չի տվել, որ իրենց դիրքը շրջափակման մեջ է եղել»,- ասաց նա։

Զինծառայող Սերժիկ Ամիրխանյանի պաշտպան Լևոն Վարդապետյանն էլ մեզ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի կալանքի միջնորդությունը բավարարելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումն արդեն իսկ ստացել է և երեկ երեկոյան բողոքարկել է Վերաքննիչ դատարան։   

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ զինծառայողներից ոմանք մեղադրվում են մարտական դիրքի վրա հարձակված հակառակորդի զինծառայողներին վնասազերծելու փոխարեն՝ նրանց հետ բանակցություններ վարելու, այնուհետև դիրքերից փախչելու համար, որի հետևանքով հայկական դիրքերն անցել են Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ։ Հաղորդագրության մեջ ասված է նաև, որ դիրքերից փախուստի դիմած զինծառայողները հակառակորդի կողմից շրջափակվել և գերեվարվել են։ 
Իսկ ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Նարեկ Երինյանը, որը նշանակված է եղել թիվ N մարտական դիրքի ավագ, խախտել է մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները ներխուժել են հայկական դիրք, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին։

Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների հետևանքով 21 զինծառայողների գտնվելու վայրը դեռևս անհայտ է։  


Նարա Մարտիրոսյան