Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիևում հենց հիմա էլ բախումներ են․ Գործում է միայն Կիև-Օդեսա մայրուղին, որտեղով քաղաքի բնակիչները կարող են դուրս գալ

Կիևում հենց հիմա էլ բախումներ են․ Գործում է միայն Կիև-Օդեսա մայրուղին, որտեղով քաղաքի բնակիչները կարող են դուրս գալ
Հասարակություն
15:25, 04 март 2022
«Կիեւում եւ Կիեւի մերձակայքում՝ հյուսիս-արեւմուտք ուղղությամբ, հենց հիմա բախումներ են։ Քաղաքում կես ժամը մեկ միանում է տագնապի ազդանշանը։ Գործում է միայն մեկ մայրուղի՝ Կիեւ-Օդեսա մայրուղին, որտեղով քաղաքի բնակիչները կարող են դուրս գալ։ Աշխատում են հիմնականում կենտրոնում գտնվող խանութները, հացի գործարաններն աշխատում են եւ հաց են մատակարարում այն խանութներին, որոնք բաց են, լույս, գազ, ջեռուցում դեռեւս կա քաղաքում։ Մոբիլիզացիան, որը հայտարարվել էր օրեր առաջ, դեռեւս շարունակվում է, եւ դա վերաբերում է բոլորին, այս հարցում ազգությունը կապ չունի»,- Civic.am-ի հետ զրույցում հայտնեց Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը։

Մեր վերջին զրույցում  պրն Մկրտչյանն ասել էր, որ Պաշտպանության նախարարությունից փորձում են ճշտել՝ արդյո՞ք  զոհվածների եւ վիրավորների մեջ կան ազգությամբ հայեր։ Այսօր մեր զրույցում նա հայտնեց, որ դեռեւս տվյալներ չունեն այս մասով։ Այս պահին հայտնի է մեկ զոհի մասին, որը Խերսոնի խաղաղ բնակիչ Վանիկ Սողոմոնյանն է, մոտ 40 տարեկան։ Զոհի մասին այլ տվյալներ դեռեւս հայտնի չեն։

Երեկ Բելառուսի Բրեստ քաղաքում ռուս-ուկրաինական երկրորդ բանակցությունները տեղի ունեցան, որոնց արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդհանուր հումանիտար միջանցք տրամադրել խաղաղ բնակիչների տարհանման համար։
«Հումանիտար միջանք բացելու մասին պայմանավորվածությունը քիչ բան չի, Ուկրաինայի հայերի միությունն ամեն ինչ կանի այդ առիթից օգտվելու համար՝ հայերին դուրս հանելու շրջափակված քաղաքներից։ Կամ էլ, եթե չստացվի, գոնե կփորձենք հումանիտար օգնություն՝ դեղորայք, սննդամթերք հասցնել հիշյալ քաղաքներ։ Փորձում ենք այդ ուղղությամբ աշխատել»,- ասաց Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալը։ Մեր հարցին՝ հաշվի առնելով այս պահին առկա ռազմա-քաղաքական իրավիճակը՝ ինչպե՞ս կհանգուցալուծվի կոնֆլիկտը՝ մեր զրուցակիցն արձագանքեց․ «Սա ամենաբարդ հարցն է, նույնիսկ բանակցող կողմերը այս հարցին կդժվարանան պատասխանել։ Ես չեմ կարող կանխատեսում անել, ես ուզում եմ, որ Ուկրաինան վերադառնա խաղաղ կյանքին, ապրի այնպես, ինչպես 10-15 օր առաջ։ Աստված տա, որ այդպես էլ լինի, բայց կարծես թե կան որոշ ուժեր, որոնք չեն ուզում խաղաղ կյանքին վերադարձ»։ 

Նկատեցինք, որ ռուսական կողմը այս պատերազմի «պատճառաբանություններից» մեկը համարում է Ուկրաինայում ազգայնական ուժերի ֆակտորը։ Իրո՞ք կան այդպիսի խմբավորումներ, որոնք ծայրահեղացնում են իրավիճակը։ «Նախագահ Զելենսկին կոչ արեց՝ ովքեր ուզում են՝ եկեք, անխնդիր սահմանն անցեք, զենք ստացեք եւ գնացեք կռվելու։ Մենք, սակայն, նման ջոկատներ չենք տեսել։ Թե արդյոք ե՞րբ դրանք կհայտնվեն, ու ի՞նչ ազգի ներկայացուցիչներ կլինեն, չեմ կարող ասել։ Մենք մամուլից էլ գիտենք, որ ադրբեջանցիներ, վրացիներ, հայեր էլ կան, ովքեր մարադյորությամբ են զբաղվում, կամ ինչ-որ տեղ բանակային ջոկատների անդամներ են։ Բայց, կրկնում եմ, դրա մասին մենք ընդամենը կարդում ենք, բայց չենք կարող հաստատել՝ իրոք այդպես է, թե ոչ։ Փորձում ենք զանգել, սակայն կապ չենք կարողանում հաստատել։ Այժմ ռազմական դրություն է, հնարավոր չէ զանգ տալ մեկին, 10 րոպե խոսել ու հասկանալ, թե ինչ է կատարվում»։

Օրեր առաջ Ուկրաինայի հայերի միությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր․ «Ուկրաինայի հայերս, դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիան մեր երկրի նկատմամբ եւ դատապարտում ենք մինչ օրս տեղի ունեցող օկուպացիան։ Մեր բազմաթիվ համաքաղաքացիներ զենքը ձեռքին կանգնած են իրենց ուկրաինացի եղբայրների կողիքն`պաշտպանելու իրենց հարազատ քաղաքներն ու բնակավայրերը։ Յուրաքանչյուր օր հայերը լրացնում են տարածքային պաշտպանության շարքերը»։  Ինչպիսի՞ արձագանքներ ունեցավ այս հայտարարությունը եւ արդյոք ճի՞շտ էր նման շեշտադրումներով ուղերձ հղելը։ «Դա ճիշտ պահին արված հայտարարություն էր՝ հաշվի առնելով Ուկրաինայի սպեցիֆիկան՝ արեւելեք, հարավ, կենտրոն, արեւմուտք․․․Մինչեւ պատերազմը մենք միշտ էլ ասել ենք, որ ամբողջական Ուկրաինան իր մենթալիտետով կիսված է երկու մասի՝ նույն ազգությունն ունեն, նույն բնավորությունը, սակայն տարբեր քաղաքական հայացքներով ու կողմնորոշմամբ։ Մեր հայտարարությունը հաստատում էր մեր հավասարակշռությունը, որ մենք միասնական ենք՝ թե՛ արեւելքը, թե՛ արեւմուտքը, թե՛ հարավը, եւ թե՛ կենտրոնական Ուկրաինայի հայ բնակչությունը։ Մենք միասնական Ուրկրաինայի կողմն ենք»,-պարզաբանեց մեր զրուցակիցը։ 

Մկրտչյանը նշեց նաեւ, որ ամեն օր Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ կապի մեջ են։  «ՀՀ քաղաքացիները, երբ փորձում են դուրս գալ եւ ինչ-որ փաստաթղթային խնդիրներ ունեն, որոնք անարգել հատում են Ուկրաիայի սահմանն ու անցնում երրորդ երկրներ, հենց դեսպանատան, ՀՀ ԱԳ նախարարության եւ մեր Միության համակցված աշխատանքի արդյունքն է։ ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն մտնել հիշյալ երկրները առանց վիզաների եւ 15 օրվա մեջ կարող են ապահով հասնել ՀՀ։ Ուկրաինան ունի 68 անցակետ 5 պետության հետ՝ Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Մոլդովա, Ռումինիա։ Մենք չենք կարողանում հստակ տվյալներ հավաքել՝ քանի ընտանիք ու քանի հոգի է հատել սահմանը, քանի որ դեռ պատերազմը շարունակվում է։ ՀՀ սահմանապահները կարող են այդ տվյալները հաղորդել, քանի որ իրենք ֆիքսում են, թե որ երկրներից է հոսքը դեպի Հայաստան»,-նշեց մեր զրուցակիցը։

Հեղինե Մանուկյան