Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեխովի դպրոցի տնօրենի նախկին ԺՊ Տաթևիկ Մելքոնյանը, որի մայրը պաշտոն է զբաղեցնում, 3-րդ անգամ կպայքարի տնօրենի պաշտոնի համար. Հավակնորդների թվում է նաև նոր ԺՊ Դիանա Մինասյանը

Չեխովի դպրոցի տնօրենի նախկին ԺՊ Տաթևիկ Մելքոնյանը, որի մայրը պաշտոն է զբաղեցնում, 3-րդ անգամ կպայքարի տնօրենի պաշտոնի համար. Հավակնորդների թվում է նաև նոր ԺՊ Դիանա Մինասյանը
Հասարակություն
20:59, 01 апрель 2022
Այսօրվանից Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Մինասյանը՝ փոխարինելով Տաթևիկ Մելքոնյանին, որը այս կարգավիճակում պաշտոնավարում էր 2021 թվականի դեկտեմբերի 15-ից, Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ։ Մելքոնյանին Մինասյանով փոխարինելու որոշման դեմ ընդվզած աշակերտներն այսօր հավաքվել էին քաղաքապետարանի առջև և մի քանի ժամ շարունակ ակցիա էին անում։  Եվ Տաթևիկ Մելքոնյանը, և Դիանա Մինասյանը իրենց թեկնածությունն էին առաջադրել դպրոցի տնօրենի պաշտոնում ընտրվելու համար, սակայն մարտի 10-ին տեղի ունեցած ընտրությունների վերջնական արդյունքներով նրանցից ոչ մեկը անհրաժեշտ թվով կողմ ձայներ չստացավ. Մելքոնյանը ստացել էր 5, Մինասյանը՝ 4։

Ըստ կարգի՝ հայտարարվեց նոր մրցույթ, որը կայանալու է ապրիլի 14-ին։ Civic.am-ը դպրոցից  տեղեկացավ, որ երկու շաբաթից  տեղի ունենալիք մրցույթում առաջադրվել է դպրոցի տնօրենի չորս թեկնածու՝ Տաթևիկ Մելքոնյանը, Դիանա Մինասյանը, Անժելա Կարապետյանը և Նվարդ Հովսեփյանը։ Վերջինս, ի դեպ, վերջին ընտրություններին ևս առաջադրվել էր և քվեարկության արդյունքներով մեկ ձայն էր  ստացել։ Մասնագիտությամբ կենսաբան Անժելա Կարապետյանը նոր հավակնորդ է։ 

Հատկանշանակն է, որ այսօր լրագրողների հետ զրույցում, վրդովմունք հայտնելով իրեն ԺՊ-ի պաշտոնից ազատելու դեմ, դպրոցում 2004 թվականից աշխատող Տաթևիկ Մելքոնյանը խրոխտ հայտարարեց, «թե դպրոցը հենց այնպես չի թողնելու»։  Նաև նշեց, թե իրեն համարում են «փակուղի մյուս թեկնածուների համար»։ «Ես չգիտեմ՝ ինչով եմ փակուղի, ես ինձ ընդհանրապես համարում եմ նոր ուղի, անկեղծ ասած»,- նշեց նախկին ԺՊ-ն։ 

Նկատենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Տ. Մելքոնյանը Կառավարությանը ենթակա Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ (2018 թվականից) Ռաիսա  Գալստյանի դուստրն է։ Ու թեև Մելքոնյանը բողոքում է՝ իրեն ԺՊ-ի պաշտոնից ազատելը մեկնաբանելով  ինչ-որ մեկին խանգարելու հանգամանքով, ոմանք էլ այլ բան են ասում։  Մելքոնյանի մայրը, ըստ մամուլի հրապարակումների, օգտագործելով իր դիրքն ու կապերը, ամեն կերպ փորձում է իր դստերը դպրոցի տնօրեն դարձնել։ 

Նշենք, որ Մելքոնյանը, մինչև ԺՊ նշանակվելը, անցյալ տարվա հոկտեմբերին կրկին առաջադրվել էր տնօրենի թափուր տեղի համար, և,  ըստ մամուլի հրապարակումների, նրա առաջադրումը  սվիններով էր  ընդունվել դպրոցական կոլեկտիվի կողմից։  Բաց քվեարկության արդյունքում Տաթևիկ Մելքոնյանը ստացել է 1 ձայն, Դիանա Մինասյանը՝ 3 ձայն, իսկ 27 տարի տնօրեն աշխատած, հանրությանը քաջ հայտնի  Գայանե Սարուխանյանը՝ 4 ձայն։ Արդյունքում ոչ ոք տնօրեն չէր ընտրվել։      

Նշենք, որ ապրիլի 14-ին սպասվելիք ընտրություններում առաջադրված երեք հավակնորդները, բացի Դիանա Մինասյանից, մանկավարժներ են։  Վեջինս ՀՊՏՀ-ի դասախոս է, մասնագիտությամբ տնտեսագետ է,  սակայն ունի համապատասխան հավաստագիր դպրոցի տնօրենի  պաշտոնում առաջադրվելու համար։   
 
Civic.am-ը դպրոցի շուրջ տեղի ունեցած աղմկահարույց պատմության վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Երևանի քաղաքապետարանից։ Լրատվականից մեզ հայտնեցին՝ քանի որ թեմայի վերաբերյալ հետաքրքրությունը մեծ է, առաջիկայում քաղաքապետարանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում պարզաբանում կներկայացնեն դպրոցի տնօրենի ԺՊ-ի փոփոխության վերաբերյալ։  Նաև կներկայացնեն տնօրենի ընտրության ընթացակարգը։ 

Նշենք, որ ապրիլի 4-ին՝ երկուշաբթի, հիշյալ դպրոցում տեղի է ունենալու մանկավարժական խորհրդի նիստը, որի ժամանակ  հավակնորդները կներկայացնեն դպրոցի զարգացման վերաբերյալ իրենց ծրագրերը, ինչից հետո տեղի կունենա փակ քվեարկություն։

Մանկխորհուրդը, որի նախագահն, ի դեպ, նախորդ ընտրություններում Տաթևիկ Մելքոնյանն էր, կորոշի՝ առաջադրված թեկնածուներից  որին տալ իր ձայները։ Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են: Դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում չընդգրկված բոլոր մանկավարժները կարող են ներկա գտնվել նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով: Մանկավարժական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

Դպրոցի մանկավարժական խորհրդում անցկացված փակ քվեարկության արդյունքում քվեարկությանը մասնակցած մանկավարժական խորհրդի անդամների առավելագույն կողմ ձայներ հավաքած հավակնորդը համարվում է դպրոցի տնօրենի՝ մանկավարժական խորհրդի թեկնածուն:

Հաջորդիվ՝ ապրիլի 5-ին,  տեղի կունենա դպրոցի ծնողական խորհրդի նիստը, որի ընթացքում նույնպես կլինի  դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերի քննարկում, ապա՝ դպրոցի տնօրենի ընտրության քվեարկություն:

Ծնողական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։  Դպրոցի ծնողական խորհրդում անցկացված փակ քվեարկության արդյունքում քվեարկությանը մասնակցած ծնողական խորհրդի անդամների առավելագույն կողմ ձայներ հավաքած հավակնորդը համարվում է դպրոցի տնօրենի՝ ծնողական խորհրդի թեկնածուն:  Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրության վերջնական փուլը, երբ արդեն կառավարման խորհուրդը կլսի թեկնածուներին և բաց քվեարկության արդյունքում կորոշի՝ ով է լինելու տնօրենը։  Կառավարման խորհուրդը բաղկացած է  9 անդամից, որոնց թվում են ԿԳՄՍ ներկայացուցիչը և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը։  Տնօրեն կընտրվի այն թեկնածուն, որը կստանա առնվազն  6 կողմ ձայն։    

Հ. Մանուկյան