Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գագիկ Ծառուկյանի «Մուլտի ավտոտրանս»-ը Կոտայքում թանկացրել է ուղեվարձը, բայց ՏԿԵՆ-ը սակագների չափորոշիչներ սահմանելու իրավասություն չունի

Գագիկ Ծառուկյանի «Մուլտի ավտոտրանս»-ը Կոտայքում թանկացրել է ուղեվարձը, բայց ՏԿԵՆ-ը սակագների չափորոշիչներ սահմանելու իրավասություն չունի
Հասարակություն
16:48, 16 май 2022
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ավտոտրանս» ՍՊ ընկերությունը մայիսի 1-ից թանկացրել է Կոտայքի մարզը սպասարկող հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների սակագները։ 

Օրերս Չարենցավան և Աբովյան համայնքների բնակիչները տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանց խոսքով՝ հանրային տրանսպորտը 2-2,5 անգամ թանկացել է. օրինակ՝ Չարենցավան-Երևան երթուղու 350 դրամը դարձել է 500 դրամ, Նոր Հաճն-Աբովյան երթուղին 100 դրամից դարձել է 200 դրամ։ Քաղաքացիների խոսքով՝ հատկապես ծանր վիճակում են հայտնվում այն ընտանիքները, որոնք ունեն Երևանում սովորող մեկից ավելի ուսանող։ Ըստ նրանց՝ այդ պարագայում հասարակական տրանսպորտով երթևեկելը մեծ ֆինանսական բեռ է դառնում ընտանիքների համար։  

ՏԿԵ նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Այվազյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ «Մուլտի ավտոտրանս» ընկերությունը դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի 29-ից է շահել երթուղիները, բայց մարտից է ներկրել նոր ավտոբուսները, ու թանկացումները սկսվել են մայիսից։ 

Մեր զրուցակիցը, խոսելով պետական գնումների մրցույթի ընթացակարգից, հիշատակեց, որ կառավարության որոշմամբ հաստատված մրցութային կարգով մրցույթի սակագներն առաջարկում է փոխադրողը՝ փակ ծրարով և տրանսպորտային միջոցները գնահատվելուց հետո, բացվում է այդ ծրարը, և գնահատվում են նաև սակագները. «Եթե գնումների մրցույթին դիմում է մի քանի մասնակից, այդ դեպքում ամենացածր սակագին առաջարկած փոխադրողը ստանում է ամենաբարձր միավորը սակագների հարցում։ Բայց քանի որ մենք ունեցել ենք ընդամենը մեկ հայտատու, իր սահմանած գներով հաստատվել են երթուղիները»։ 

Ռուզաննա Այվազյանը նշեց, որ երթուղիների գներին զուգահեռ հաշվի է առնվել նաև, որ փոխադրողը ամբողջովին նոր տրանսպորտային պարկ է բերում. «Այսինքն՝ բոլոր ավտոբուսները թարմացվում են նոր պահանջներին համապատասխան։ Եվ եթե նախկինում ավտոբուսների համար տարիքային սահմանափակում չկար, հիմա մինչև 10 տարեկանն է սահմանված։ Փոխադրողը գինը սահմանելիս նաև հաշվարկել է իր կողմից կատարվող ներդրումները, որոնք պետք է հետ վերադարձնի»։ 

Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետը նաև ընդգծեց, որ հասարակական տրանսպորտի համար սահմանված չէ առավելագույն գին հասկացություն, այսինքն՝ չկա նման իրավական կարգավորում. «Նախարարությունը չունի իրավասություն երթուղիների սակագներ որոշելու՝ չափորոշիչներ սահմանելու»։ 
 
Մեր հարցին՝ նախարարությունը չունի՞ մտադրություն սակագների հարցում միջամտելու իրավասության վերաբերյալ նախագիծ ներկայացնելու կառավարություն, մեր զրուցակիցն արձագանքեց՝ այս պարագայում, այս պահի դրությամբ՝ ոչ, նախարարությունը նման նախաձեռնություն չի իրականացնում։  

Նրա խոսքով՝ ողջ Կոտայքի մարզի երթուղիները սպասարկող «Մուլտի ավտոտրանս» ընկերությունը փուլային տարբերակով է ներկրում ավտոբուսները, և մինչև հուլիս ամիսը բոլոր ավտոբուսները պետք է բերվեն: «Ընկերությունը երթուղիների սպասարկումը շահել է 10 տարի ժամկետով և այդ ընթացքում սակագները բարձրացնելու իրավասություն չունի»,- նշեց Ռուզաննա Այվազյանն ու հավելեց, որ ամբողջ հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանց է ներդրվում, և բոլոր մարզերում լինելու է մեկ օպերատոր. «Կոտայքի մարզն առաջին մարզն էր, որտեղ իրականացրինք, հիմա Արարատի մարզում ենք գնումներ կազմակերպել, նախատեսում ենք Տավուշը, Արագածոտնը, Շիրակը։ Համակարգը փոխվել է, ոչ թե երթուղիներն ենք դնում մրցույթի, այլ ամբողջ մարզը, և պատճառն այն է, որ մարզի մոտ 50 տոկոսը ոչ շահութաբեր երթուղիներ են։ Եվ ոչ շահութաբեր երթուղիների համար մենք տարիներ շարունակ հայտարարել ենք մրցույթներ և չենք ունեցել ոչ մի հայտատու։ Հետևաբար, որպեսզի բոլոր երթուղիները փաթեթային սպասարկվեն, դիմել ենք այս մեթոդին, այսինքն՝ մեկ օպերատորը պարտավոր է բոլոր երթուղիները սպասարկել՝ անկախ շահութաբերությունից»։   

Հարցին՝ ճիշտ չե՞ք համարում, որ մեկ օպերատորի պարագայում նախարարությունը ունենա իրավասություն որոշակի առումով միջամտելու գնումների ժամանակ ներկայացված սակագներին, քանի որ չի բացառվում, որ մեկ ուղղության համար օպերատորը ներկայացնի, օրինակ, 1000 դրամ, Ռուզաննա  Այվազյանը պատասխանեց. «Մենք մինչ այժմ խնդիր չենք ունեցել երթուղիների սակագների հետ կապված։ Բացի դրանից, փոխադրողները հասկանում են, որ պետք է լինեն մրցունակ. այսօր շատ լավ գիտենք, թե տաքսիները ինչ մասշտաբի միջքաղաքային ուղևորափոխադրումներ են իրականացնում, և եթե օպերատորը սահմանի տաքսուց բարձր գին, ինքը ուղևոր չի ունենա»։  

Նարա Մարտիրոսյան