Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Civic.am-ի հրապարակումից հետո Սարի թաղում ապրող անապահով ընտանիքը օգնություն է ստացել թաղապետարանից, բարեգործական ՀԿ-ից՝ ստորագրություն տալով, որ այս անգամ չի վաճառի ստացած նվերները

Civic.am-ի հրապարակումից հետո Սարի թաղում ապրող անապահով ընտանիքը օգնություն է ստացել թաղապետարանից, բարեգործական ՀԿ-ից՝ ստորագրություն տալով, որ այս անգամ չի վաճառի ստացած նվերները
Հասարակություն
15:55, 08 август 2022
Օրերս Civic.amայցելեց Սարի թաղի 16-րդ փողոցի 22-րդ կիսաքանդ բնակարան, որտեղ ապրում է Գալստյանների 6 անչափահաս ունեցող 11-հոգանոց ընտանիքը: Տանն անգամ ճաշելու սեղան չկար, չկային նաև առաջնային անհրաժեշտության իրեր՝ սառնարան, լվացքի մեքենա, որևէ կենցաղային  հարմարություն, լոգարան, խոհանոց ու ջեռոց՝ որևէ բան եփելու համար, իսկ արտաքնոցը դուռ չուներ, տաք ջուր չկար, բացի դրանից՝ երեխաները բավարար սնունդ ու հագուստ չունեին:

Այցի ընթացքում պարզեցինք, որ ընտանիքի հայրը՝ 35-ամյա Անուշավան Գալստյանը, գրեթե չի աշխատում: «Առողջությունս տեղն է, բայց հարմարվող չեմ, չեմ կարողանում երկար ժամանակ մի տեղ աշխատեմ, ամեն ինչից ազդվում եմ ու նեղվածությունը մեջս եմ պահում և առանց բան ասելու դուրս եմ գալիս: Բացի դրանից՝ եթե աշխատանք գտնեմ, կզրկվեմ 50.000 անապահովության նպաստից»,- մեզ հետ զրույցում ընտանիքի հայրն այսպես պատճառաբանեց իր կայուն աշխատանք չունենալը: Անուշավանի մայրը՝ տիկին Աստղիկը, նույնպես չէր կարողանում աշխատել. առողջությունը չէր ներում, բացի դրանից՝ 6 երեխաների խնամքի հարցում օգնում է հարսին: Ընտանիքի եկամտի աղբյուրը պետական 107.000 նպաստն էր, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող քրոջ թոշակը և հոր՝ Վարդան Գալստյանի աշխատած չնչին գումարը:  

Ընտանիքի մասին մեր անդրադարձից հետո Անուշավանը մեզ հետ կապ հաստատեց և փոխանցեց, որ Էրեբունու թաղապետարանի 4 աշխատակից այցելել են իրենց, սնունդ, կենցաղային-հիգիենիկ պարագաներ, տակդիրներ, ալյուր, ձեթ են տվել, խոստացել են նաև անհատույց տրամադրել սեղան, լվացքի մեքենա, ինչպես նաև սառնարան: Սակայն բացի այս լավ լուրից՝ Անուշավանը հաղորդեց, որ թաղապետարանից տրամադրվածի համար իր ստորագրությունն են պահանջել՝ խստորեն զգուշացնելով, որ հանկարծ դրանք վաճառելու փորձ չանեն, հակառակ դեպքում խիստ միջոցներ կկիրառեն: Իսկ թե ինչու,  Անուշավանն անձամբ խոստովանեց, որ մի քանի ամիս առաջ թաղապետարանից ևս մեկ անգամ աջակցություն են ստացել, սակայն ինքը որոշ իրեր վաճառել է, քանի որ երեխաներին անհրաժեշտ է եղել հացի, դեղի գումար:  

Մենք ցանկացանք ճշտել, թե քանի՞ և ի՞նչ իրերի կամ գույքի մասին է խոսքը, ընտանիքի հայրը ամոթից, թե անկեղծորեն՝ ասաց, որ միայն թաղապետարանի տված ամբողջովին նոր  լվացքի մեքենան է վաճառել՝ 70.000 դրամով, այլ բան չի վաճառել: Ավելի ուշ, սակայն, ճշտեցինք, որ նրանց օժանդակող բարեգործական հասարակական միությունը ևս ստիպված է եղել Անուշավանից ստորագրություն վերցնել իր տված օժանդակության դիմաց: 

Ընտանիքին օգնել է նաև «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը՝ երեխաներին նվիրելով հագուստ և մանկական սայլակ։ 

Թամարա Ղազարյան