Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանն Աթե՞նք է մեկնել․ դատարանը թույլ է տվել նրան 1 շաբաթով հեռանալ երկրից

Ռոբերտ Քոչարյանն Աթե՞նք է մեկնել․ դատարանը թույլ է տվել նրան 1 շաբաթով հեռանալ երկրից
Հասարակություն
16:06, 22 август 2022
Հայաստան դաշինքի ղեկավար, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ օգոստոսի 21-ի երեկոյան, մեկնել է արտերկիր։ Այս մասին իր հրապարակման մեջ տեղեկացրել է Yerevan.Today-ն ու մեջբերել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի խոսքը. «Նախագահ Քոչարյանը նախօրեին մեկ շաբաթով մեկնել է Հայաստանից: Նախագահի փաստաբանական թիմը դիմել էր դատարանին՝ ստանալու մեկնելու թույլտվություն՝ օգտվելով այն հանգամանքից, որ նիստերի ընթացքում մեծ ընդմիջում կա մինչև սեպտեմբերի 20-ը։ Դատարանը թույլ է տվել բացակայել Հայաստանից օգոստոսի 22-29-ը։ Նախագահ Քոչարյանն օգտվել է այդ հնարավորությունից և մեկնել։ Կվերադառնա օգոստոսի 29-ին»։

Թեպետ լրատվականն իր նյութում չի նշել, թե Ռոբերտ Քոչարյանը ո՞ր երկիր է այցելել,  սակայն Civic.am-ի տեղեկություններով՝ նա մեկնել է Աթենք։

Մենք կապ հաստատեցինք Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ՝ ճշտելու, թե ի՞նչ միջնորդություն է ներկայացվել դատարան, ի՞նչ նպատակով է երկրից բացակայում Ռոբերտ Քոչարյանը և արդյոք Աթե՞նք է մեկնել։

«Նախորդ շաբաթ երկրից ժամանակավոր բացակայելու թույլտվություն է ներկայացվել դատարան»,- պատասխանեց Հովհաննես Խուդոյանն ու հավելեց, որ երկրից բացակայելու պատճառի ու վայրի վերաբերյալ մեկնաբանություն չի կարող տալ, քանի որ չունի Ռոբերտ Քոչարյանի համաձայնությունը։