Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խանութները դատարկ են, կառավարությունից որպես օգնություն սնունդ ենք ստացել, բայց համաձայն չենք մեր անձնագիրը ցույց տալ ադրբեջանցիներին ու անցնել. Մեծ Շենի բնակիչ

Խանութները դատարկ են, կառավարությունից որպես օգնություն սնունդ ենք ստացել, բայց համաձայն չենք մեր անձնագիրը ցույց տալ ադրբեջանցիներին ու անցնել. Մեծ Շենի բնակիչ
Հասարակություն
18:56, 19 май 2023
«Հակարիի կամրջի մոտ տեղադրված ադրբեջանական անցակետում բոլորին ստուգում են՝ նույնիսկ շտապօգնության ու Կարմիր խաչի մեքենաները։ Մեր գյուղից ոչ մեկը դեռ չի անցել այդ անցակետով՝ համաձայն չենք մեր անձնագիրը ցույց տալ ադրբեջանցիներին»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մեծ Շենի բնակիչ, բուժքույր Սևան Մանջիկյանը։ 

«Խանութները դատարկ են, գոնե պետությունը կարողանա խանութների համար ապրանքներ բերել, որ կարողանանք գնումներ անել։ Չնայած գումարի խնդիրն էլ կա՝ թոշակները չեն կարողանում բերել, մարդկանց մոտ գումար չկա։ Օրինակ՝ իմ աշխատավարձը քարտին է նստում, բայց ոչ բանկոմատ կա այստեղ, ոչ էլ քարտով վճարելու հնարավորություն։ Չի լինում նաև բանկերի հավելվածներն ակտիվացնել հեռախոսով, որ գոնե այդպես վճարում անենք»,- պատմեց Սևան Մանջիկյանը։ 

Նրա խոսքով՝ մոտ երկու շաբաթ առաջ կառավարությունից որպես օգնություն սնունդ են ստացել, Միջազգային կարմիր խաչի կոմիտեն էլ հիվանդներին անհրաժեշտ դեղերի մեծ մասն է բերել: «Մեկ անձին տվել են 10 կգ ալյուր, 1 կգ շաքարավազ, 1 կգ գրեչկա, 400 գրամ կարտոֆիլի փոշի, 2 լիտր ձեթ, մեկ տուփ աղ, թեյ։ Հարևանների հետ փոխանակումներ էլ ենք անում՝ կան հարևաններ, որ պանիր են պատրաստում, մածուն ունեն, մենք էլ փոխանակվում ենք, բայց դա բավարար չէ։ Հիվանդներին անհրաժեշտ դեղերի ցուցակն էինք ուղարկել Ասկերանի հիվանդանոց, ու Կարմիր խաչն արդեն այդ դեղերի 90 տոկոսը բերել է»,- ասաց Սևան Մանջիկյանն ու դժգոհեց, որ գազ չունեն. «Գազի բալոնները դատարկ են, հոսանքին էլ չենք կարող վստահել՝ հաճախակի անջատումներ են լինում, փեչերն ենք վառում»։ 

Լիսագոր համայնքի ղեկավար Գագիկ Նասիբյանը, որն ադրբեջանական անցակետի պատճառով մնացել էր Գորիսում և միայն մի քանի օր անց էր նրան հաջողվել վերադառնալ Լիսագոր, մեզ հետ զրույցում ասաց, որ այլևս չի փորձել անցակետով անցնել։ Նրա խոսքով՝ Լիսագորի մյուս բնակիչները ևս գյուղից դուրս չեն եկել։ Մինչդեռ Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները իրենց անհրաժեշտ սնունդն ու իրերը գնում էին Գորիսից, քանի որ դեկտեմբերի 12-ից նրանց համար փակ էր  Ստեփանակերտ մեկնելու հնարավորությունը։ 

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները զրկված են Ստեփանակերտ մեկնելու հնարավորությունից՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով։ Իսկ ապրիլի 23-ից Ադրբեջանը փակել է նաև Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը և անցակետ տեղադրել։ 

Նարա Մարտիրոսյան