Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում կինոարտադրությանը տրամադրվող տարեկան բյուջեն կավելանա

Հայաստանում կինոարտադրությանը տրամադրվող տարեկան բյուջեն կավելանա
Մշակույթ
21:27, 28 декабрь 2022
Հայաստանում 2023-ին կինոարտադրությանը տրամադրվող բյուջեն կմեծանա. 128 մլն դրամ պետական աջակցության փոխարեն կտրամադրվի 470 մլն դրամ. այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

Նա ընդգծեց՝ անիմացիոն ֆիլմերի բյուջեն ևս ավելացել է: «Վերջին տարիներին տրամադրվում էր 48 մլն դրամ, իսկ 2023-ին կտրամադրվի 130 մլն դրամ: Շատ ուրախալի է, որ 2023-ին կինոժառանգությանը տրամադրվելու է 93 մլն դրամ: Երկար տարիներ տրամադրվել է ընդամենը 2 մլն 500 հազար դրամ: Սա ևս մեծ նվեր է, քանի որ ֆիլմերի վերականգնման համար մեծ գումարներ են պահանջվում»,- շեշտեց Միրզախանյանը:

Անդրադառնալով 2022-ին կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված ֆիլմերի գրանցած հաջողություններին՝ նա հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Ավրորա Մարդիգանյանի մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը Asia Pasific Screen Award մրցանակաբաշխությանն արժանացել է  «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին: Այն ընդգրկվել է Tallinn Black Nights կինոփառատոնի Baltic մրցութային ծրագրում, ինչպես նաև Ամստերդամի հայտնի  վավերագրական փառատոնի (IDFA) Best of Fests ծրագրում: Ցուցադրվել է ԱՄՆ-ում կայացած Animation is Film փառատոնի մրցութային ծրագրում՝ արժանանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

«Այս ֆիլմը հետաքրքիր ճանապարհ է  անցել: Կինոնկարի շնորհիվ ամբողջ աշխարհը կրկին սկսեց խոսել Հայոց ցեղասպանության մասին: Լրատվամիջոցներն են անդրադառնում ֆիլմին, ինչը Հայաստանի համար շատ կարևոր է»,- նշեց Միրզախանյանն ու շեշտեց՝ կինոկենտրոնը ֆինանսական աջակցություն է տրամադրում այն լիամետրաժ ֆիլմերին, որոնք համատեղ արտադրության սկզբունքով են նկարահանվում, ինչը կարևոր է և՛ բյուջեի, և՛  բովանդակության, և՛ ֆիլմի հետագա տարածման համար:

«Ավրորայի լուսաբացը» մի քանի երկրի արտադրությամբ է ստեղծվել:

Նա հիշեցրեց, որ հաջողությունների են հասել նաև «Ամերիկացին», «Ամերիկացի բարի սամարացիները», «Զուլալի» և այլ ֆիլմեր:
Անդրադառնալով կարճամետրաժ ֆիլմերին՝ Միրզախանյանն ասաց՝ վերջին տարիներին դեբյուտանտ ռեժիսորներն են սկսել կարճամետրաժ ֆիլմեր նկարահանել, ինչին նպաստել է կինոկենտրոնի՝ համատեղ արտադրության ֆիլմերին աջակցելուն միտված քաղաքականությունը: «Մենք ստեղծեցինք հարթակ, որի միջոցով ֆինանսավորում ենք երիտասարդներին, տեսնում, թե ինչ արդյունք են ապահովում նրանք: Ի վերջո, հենց երիտասարդներն են շարունակելու այն ավանդույթները, որոնք ունի հայ կինոն:  Հետաքրքիր  կարճամետրաժ կինոնկարներ են ստացվել, որոնք  հաջողություններ են գրանցել միջազգային կինոփառատոններում»,- նշեց կինոկենտրոնի տնօրենը:

Նրա խոսքով՝ պետական աջակցությամբ նկարահանված 10-ից ավելի ֆիլմեր, ինչը քիչ ցուցանիշ չէ, հայտնվել են տարբեր փառատոնների մրցութային ծրագրերում ու մրցանակներ շահել: «Վերջին երկու տարիներին ֆիլմերին  տրամադրելու համար ստացել ենք ընդամենը 128 մլն դրամ պետական աջակցություն: Այն փաստը, որ նման բյուջեի պարագայում մեր կինոարտադրողները կարողանում են գտնել համաարտադրողներ, ինչը տարիների աշխատանք է, ու հաջողել, արդեն ողջունելի է: Նրանք մեծ աշխատանք են կատարում»,- վստահեցրեց Միրզախանյանը:

Ազգային կինոկենտրոնը նպատակ ունի Հայաստանում կինոդարան ստեղծել, մեծ ինստիտուտ, որտեղ կլինի լաբորատորիա, որտեղ հայ մասնագետները կկարողանան թվայնացնել, վերականգնել ֆիլմերն ու ռեսուրսները, կապերն օգտագործելով՝ հանրայնացնել դրանք: