Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերջերս մամուլում մեծացել է ԵՊՀ-ի վերաբերյալ կեղծիք ու զրպարտություն պարունակող պատվիրված հրապարակումների թիվը. հերքման պահանջ

Վերջերս մամուլում մեծացել է ԵՊՀ-ի վերաբերյալ կեղծիք ու զրպարտություն պարունակող պատվիրված հրապարակումների թիվը. հերքման պահանջ
Գիտություն
17:58, 05 февраль 2024
ԵՊՀ ռեկտորի օգնական-մամուլի խոսնակ Քնար Միսակյանը հերքման պահանջ է ներկայացրել, որում մասնավորապես ասվում է.

Վերջերս մամուլում մեծացել է ԵՊՀ-ի վերաբերյալ կեղծիք ու զրպարտություն պարունակող պատվիրված հրապարակումների թիվը, ուստի համալսարանի համբավը բարձր պահելու նպատակով որոշել ենք հետևողական լինել ու անդրադառնալ դրանց՝ ներկայացնելով իրականությունն ու պահանջելով հերքում։

24News/BLOG լրատվական կայքում այսօր «Փաշինյանը կոմպրոմատների թղթապանակ ունի ԵՊՀ ռեկտորի մասին, կոռուպցիոն սկանդալ է հասունանում. TOGARMA» վերտառությամբ հրապարակված հոդվածը պարունակում է ոչ միայն փաստացի անճշտություններ, այլև զրպարտություն։

Հարկ չհամարելով անդրադառնալ իբր «համացանցում տարածված տեղեկությունների» ակնհայտ կեղծ փաստերին՝ նշեմ, որ հոդվածում տեղ գտած «Բանն այն է, որ Հովհաննիսյանը, միամտորեն մտածելով, թե կոռուպցիոն սխեմաները հասարական ու անվտանգ գործեր են, մանավանդ, երբ կիսվում ես իշխանության հետ, մի քիչ համը հանել է իր ախորժակի հարցում և կարծել է, թե եթե թույլատրել են, ուրեմն և հետևանքներ չի լինի» ձևակերպումն ակնհայտորեն զրպարտում ու արատավորում է ոչ միայն ԵՊՀ ռեկտորի, այլև համալսարանի պատիվն ու համբավը։

«Սկսենք այն կետից, որ կարճ ժամանակահատվածում ինքը կազմակերպել է ԵՊՀ անունից մեկ անձով բազմաթիվ գնումներ, ընդ որում, գնումներն այնքան շատ են, որ անգամ ամենաբութ քննիչի համար դրանք կոռուպցիոն կարմիր լույսեր են»։ Այս ձևակերպումը նույնպես զրպարտություն է, քանի որ ԵՊՀ անունից մեկ անձից գնման գործընթաց, այն էլ բազմաթիվ անգամ, չի կազմակերպվել։ Կազմակերպվելու դեպքում էլ դրանք իրականացվել են օրենքին համապատասխան:

«Եթե կարճ, ԵՊՀ-ն մրցույթ է անցկացրել՝ կառուցելու Դիլիջանի համալսարանական հողի վրա 10 քոթեջներ, մրցույթին մասնակցել են երեք ընկերություններ, այն հաղթել է ընկերություն 1.5 մլրդ դրամի առաջարկով, իսկ դա նշանակում է 150 մլն դրամ  կամ 370 հազար դոլար յուրաքանչյուր քոթեջի համար։ Նշենք, որ դրանք ուղղակի քոթեջներ են՝ առանց ներքին հարդարանքի։ Բայց դա, ինչպես ասում են, ծաղիկներ են դեռ, հետաքրքիրն այն է, որ ըստ մեր տեղեկության բոլոր երեք ընկերությունները դե ֆակտո պատկանել են մի մարդու և, ի վերջո, կոռուպցիոն սխեմաներով կապված են ռեկտորի հետ։ Փաստացի, ամբողջ մրցույթը ձևական է եղել մի ընկերության հաղթանակի համար»։ Եթե կարճ, ապա այս պարբերությունում տեղ գտած ձևակերպումները ոչ մի կապ չունեն իրականության հետ։

Նախևառաջ Դիլիջանի հանգստյան գոտում այժմ շինարարական աշխատանքներ չեն իրականացվում։ Կառուցման աշխատանքների գնման գործընթացն իրականացվել է բաց մրցույթի ընթացակարգով, իսկ հնարավոր մասնակիցներ ներգրավելու համար այն ապահոված է եղել մրցակցության հավասար պայմաններով։ Գնման գործընթացին մասնակցել է 4 կազմակերպություն։
 
Նախահաշվային գնման գինը կազմել է 1 մլրդ 386 մլն 164 հազար 840 դրամ, իսկ հաղթող կազմակերպության առաջարկը կազմել է 1 մլրդ 198 մլն 329 հազար 507 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)։ Գնման գործընթացը կազմակերպվել է հետագայում ֆինանսական միջոցների հատկացման պայմանով։

Ի դեպ, առաջարկված գումարը չի հատկացվելու միայն քոթեջների կառուցմանը, այն նախատեսված է նաև 2.7 հա մակերեսով տարածքում հողային, ջրահեռացման, կոյուղիների կառուցման, հարդարման և այլ աշխատանքների, ինչպես նաև ճարտարապետաշինարարական, սանտեխնիկական, ջերմատեխնիկական, էլեկտրատեխնիկական ու բարեկարգման նյութերի ձեռքբերման համար, այսինքն՝ գումարը բաժանելով քոթեջների քանակի վրա՝ չի ստացվում մեկ քոթեջի արժեքը։ Ուստի ձևակերպումը, մեր գնահատմամբ, պարզապես մանիպուլացում է:

Իսկ «բոլոր երեք ընկերությունները դե ֆակտո պատկանել են մի մարդու և, ի վերջո, կոռուպցիոն սխեմաներով կապված են ռեկտորի հետ» ձևակերպումը ոչ միայն մտացածին է, այլև զրպարտություն՝ ուղղված ԵՊՀ ռեկտորին։

Ելնելով վերոշարադրյալից՝ «24news.am» լրատվական կայքին առաջարկում ենք հրապարակել հերքում՝ համաձայն ՀՀ զանգվածային լրատվության մասին օրենքի 8-րդ հոդվածի պահանջների կամ հեռացնել նյութը։ Առաջարկները չընդունվելու դեպքում ԵՊՀ-ն կնախաձեռնի վեճը դատական կարգով լուծելու գործընթաց։ Բացի դրանից՝ հորդորում ենք պահպանել գործընկերային հարաբերությունները և հարցում ուղարկել նյութի հրապարակումից առաջ, այլ ոչ թե հետո։