Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիրե՛ք կրթությունը, տասնապատկե՛ք ձեր կարողությունները, ձգտե՛ք ձեր ընտրած ոլորտում անել առավելագույնը. Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձը

Սիրե՛ք կրթությունը, տասնապատկե՛ք ձեր կարողությունները, ձգտե՛ք ձեր ընտրած ոլորտում անել առավելագույնը. Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձը
Գիտություն
10:51, 01 сентябрь 2021
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, կրթության ոլորտի պատասխանատուներ,

Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ: Դարեր շարունակ գիրն ու դպրությունը մեր գոյության հիմքերից են եղել, իսկ այսօր գիտելիքն ի նպաստ պետականաշինությանը, հայրենիքի հզորությանը ծառայեցնելու, աշխարհին պատշաճ ներկայանալու ժամանակն է: Մենք զարգացման և բարգավաճման մեկ ճանապարհ ունենք՝ կրթությունը, կրթությամբ՝ հայրենասիրությունն ու աշխարհաճանաչությունը: Այժմ մենք կրթական ոլորտի բարեփոխումների փուլում ենք: Բարեփոխումներ, որոնք միտված են յուրաքանչյուր սովորողից հայրենասեր անհատի, օրինապահ քաղաքացու, արհեստավարժ մասնագետի կերտմանը. վստահ եմ՝ միասին կհաջողենք:

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, վերջին մեկ տարին սթափեցման, արժեքների վերանայման, մեր արածն ու անելիքը նորովի վերլուծելու դժվարին ճանապարհ էր: Սիրե՛ք կրթությունը, տասնապատկե՛ք ձեր կարողությունները, ձգտե՛ք ձեր ընտրած ոլորտում անել առավելագույնը: Թո՛ղ նոր ուսումնական տարին ձեզ տոգորի նոր հույսերով, ուսումնատենչ ոգով ու աննկուն ջանասիրությամբ, որպեսզի գիտելիքն ու իմացությունը, հոգևոր և բարոյական արժեքները շարունակաբար առանցքային և հիմնարար լինեն մեր ժողովրդի կյանքում:

Հարգարժա՛ն մանկավարժներ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ դժվարին օրերը միասին հաղթահարելու, առկա մարտահրավերների առաջ չընկրկելու և բազմապատիկ նվիրումով աշխատելու համար: Պետությունը ձեր կարիքը շատ ունի. դուք եք մատաղ սերնդին, երիտասարդներին սիրելի դարձնում կրթությունն ու մշակույթը, արվեստն ու գիտությունը, արհեստն ու սպորտը: Այժմ՝ առավել քան երբևէ, մեկտեղե՛ք ձեր ջանքերը. յուրաքանչյուր ներդրում կարևոր է պետության զարգացման համար: Բարձր պատասխանատվությամբ իրականացնենք մեր առաքելությունը և կերտենք մեր երազած հայրենիքը: 

Թո՛ղ նոր մեկնարկող ուսումնական տարին լինի լույսի և բարության ճանապարհ…»,-ասված է ուղերձում։