Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է. էներգետիկ ենթակառուցվածքները զանգվածային հրթիռակոծության են ենթարկվել

Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է. էներգետիկ ենթակառուցվածքները զանգվածային հրթիռակոծության են ենթարկվել
Աշխարհ
10:58, 22 март 2024
Ռուսական բանակը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային: Մարտի լույս 22-ի գիշերը  երկրի ողջ տարածքում  հայտարարվել է օդային տագնապ։

Ուկրաինայի էներգետիկայի  նախարար  Գերման Գալուշենկոն  ռուսական հարվածն  անվանել է վերջին  ժամանակների  ամենամեծ հարձակումն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ «Նպատակը ոչ թե պարզապես վնասելն է, այլ, ինչպես անցած տարի, առաջացնել երկրի էներգետիկ համակարգի լայնածավալ խափանում»,- գրել է նախարարը Ֆեյսբուքում։ 
Նախարարի խոսքով՝ տարբեր հատվածներում կան հարվածներ և վնասներ գեներացիայի օբյեկտների, հաղորդման և բաշխման համակարգերի վրա։ Մի շարք մարզերում հոսանքազրկումներ կան:

Խարկովում ռուս զինվորականներն ավելի քան 15 հարված են հասցրել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Քաղաքը գործնականում ամբողջությամբ մնացել է առանց էլեկտրականության և ջրամատակարարման։

Զապորոժիեում ռուս զինվորականները 12 հրթիռային հարված են հասցրել, հայտարարել է մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։ Նախնական տվյալներով՝ ավերվել է յոթ տուն, ևս 35-ը վնասվել է։ Կան վիրավորներ: Անջատման եզրին է հայտնվել նաև Զապորոժիե ԱԷԿ-ը: 

Z-ալիքները հաղորդում են Դնեպրի հիդրոէլեկտրակայանը հարվածելու մասին: Ռուսական հրթիռը ընկել է տրոլեյբուսի վրա, որը շարժվում էր Դնեպրի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի երկայնքով, ասել է Մարիուպոլի օրինական քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշչենկոն։ Նրա խոսքով՝ տրոլեյբուսում խաղաղ մարդիկ են եղել, ովքեր աշխատանքի էին գնում: