Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դուք եք որոշել, որ ղարաբաղցիները հավակնում են որևէ այլ քաղաքացիության, բացի Ադրբեջանի քաղաքացիությունից». Լավրովը՝ Պուտին-Փաշինյան զրույցի մասին

«Դուք եք որոշել, որ ղարաբաղցիները հավակնում են որևէ այլ քաղաքացիության, բացի Ադրբեջանի քաղաքացիությունից». Լավրովը՝ Պուտին-Փաշինյան զրույցի մասին
Աշխարհ
11:26, 29 март 2024
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում խոսել է 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Երբ մարդիկ սկսեցին հեռանալ Ղարաբաղից, Փաշինյանը Պուտինին հարցրեց. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, իսկ ինչո՞ւ ղարաբաղցիներին կարծես թողեցիք բախտի քմահաճույքին», ինչին ՌԴ նախագահը պատասխանեց. «Ներեցեք, Աստծու սիրուն, դա դուք եք որոշել, որ նրանք այլևս քաղաքացիներ չեն կամ հավակնում են որևէ այլ քաղաքացիության, բացի Ադրբեջանի քաղաքացիությունից»,- ասել է Լավրովը։ 

Նրա խոսքով՝ երբ Պրահայում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, փաստաթուղթ ստորագրվեց այն մասին, որ Ղարաբաղը Ադրբեջան է, Ռուսաստանին ոչ ոք տեղյակ չպահեց։

«Այնուհետև Պուտինը հերթական հանդիպմանը Փաշինյանին ասաց. «Մենք զարմացանք, որ դուք այդպես որոշեցիք»։ Ոչ մի բացատրություն չեղավ, քանի որ Փաշինյանը մեզ միշտ խնդրում էր չմոռանալ, որ վերջին երեք տարիների ջանքերին զուգահեռ ինչ-որ կերպ պետք է կարգավորել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և մենք դրանով զբաղվում էինք: Բայց երբ նա ինքը ստորագրեց, որ այդ տարածքը Ադրբեջանի մաս է, կարգավիճակի հարցը վերացավ»,- հավելել է Լավրովը: